ԼՈՒՍԻՆԵ ՊԱՊՈՅԱՆԻ «Ռադիոլա» խաղարկային կարճամետրաժ Ֆիլմը ներկայացնում է 12-ամյա տղայի և նրա հոր մեկ օրվա պատմությունը: «Առավոտյան նրանք որոշում են վաճառել տղայի հոր ռադիոընդունիչը, որը դառնում է մետաֆորիկ, որովհետև ռադիոընդունիչի միջոցով հայրն ու որդին ներկայացնում են տարբեր սերունդներ և տարբեր ժամանակաշրջաններ, որոնք հակադրվում են իրար, միևնույն ժամանակ ասես սկսում են միահյուսվել,- այսպես ներկայացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված իր ֆիլմը Լուսինե Պապոյանը:- «Ռադիոլան» իմ ավարտական աշխատանքն է, նկարահանել եմ 2015-ի ամռանը: Գլխավոր դերում երեխա էր խաղալու և սկզբում ինձ թվում էր, թե դժվար կլինի աշխատելը: Դժվար էր ցույց տալ հայր ու որդու հարաբերություններն այնպես, որ խաղը լիներ համոզիչ, իրական»:
Սակայն դերասանների հետ երկրորդ փորձից հետո ռեժիսորը հասկանում է, որ ամեն ինչ կարգին է: Ֆիլմը հաջողվում է: Լուսինեն նկատեց նաև, որ մարդիկ շատ տարբեր են ընկալում ֆիլմը, և դա իրեն դուր է գալիս, որովհետև միանշանակ չէ գաղափարը: ««Ռադիոլան» շատ մոտ է կյանքին և հաճախ ինձ թվում է, որ սա վավերագրական ֆիլմ է: Հիմա ես նպատակ ունեմ վավերագրական կինո նկարահանելու»:
«Իրատեսի»` «Ինչո՞ւ են հայրն ու որդին վաճառում ռադիոընդունիչը: Կա՞ արդյոք սոցիալական գործոն» հարցերին ի պատասխան ռեժիսորն ասաց, որ երբ ֆիլմի գաղափարը ծնվեց, սկզբում սոցիալական գործոնն էր դրված, բայց հետո հասկացել է, որ դա այդքան կարևոր չէ, և ավելի շատ ցանկացել է ցույց տալ երկու տարբեր սերունդների աշխարհայացքների բախումը. «Այսինքն`ժամանակաշրջանը, որ ապրել է հայրը, հակադրվում է տղայի ապրած ժամանակաշրջանի հետ և նրանք երկուսով փորձում են ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի կարողանան շարունակել ապրել»:
Թվում է ` անցյալից մնացած հին, անսարք ռադիոընդունիչը հիշողության բեռն է ու քաղցրությունը: Ռադիոընդունիչը վաճառել հնարավոր չէ: Փոխանակել այլ ապրանքի հետ` նույնպես: Ռադիոընդունիչը ծանր է: Օրվա վերջում հայրն ու որդին փորձում են ոչ ոքի պետք չեկող ռադիոընդունիչը թողնել երկաթգծերի մոտ, սակայն ոստիկանը թույլ չի տալիս: «Սա նշանակում է, որ անցյալից ազատվել հնարավո՞ր չէ»` հետաքրքրվեցի:
«Այդպես էլ կա,- ասաց ռեժիսորը:- Կար մի պահ, որ ես որոշել է ռադիոընդունիչն ինչ-որ տեղ թողնել, սակայն երբ լսարանում քննարկում էինք ֆիլմի գաղափարը, վարպետս ասաց, որ ռադիոընդունիչը չպետք է ինչ-որ տեղ թողնել, միշտ պետք է իրենց հետ լինի ու շատ տեսարաններ ստեղծվեցին այդ գաղափարից հետո: Վերջում ռադիոընդունիչը սկսում է աշխատել»:
2016-ին «Ռադիոլա» ֆիլմն արժանացել է «Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Դերակատարներն են Տրդատ Մակարյանը և Հարություն Կոկոշյանը:
Լուսինե Պապոյանը նկարահանել է նաև «Հանկարծակի հանդիպում», «Օրացույց» ֆիլմերը: Մասնակցել է «Նոր ալիք» ԿՓ-ին (Բուլղարիա)՝ ներկայացնելով «Հանկարծակի հանդիպում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Մասնակցել է նաև Լոձի (Լեհաստան) կինոդպրոցի կազմակերպված «Երևանը լուսաբացից մինչև մթնշաղ» նախագծին՝ ներկայացնելով «Օրացույց» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է ամենից շատ ցուցադրումներ ունեցած ֆիլմերի ցանկում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ