Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Եկ Արցախ». Արցախյան շրջագայությունների մեկնարկը տրված է

«Եկ Արցախ». Արցախյան շրջագայությունների մեկնարկը տրված է
31.05.2016 | 13:53

Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆլեշ մոբ է նախաձեռնել, որի շրջանակում կոչ է անում մեր հայրենակիցներին նկարահանվել Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանիշի հետ և կոչ անել ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: «Եկ Արցախ» խորագիրը կրող ֆլեշ մոբը յուրատեսակ զորակցում է Արցախին:

«Իրատեսը» թեմայի շուրջ զրուցեց էքսկուրսավար ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ և «One way tour» տուրիստական գործակալության տնօրեն ՄԱԹԵՎՈՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ: Դավիթ Գրիգորյանը դեպի Արցախ եռօրյա զբոսաշրջային շրջագայություն է կազմակերպում ամռան ամիսներին: Սովորաբար տարին 5-7 այց է կազմակերպում: Փաթեթը մեկնարկում է մայիսից: Այս տարի եղանակային և այլ խնդիրների պատճառով Արցախ չեն մեկնել, բայց լիահույս է, որ Արցախը զբոսաշրջային ծրագրից դուրս չի մնա: «Քառօրյա պատերազմը ոչինչ չի փոխել, գնալու ցանկությունը մեծ է: Ասեմ, որ շատ օրհնված ու շատ պահանջված էքսկուրսիա է»,- ընդգծեց էքսկուրսավարը:


«One way tour» տուրիստական գործակալությունը անցյալ տարի գրեթե ամեն շաբաթ շրջագայություն է ունեցել դեպի Արցախ: «Փաթեթը գործում է մարտից մինչև հոկտեմբեր: «Անցյալ տարի մոտ 7 հազար մարդ ենք սպասարկել, որոնցից շուրջ 700-ը մեկնել են Արցախ»,- ասաց Մաթևոս Բարսեղյանը, նշելով, որ մինչև վերջին դեպքերը տարեցտարի հետաքրքությունը մեծանում էր: Քառօրյա պատերազմը խախտել է բնականոն հունը: Մարտից հետո դեպի Արցախ էքսկուրսիա չեն ունեցել: Մեկ-երկու էքստրիմի սիրահար արտասահմանցի զբոսաշրջիկներ են դիմել գործակալություն` Արցախ մեկնելու համար: Նրանց շրջագայությունը գործակալությունը կազմակերպել է:


«One way tour» միացել է «Եկ Արցախ» ֆլեշ մոբին: Առաջիկա էքսկուրսը նախատեսվում է հունիսի 3-ին: Տնօրենն ասաց, որ դեռ զանգեր չկան:
Քառօրյա պատերազմից հետո կարծես մեծ հոսք եղավ դեպի Արցախ: Թեև այն ժամանակ ինքնանկարները չէին խրախուսվում: Մեր այդ դիտարկման հետ զրուցակիցս չհամաձայնեց, ասաց, որ մի փոքր հատված էր հետաքրքրությունից կամ հայրենասիրական նկրտումներիվ ելնելով գնում ինչ-որ բան անելու: Մեծ հոսք որպես այդպիսին չի եղել: Արտակ Բեգլարյանի նախաձեռնությունը դրական է գնահատում, կարծում է, որ եթե մարդիկ տեսնեն հոսք կա դեպի Արցախ, շատերը գնում են, նկարվում, կհամոզվեն, որ խաղաղ է, և հնարավոր է իրենք էլ միանան ֆլեշ մոբին:


«Ինքնաբո՞ւխ էր ֆլոշ մոբի նախաձեռնությունը, թե՞ կար անհրաժեշտություն»` հետաքրքրվեցինք ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ: «Թե մեկը կա, թե մյուսը, ինքնաբխությունը երևան է գալիս անհրաժեշտությունից»,- ասաց Արցախի վարչապետի մամուլի խոսնակը: «Նախաձեռնության հիմքում ավելի շատ նյութակա՞ն, թե՞ բարոյական զորակցումն է Արցախին» հարցին ի պատասխան ասաց. «Նյութական, որպեսզի ռազմական գործողությունները բացասաբար չանդրադառնան սպասարկման ոլորտի վրա: Իսկ բարոյական տեսանկյունից այդ այցը միասնականություն, աջակցություն ցույց կտա ողջ հայության կողմից, ինչպիսին տեսանք ապրիլյան օրերին: Բացի այդ, շատերը, ովքեր Արցախում չեն եղել, հնարավորություն կունենան ավելի անմիջականորեն ճանաչելու, որի արդյունքում ավելի սրտացավ կլինեն Արցախի խնդիրների հանդեպ: Անձամբ ինձ շատ մարդիկ ասում են, որ գալու են ընտանիքներով, խմբերով, գործընկերներով, մի քանի կազմակերպություններ որոշել են իրենց ամենամյա հանդիպումները, ֆորումները կազմակերպել Արցախում: Ֆլեշ մոբը բավական մեծ տարածում է գտել, բնականաբար, բոլոր արձագանքներից տեղյակ չեմ և չեմ կարող հստակ թիվ ասել»:
«Զբոսաշրջային կազմակերպություններում կարծես արցախյան շրջագայությունների մեկնարկը դեռ չի տրվում, գուցե, այնումենայնիվ, մարդիկ խուսափո՞ւմ են «հանգստի» այդ ձևից» հարցին անդրադառնալով` Արտակ Բեգլարյանը նկատեց. «Հաշվի առեք, որ շատերը Արցախ կգան առանց զբոսաշրջային գործակալության»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ