Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Մնջախաղը մշտապես արթուն է պահում միտքդ, անընդհատ մտածում ես, փնտրում»

«Մնջախաղը մշտապես արթուն է պահում միտքդ, անընդհատ մտածում ես, փնտրում»
12.04.2016 | 01:26

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա-Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ: Այն ներառված էր «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է հանձնախմբի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ: Հարկ է նշել, որ 2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր Ժիրայր Դադասյանի «Այբուբեն» նախագիծը:
Զրուցակիցս ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆՆ է:


-Ըստ Ձեզ` այդ ներկայացման մեջ հատկապես ի՞նչն է գրավել մասնագիտական հանձնախմբին:
-Շարժումը, գաղափարը: «Անհայտ ժամանակների մարդը» ներկայացումը համանուն գրքիս հիման վրա եմ բեմադրել, որտեղ ընդգրկված յոթ տարբեր պատումների հիմքում մարդն է:
-Խոսքը մե՞ր ժամանակների մարդու մասին է:
-Բոլոր ժամանակների: Ես միշտ մտածում եմ, թե ո՞ւր է գնում մարդը: Այդ անհանգստությունը եղել է բոլոր ժամանակներում, հիմա, գուցե, ավելի շատ:
-Մնջախաղն ավելի շատ հոգո՞ւ, թե՞ մարմնի արվեստ է:
-Չեմ կարող առանձնացնել, եթե հոգի չլինի, դու ոչինչ չես կարող տալ հանդիսատեսին, ուղղակի մարմինդ կշարժվի բեմում ու ոչինչ չի ասի: Պիտի վերապրես այն, ինչ խաղում ես: Թե՛ բեմում, թե՛ կյանքում մարդն ապրում է, և երկու դեպքում էլ պետք է անկեղծ լինի, որ ապրածը դատարկ շարժ չդիտվի:
-Ճի՞շտ եմ նկատել, որ միստիկ, աբստրակտ մի բան կա մնջախաղային ներկայացման մեջ:
-Այո, ինչ-որ խորհրդավորություն կա: Մնջախաղը ինքնաճանաչողություն է, նաև աշխարհը, բնությունը ճանաչելու հնարավորություն: Զգում ես բնության ամեն մի մասնիկը, նույնանում, միաձուլվում ես բնության հետ, որովհետև ոչ միայն մարդ ես խաղում բեմում, այլև կարող ես տարբեր կենդանիներ, բնության երևույթներ կերպարանավորել և խորությամբ ուսումնասիրել այդ ամենը:
-Ձեր արվեստը գրավում է նաև լռությա՞մբ: Ժամանակակից աշխարհում շատ է աղմուկը, ինֆորմացիոն հոսքը:
-Այո, մյուս կողմից` լռության մեջ շատ ավելին կարող ես տեսնել, լռության մեջ ավելի շատ խոսք կա, քան բառերի մեջ:
-Կյանքում է՞լ է այդպես:
-Կյանքում` ոչ: Երբեմն շատ դժվար է խոսքդ տեղ հասցնելը:
-Մասնագիտությունը բնավորություն է ձևավորում: Ինչպիսի՞ն է մնջախաղացը կյանքում:
-ՈՒսումնասիրում ես մարդկանց ամեն քայլը, շարժումը, մնջախաղը մշտապես արթուն է պահում միտքդ: Անընդհատ մտածում ես, փնտրում:
-Դուք նաև գրում եք: Գրականության հիմքում խոսքն է: Այդ կերպ լրացնո՞ւմ եք խոսքի պակասը:
-Ոչ, ինձ համար շատ խորթ կլիներ բեմում խոսելը: Ես թատրոն եկա իմ կյանքի այն ժամանակահատվածում, երբ դա ինձ շատ էր պետք: Ես սովորում էի ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և եկել էի այս թատրոն հարցազրույց վերցնելու: Բայց այն, ինչ տեսա, ինձ շատ գրավեց: Կարելի է ասել՝ պատահական ընտրեցի մնջախաղացի մասնագիտությունը: Մնջախաղն ինձ առաջարկեց այլընտրանքային տարբերակ: Սա կարծես ուրիշ կյանք է` հայելուց այն կողմ: Այստեղ ես գտա իմ հանգստությունը: Գտա ինքս ինձ:
-Մնջախաղի առավելություններից մեկն էլ այն է, որ թարգմանության խնդիր չկա: Հաճա՞խ եք արտասահմանում հյուրախաղեր ունենում, և ինչպիսի՞ն է դրսի հանդիսատեսի արձագանքը:
-Հետաքրքիր է այն, որ կարծիքները, մեկնաբանությունը, ընկալումը շատ տարբեր են, բայց այն, որ բոլորին հուզում է մեր արվեստը, անկասկած է:


-Մեր ժողովուրդը սիրո՞ւմ է մնջախաղը:
-Կարծում եմ`այո:
-Մնջախաղի թատրոնը մասսայականություն վայելո՞ւմ է, թե՞ նեղ շրջանակի հանդիսատեսի համար է:
-Կիրթ հանդիսատեսի համար է` ինչպես սիրում է ասել մեր գեղարվեստական ղեկավարը: Ինձ թվում է` բոլորի համար է, մեկ անգամ տեսնողը կսիրահարվի այս արվեստին:
-Դուք մի առիթով ասել եք, որ նախապատվությունը տալիս եք իմպրովիզացիոն ներկայացումներին: Այսինքն, ոչ մի ներկայացում մյուսին նման չէ՞, իսկ գաղափարը, ասելիքը չե՞ն փոխվում այդ իմպրովիզների արդյունքում:
-Մատուցման ձևն է փոխվում, շարժումները: Կերպարը կամ գաղափարը չի փոխվում, հարստանում է:
-Գրում եք նաև մանուկների համար: Ինչպիսի՞ն պետք է լինի «մանկական» ստեղծագործությունը:
-Պետք է գրել իրենց լեզվով, ժամանակին համահունչ, մատչելի, բայց խոր ենթատեքստով: Մանկական ստեղծագործություններում կարևորում եմ հումորը, երևակայությունը, ինչը շատ են սիրում երեխաները:
-Մանկական գրքերը մեծ պահանջարկ են վայելում: Քայլեր արվո՞ւմ են, որ ժամանակակից հեղինակների գործերը հայտնի ու սիրելի դառնան` գրավելով ընթերցողի ուշադրությունը:
-Իհարկե, ես համագործակցում եմ «Զանգակ» հրատարակչության հետ, նրանք երեխաների համար «Ամառային ընթերցանություն» և այլ միջոցառումներ են կազմակերպում, նոր հրատարակած գրքերը ներկայացնում են դպրոցներում: Մեծ թվով երեխաներ են ընթերցում գիրքդ, ինչը շատ հաճելի է: Գրողը չի կարող ինքն իրեն ներկայացնել: Դա այլ աշխատանք է:
-Ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Զուգահեռ գրում եմ երկու տարբեր գրքեր` մեծահասակ և փոքրահասակ ընթերցողի համար:
-Կտեսնե՞նք դրանք նաև բեմում` ներկայացման ձևով:
-Չեմ բացառում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարները՝ Արամ ՀՈՎԱԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 1558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ