Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես մտածում եմ` կգնա՞մ, կվերադարձնե՞մ պապիս տունը, կապրե՞մ այնտեղ»

«Ես մտածում եմ` կգնա՞մ, կվերադարձնե՞մ  պապիս տունը, կապրե՞մ այնտեղ»
19.07.2016 | 09:03

Մեքսիկայի հայկական համայնքը շուրջ 400 տարվա պատմություն ունի: Հայերն այստեղ մեծ թիվ չեն կազմել, բայց տեսանելի հետք են թողել: Օրինակ` Ջակոբո Հարությունյանն ամերիկյան մայր ցամաքում առաջինն է, որ հասել է գեներալի աստիճանի: 1915-ից հետո (հիմնականում 1922-1928 թթ.) Մեքսիկայում հայտնվել են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներ:


Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ԿԱՌԼՈՍ ԱՆԹԱՌԱՄՅԱՆԻ նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսը կրում էր «Մեքսիկայի հայերը» խորագիրը:
Կառլոս Անթառամյանը մարդաբան է: Զբաղվում է Մեքսիկայի հայկական գաղթավայրի պատմության և հայությանը վերաբերող թեմաների հետազոտությամբ։ Թեկնածուական թեզը վերաբերել է Հայոց ցեղասպանությանը։ Զբաղվում է նաև վավերագրությամբ` անդրադառնալով հայկական համայնքների պատմությանը, ինքնության, ցեղասպանության խնդիրներին: Մեխիկոյում հիմնադրել է «Այբբենգիմ» հրատարակչությունը, որտեղ հրատարակվել են Մեքսիկայի հայերին վերաբերող «Արարատից Պոպոկատեպետլ» (2011) գիրքը և Համբարձում Չիթճյանի հուշերի իսպաներեն թարգմանությունը, որը Մեքսիկայում հրատարակված առաջին գիրքն է` նվիրված Հայոց ցեղասպանությանը:


Մեզ հետ զրույցում Կառլոս Անթառամյանն ասաց, որ Մեխիկոյում ինկվիզիցիայի արխիվներում հայտնաբերել է 1632 թվականին Ֆրանսիսկո Մարտինիի` մեղքերի համար թողություն ստանալու փաստաթուղթը` գրված հայերեն, և հայկական այբուբենը` իսպաներեն թարգմանությամբ: Գտնվել է նաև հարյուր տարի անց գրված մեկ այլ փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ֆրանսիսկո Մարտինին ազգությամբ հայ է:


Կառլոս Անթառամյանը ծնվել է 1972-ին, Մեխիկոյում` Էդուարդո Անթառամյանի և իսպանա-հնդկացիական ծագումով մեքսիկուհու ընտանիքում։ Հայրական մեծ մայրը՝ Վիկտորյան, ծնվել է Պոլսում, պապը՝ Կարապետը, ով ցեղասպանությունը վերապրածներից է, Խարբերդի Խոշի գյուղում։ 1930-ին փաստացի գրանցված 350 հայ է եղել Մեքսիկայում, թեև իրականում նրանց թիվը հասել է 500-ի: Հայությունն այդ երկրում որպես համայնք չի կայացել: Նրանք կարծել են, որ Մեքսիկայում հանգրվանել են ժամանակավորապես և սեփական համայնքը հիմնելու փոխարեն փորձել են ամրացնել կապերը այլ գաղթօջախների, հատկապես ԱՄՆ-ի հայության հետ, մեկնել Կալիֆոռնիա, Ֆրեզնո, որտեղ հայերը մեծ թիվ են կազմում, կան հայկական դպրոցներ, եկեղեցի։ Մեքսիկայում չեն ստեղծվել ազգային ինքնության պահպանման անհրաժեշտ հաստատություններ` դպրոց, եկեղեցի, սակայն որոշ ժամանակ գործել են Հայ հեղափոխական դաշնակցության և Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղերը:


«25-միլիոնանոց քաղաքում 1960-ականներին 1000 հայ է ապրել,- նշեց զրուցակիցս:- Այսօր հայերի թիվը հասնում է 2000-ի: Ասես երկու համայնք լինի` ցեղասպանությունից մազապուրծների սերունդը և Հայաստանից ու այլ երկրներից գնացածների: Ի տարբերություն ցեղասպանություն վերապրածների` վերջիններս գալիս էին ունեցվածքով` գրքեր ունեին, կարպետներ, գումար: Ցեղասպանություն վերապրածները, ովքեր ճամբարներում էին եղել, Մեքսիկա ներմուծեցին որբանոցում սովորած արհեստները: Շատերը զբաղվում էին կոշիկի արտադրությամբ, խանութներ էին բացում: Այսօր արդեն Հայաստանից Մեքսիկա են գալիս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, հիմնականում մտավորականներ` գիտնականներ, ճարտարապետներ, երաժիշտներ, նկարիչներ: Մեքսիկայի Ազգային համալսարանում 10-15 հայաստանցի մասնագետ կա` ֆիզիկոսներ, աստղագետներ, բժիշկներ, տարբեր քաղաքների (Մեխիկո, Ակապուլկո, Կերետարո, Չիհուահուա) նվագախմբերում շուրջ 50 հայ երաժիշտ կա»:


Կառլոս Անթառամյանի համոզմամբ` արտագաղթը մեծ խնդիր է Հայաստանի համար: Երկրից հեռանում են մտավորականները, ուղեղների արտահոսք է. «Արցախից նոր եմ վերադարձել: Մենք կռվում ենք, պայքարում մի բանի համար, գնում, տեսնում ենք՝ դատարկ է»:
Մեր հայրենակիցը նշեց, որ նպատակ կա առևտրային հարաբերություններ զարգացնելու Հայաստանի և Մեքսիկայի միջև: Հայկական «Ջերմուկը», կոնյակը, ընկույզը կվաճառվեն Մեքսիկայի խանութներում: «Դա գուցե օգնի Հայաստանի արդյունաբերությանը ու միգուցե մարդիկ չարտագաղթեն»,- ասաց նա:


«Հայկական շունչն այսօր նկատելի՞ է, առանձնանո՞ւմ են հայերին պատկանող հաստատությունները»,- հետաքրքրվեցի: Ասաց, որ Մեքսիկայում կա կոշիկի խանութ, որտեղ փակցված է հայկական դրոշը, «Մաղաքյան» կոշիկների և հովանոցների խանութ, «Արարատ» ռեստորան, որը բացել է Խրիմյան հայրիկի թոռը: Ավելին` այս երկրում կա 9 փոքր գյուղ` Արմենիա անունով: Հավանաբար «Արմենիա» անունը վերցրել են Աստվածաշնչից:
Անցած տարի Մեքսիկայում բացվել է հայկական դեսպանատուն, որը հավաքատեղի է տեղի հայերի համար: Հավանական է, որ ապագայում մի փոքր եկեղեցի հիմնադրվի:


Մեքսիկան 2013-ին Խոջալուի դեպքերն ընդունել է որպես ցեղասպանություն: Կառլոսը նշեց, որ ադրբեջանցիները հասել են դրան` օգտագործելով լծակները, կաշառելով պատգամավորներին. «Երբ Ադրբեջանի դեսպանատունը մայրաքաղաքում կանգնեցրեց Հեյդար Ալիևի հուշարձանը, դա վերջնականապես ոտքի հանեց տեղի հայերին: Նրանք սկսեցին համախմբվել, պայքարել հուշարձանի ապամոնտաժման համար: Հիսուն տարվա մեջ առաջին անգամ ոգեկոչեցին Ապրիլի 24-ը:
Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին երկրի լավագույն թանգարաններից մեկում` Հանդուրժողականության թանգարանում, կազմակերպեցինք Մեծ եղեռնին նվիրված ցուցահանդես, որը պետք է կրեր «Բաց վերք» խորագիրը: Բայց թուրքերի «ջանքերով» խորագիրն արգելվեց: Ցեղասպանության պատմությունը ներայացնող այդ ցուցահանդեսը ներկայումս բացվել է Գլենդելում»:


Մեքսիկայի մասնավոր հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել է Հռոմի պապի այցը Հայաստան: Այցը լուսաբանել է Կառլոսը: Պապի մոտեցումը ցեղասպանության ճանաչման հարցում, զրուցակցիս կարծիքով, մեծ դեր կարող է խաղալ: Նրա խոսքով` պետք է բոլոր զենքերն օգտագործել:


«Իբրև մարդաբան ուսումնասիրել եք հայ համայնքների պատմությունը, կարո՞ղ եք նշել հետաքրքիր հատկանիշներ, որոնցով առանձնանում են հայերը»,- հետաքրքրվեցի:
«Նահատակ, կարոտ, ամոթ է. սրանք գաղափարներ են, որ բնորոշ են հայ ազգին, հայկական մշակույթին: Հայերը սփռված են աշխարհով մեկ, բայց նաև կապված են իրար հետ: Ես Մեքսիկայում անգլերենով կարդում եմ նորություն, որը պատմում է Լիբանանում ապրող հայի մասին: Հայը աշխարհաքաղաքացի է: Ամենուր իր տունն է: Ինքնությունը, ավանդույթները պահպանելը չեն խանգարում աշխարհաքաղաքացի լինելուն: Ես, օրինակ, և՛ մեքսիկացի եմ, և՛ հայ»,- եզրահանգեց Կառլոս Անթառամյանը:


Խոսեցինք նաև լեզվի խնդրի մասին: Ակնհայտ է, որ Մեքսիկա գնացող հայերի երկրորդ-երրորդ սերունդն էլ հայերենի չի տիրապետում: Կառլոսն ասաց, որ Մեքսիկայում հայերենի դասընթացներ են կազմակերպելու, մեծ հետաքրքրություն կա. «Կարևոր է լեզուն, բայց նաև կարևոր է պատմությունդ իմանալը, ինքնությունդ գիտակցելը: Ես անգլերեն եմ խոսում, բայց անգլիացի չեմ, ես ֆրանսերեն եմ խոսում, բայց ինձ ֆրանսիացի չեմ զգում: Ես ինձ մեքսիկահայ եմ զգում: Քիչ բան գիտեմ լեզվի մասին, բայց շատ բան գիտեմ պատմության մասին: Ես եղել եմ պապիս տանը` Խարբերդում, եղել եմ Հայաստանում: Կապված եմ Հայաստան աշխարհի հետ»:
Կառլոսը նկարահանել է ֆիլմ` «Ինչպես վերադարձա իմ պապիկի տուն» վերնագրով: Այդ տանն ապրող մարդը` ազգությամբ քուրդ, ասել է, որ այստեղ ամեն ինչ հայկական է՝ ծառերը, թռչունները, գինին: Անգամ առաջարկել է գնալ քաղաքապետարան ու տունը ձևակերպել Կառլոսի անունով:


«Ես մտածում եմ` կգնա՞մ, կվերադարձնե՞մ պապիս տունը, կապրե՞մ այնտեղ: Պատրա՞ստ ենք վերադառնալու: Ես վերադարձա Հայաստան: Վավերագրական ֆիլմը պատմում է իմ վերադարձի մասին»,- ասաց զրուցակցս:
Առաջին անգամ 2003-ին է եկել Հայաստան: Ասացի` բավական ուշ: Հայերենով ասաց` փող չկար:


Կառլոսը միացել է նաև «Եկ Արցախ» ֆլեշ-մոբին: Նկարները տեղադրել է համացանցում` օգտագործել «Եկ Արցախ» հաշթեգը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ