Վերջին ժամանակներս, ըստ որոշ լրատվամիջոցների, Հայաստանի առևտրային բանկերն «աննախադեպ» շահույթներ են ստանում, որոնք մեծացնում են մարժան, այսինքն, ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև տարբերությունը: Արդյոք դա այդպե՞ս է: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։
-Սկսենք յուրաքանչյուրի համար ամենապարզից և հասկանալիից,- ասաց պարոն Ճզմաչյանը:- Երկրում ոչ այնքան բարենպաստ ընդհանուր տնտեսական իրավիճակի պայմաններում պարզապես անհնար է պատկերացնել զարգացող բանկեր, որոնց վրա այս իրավիճակն ուղղակիորեն բացասաբար չանդրադառնար: Այսպես, առևտրային բանկերի վարկային պորտֆելների վճարունակության անկման հետևանքով ավելանում է, այսպես կոչված, չաշխատող վարկերի, ինչպես նաև երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը: Առաջին դեպքում տասնյակ միլիարդավոր «սառեցված» դրամների ամբողջ բեռը բանկերը վերցնում են իրենց վրա, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է նրանց ֆինանսական ցուցանիշների վրա: Ինչ վերաբերում է երկարաձգված վարկերին, այս դեպքում բանկերը գնում են հաճախորդներին ընդառաջ՝ ինքնակամ հրաժարվելով համապատասխան շահույթից, դրանով իսկ հնարավորություն և ժամանակ տալով վարկառուներին հաղթահարելու վարկերի մարման հետ կապված դժվարությունները:
Համաձայնեք, շատ դժվար է հավատալ այն ենթադրությանը, որ բանկերն այսօր գերշահութաբեր են՝ դրանցից շատերի վնասով գործելու հաղորդագրությունների ֆոնին: Այսպես, նախորդ տարի վնասով աշխատել են 6 առևտրային բանկեր (2015 թ. 4-րդ եռամսյակ՝ 8 բանկեր), իսկ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում՝ 5 առևտրային բանկեր: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանում գործում են ընդամենը երկու տասնյակ առևտրային բանկեր, ապա վնասով աշխատող բանկերի տեսակարար կշիռը կազմում է 25 %-ից ոչ պակաս, այսինքն, բանկերի մեկ քառորդը վերջին 1,5 տարվա ընթացքում ընդհանրապես չի ապահովել շահույթի ստացում: Իհարկե, բանկերը իրացվելի են և ունեն հնարավորություն տնտեսությունը լայնածավալ վարկավորելու, բայց ոչ միշտ՝ իրենց շահույթի հաշվին:
Ի՞նչ գերշահույթների մասին է խոսքը, եթե 2015-ի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է ընդամենը 3,62 %, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)՝ 0,56 %:
-Բայց, ըստ 2015-ի վերջից մինչև 2016 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում ավանդների և վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, ավանդների գծով տոկոսադրույքները կտրուկ նվազել են, իսկ վարկերի գծով՝ ընդհակառակը, կտրուկ աճել են, ինչը նշանակում է մարժայի մեծացում, ինչի հաշվին էլ հենց եկամուտ են վաստակում առևտրային բանկերը:
-Այս առումով կարելի է ասել, որ ավանդների և վարկերի միջինացված տոկոսադրույքների համեմատությունը կոռեկտ չէ: Իհարկե, համեմատել կարելի է ամեն ինչ, սակայն, տվյալ պարագայում որքա՞ն են ճիշտ այս ենթադրությունները, չէ՞ որ և՛ ավանդները, և՛ վարկերը դասակարգվում են ըստ ժամկետայնության, ֆիզիկական և իրավաբանական անձանց, դրամով և արտարժույթով: Ընդ որում, յուրաքանչյուր դասակարգում ունի իր միջին տոկոսադրույքը: Իսկ ֆիզիկական անձանց գծով հիպոթեքային վարկերն ընդհանրապես դիտարկվում են առանձին, այդ իսկ պատճառով պարզապես անթույլատրելի է դուրս բերել հիպոթեքային և, ենթադրենք, սպառողական վարկերի միջին ցուցանիշը, առավել ևս անթույլատրելի է ավանդների և վարկերի բոլոր տեսակների «միավորումը մեկ խմբի մեջ»:
Այսպես, ունենալով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, կապված վերը թվարկված բոլոր տեսակի ավանդների և վարկերի տոկոսադրույքների հետ, փորձենք ճշգրիտ համադրել դրանք միմյանց հետ 2015-ի դեկտեմբերի և 2016-ի ապրիլի դրությամբ, ինչպես դա արել են որոշ ԶԼՄ-ներ, սակայն վերցնելով միայն մեկ միջին տոկոսադրույք ավանդների բոլոր տեսակների և մեկ միջին տոկոսադրույք վարկերի բոլոր տեսակների համար:
Նշված ժամանակահատվածում ավանդների գծով տոկոսադրույքները իսկապես նվազել են, այսինքն, բանկերը սկսել են ավելի քիչ վճարել բնակչությանը և իրավաբանական անձանց՝ նրանց ներդրած միջոցների դիմաց: Չնայած այստեղ կան նաև բացառություններ: Օրինակ, 1 տարուց ավելի ժամկետով իրավաբանական անձանց ԱՄՆ դոլարով ավանդների գծով տոկոսադրույքները, ընդհակառակը, աճել են 4 %-ով (2015-ի դեկտեմբերի 6,4 %-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլը կազմելով 10,4 %): Եվ երկրորդ, մինչև մեկ տարի և մեկ տարուց ավելի ժամկետով ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տոկոսադրույքները նվազել են ոչ էականորեն, համապատասխանաբար՝ 0,2 և 0,3 %-ով: Այսպիսի արդյունքներով, հավատացեք, մեծ գումարներ հնարավոր չէ աշխատել:
-Իսկ ո՞րն է այդ փոփոխությունների պատճառը:
-Վերը նշված ցուցանիշներն ունեն օբյեկտիվ բնույթ՝ կապված ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային բազայի փոփոխության հետ՝ պայմանավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ կատարված ավանդային վճարումների ծավալներով, պահուստային նորմատիվներով և այլն: Բացի այդ, ավանդների գծով տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը կապված է ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան առևտրային բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափի բարձրացման հետ, ինչի արդյունքում Հայաստանի բանկային համակարգ կհոսի լրացուցիչ շուրջ 300 մլն դոլար, որի կեսից ավելին արդեն իսկ համալրվել է: Ավելի պարզ ասած, բանկերի կապիտալի ավելացմանը զուգընթաց տեղի է ունենում դրամական միջոցների ներգրավման պահանջարկի նվազում, որի արդյունքում էլ համապատասխանաբար կրճատվում են ավանդների գծով տոկոսադրույքները:
-Իսկ եթե անդրադառնանք վարկերի տոկոսադրույքների՞ն:
-Ինչ վերաբերում է վարկերին, ապա պետք է նշել, որ համաձայն որոշ ԶԼՄ-ների, դրանց գծով սահմանված տոկոսադրույքները, ավանդների տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ, «բավականին բարձրացել են»: Իրականում, ֆիզիկական անձանց համար մինչև մեկ տարի ժամկետայնությամբ վարկերի տոկոսադրույքները (այդպիսի վարկերը գերակշռող են, և դրանք ստանում է բնակչության այն զանգվածը, որի մասին այդպես մտահոգված գրում են ԶԼՄ-ները), ըստ էության, չեն փոփոխվել՝ դրամով վարկերը գտնվել են նույն մակարդակի վրա (21,6 %), իսկ դոլարով վարկերը ավելացել են ընդամենը 0,2 %-ով (14-14,2 %): Ինչ վերաբերում է նույն վարկերին, բայց արդեն իրավաբանական անձանց համար, ապա պետք է նշել, որ դրամական արտահայտությամբ դրանք իսկապես ավելացել են 1,5 %-ով (դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ այդ վարկերը ոչ մի կապ չունեն բնակչության հետ, այսինքն՝ տրամադրվում են միայն կորպորատիվ վարկառուներին), իսկ ահա դոլարով վարկերի տոկոսադրույքները նվազել են մինչև 1,4 %:
Մեկ տարուց ավելի ժամկետայնությամբ վարկերի տրամադրման դեպքում իրավիճակը միանշանակ ակնհայտ չէ, ինչպես դա թվում է առաջին հայացքից: Այսպես, իրավաբանական անձանց համար դրամով արտահայտված վարկերի տոկոսադրույքները ավելացել են 0,6 %-ով, իսկ դոլարով արտահայտված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,5 %-ով: Իսկ ամենակարևորն այն է, որ ֆիզիկական անձանց դեպքում տոկոսադրույքները (այսինքն, հենց այն բնակչության համար, որի ճակատագրով այդքան անհանգստացած են որոշ ԶԼՄ-ներ) ամբողջովին նվազել են, ընդ որում, ինչպես դրամով (0,5 %-ով), այնպես էլ արտարժույթով (0,8 %-ով):
Եվ, վերջապես, խոսենք հիպոթեքային վարկերի մասին: Այսպես, դրամով վարկերի դեպքում հիպոթեքը իսկապես մի փոքր թանկացել է (12,3 %-ից 13,0 %), ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում, ընդհակառակը, էժանացել է (13,4 %-ից՝ 13,2 %):
-Իսկ ի՞նչ եք կանխատեսում վարկերի տոկոսադրույքների առնչությամբ:
-Ներկա պահին շարունակվում է վարկավորման գործընթացը, ելնելով նախկինում ներգրավված միջոցների բարձր տոկոսադրույքներից, բայց առաջիկայում վարկերի գծով տոկոսադրույքները ևս կնվազեն, քանի որ բանկերը այս դեպքում արդեն հիմք կընդունեն ավանդների իջեցված տոկոսադրույքները: Այդ ամենի վրա իր ազդեցությունը կունենա վերը նշված բանկային կապիտալի ավելացումը:
Հուսով ենք, որ անհրաժեշտություն չկա ոչ մեկին համոզելու նաև այն բանում, որ առևտրային բանկերը օգնում են հազարավոր բնակիչների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ոչ միայն հաղթահարելու իրենց ժամանակավոր ֆինանսական դժվարությունները, այլև ստանալու ոչ քիչ, բավականին հուսալի և կայուն եկամուտ բանկում պահվող իրենց խնայողություններից: Վերջիններս, չգիտես ինչու, չեն բողոքում տոկոսների վճարման դեպքում ո՛չ օբյեկտիվ տնտեսական խնդիրների, ո՛չ էլ վարկառուների մի մասի անվճարունակության համար: Նրանք ուղղակի աշխատում են՝ փորձելով կանոնավոր կերպով իրականացնել երկրի տնտեսական համակարգի «արյունատար անոթների» իրենց առաքելությունը:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ