Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Զենքը զենքի դեմ, արվեստը` արվեստի. ոչ մի ոլորտ չպետք է խեղճ թողնենք»

«Զենքը զենքի դեմ, արվեստը` արվեստի. ոչ մի ոլորտ չպետք է խեղճ թողնենք»
04.04.2016 | 23:12

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 2016-ի առաջին մամուլի ասուլիսը տեղի ունեցավ Բյուրականի արվեստի ակադեմիայում: Լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստների պալատի նախագահ և գեղարվեստական ղեկավար Փոլ Դուջարդինը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«ՈՒրախ ենք ձեզ բոլորիդ հյուրընկալել ակադեմիայում: Սա մեր բոլորի տունն է` ստեղծված լուրջ արվեստների համար, և այդ առումով որևէ բացթողում չենք արել, փորձել ենք պահպանել ամենաբարձր մակարդակը,- ասաց փառատոնի նախագահ, կոմպոզիտոր ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ, նշելով, որ հանդիպումը Փոլ Դուջարդինի հետ մեծ պատիվ է, քանի որ նա արվեստի մեծ գիտակ է:- Մեր հարստությունն աշխարհում մեր ընկերներն են, և մենք, հանձին Փոլի, ունեցանք ևս մեկ ընկեր: Այսօր նաև իմ ծննդյան օրն է, ռեալ տարիքս 60 է, բայց խոստովանում եմ, որ ինձ համար դա մի անսպասելի փաստ է. ես շատ ավելի երիտասարդ եմ` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Բայց ուրախությունը միախառնված է մտահոգությամբ: Մենք մեր ժողովրդի հետ ենք, մի մասն եք ժողովրդի, իմ մտահոգությունը Արցախն է: Ցավոք, մեր հարևանի հետ այդպես էլ մարդկային լեզու չգտանք, միակ տարբերակը բռնի ուժն է, զենքը, որ մեր ազգին հարիր չէ, բայց մեզ ամեն անգամ ստիպում են զենք բարձրացնել»:
Երաժիշտը վստահ է, որ Աստծո կամքով միշտ պահպանվել ենք ու կպահպանվենք մշտապես, որովհետև մեր խնդիրը բարձր արվեստ, մշակույթ ստեղծելն է, ոչ թե մեկից մի բան խլելը: Նրա խոսքով` մենք մեր երկրի, մեր հողերի տերն ենք: Նա իր օրհնությունն ու բարի ցանկությունը հղեց երիտասարդներին, որ այսօր կռիվ են տալիս սահմանի վրա: «Զենքը զենքի դեմ, արվեստը` արվեստի. ոչ մի ոլորտ չպետք է խեղճ թողնենք: Այսօր արվեստի տոն է: Մենք հավատարիմ պետք է լինենք մեր ստեղծած արվեստին»,- եզրափակեց Ստեփան Ռոստոմյանը:
Ասուլիսին հաջորդեցին «Հայաստան-ԵՄ Արևելյան համագործակցության շրջանակներում» թեմայով քննարկումը և Փոլ Դուջարդինի հանդիպումը հայ մտավորականության և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Ներկայացվեցին փառատոնի առաջիկա ծրագրերը, անդրադարձ կատարվեց փառատոնի ակադեմիայի հիմնադրման մեկ տարվան, ինչպես նաև ներկայացվեցին փառատոնի միջազգային համագործակցության արդյունքները և ռազմավարությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ