BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Եթե Նիկոլը հենց էս րոպեին մեռնի, ախ էլ չեմ քաշի»

«Եթե Նիկոլը հենց էս րոպեին մեռնի, ախ էլ չեմ քաշի»
06.09.2016 | 08:35

1921-ի մարտի 4-ին ՌԽՖՍՀ ազգությունների ժողովրդական կոմիսարիատի «Жизнь национальностей» պարբերականի էջերում «Ա. Սկաչկո» ստորագրությամբ հեղինակը լույս է ընծայում մի հոդված, որում փորձում է հիմնավորել Խորհրդային Միության իրականացրած արտաքին քաղաքականությունը: 1961-ի դեկտեմբերի 15-18-ին պատմաբան ՆԻԿՈԼԱՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրախոսում է սույն հոդվածը: Նիկոլայ Կարապետյանի անստորագիր հոդվածը ձեռքից ձեռք է անցնում` գրավելով КГБ-ի աշխատակիցների ուշադրությունը:
Սկաչկոն փորձում է իր հոդվածում մարքս-լենինյան ուսմունքի դրույթներով արդարացնել 1921-ի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը, հանուն «Համաշխարհային ռևոլյուցիայի շահերի» Խորհրդային Հայաստանի կատարած զիջումները Թուրքիային, հատկապես Կարսի և Արդահանի զիջման հետ կապված հիմնավորումները, որոնց կուրորեն հավատացել են շատ հայ կոմունիստներ:

Նիկոլայ Կարապետյանն իր գրախոսականում մերկացնում է Սկաչկոյի մոտեցումները: Սույն հոդվածը բոլորովին վերջերս ամբողջությամբ հրապարակվեց «Իրատեսում»: Հոդվածը տրամադրել էր Ն. Կարապետյանի զարմուհի, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող ԼԱՈՒՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ իր անձնական արխիվից։


«1961-ին ես ասպիրանտ էի: Գնում էի Մոսկվա: Մորեղբայրս ինձ տվեց Սկաչկոյի հոդվածի նշումն ու խնդրեց, որ բերեմ այն,- մեզ հետ զրույցում ասաց Լաուրա Գասպարյանը:- Լենինյան գրադարանում պատվիրեցի «Жизнь национальностей» պարբերականի 1921-ի մարտի 4-ի համարը: Թերթը քրքրված էր, բառերի մի մասը ջնջված: Հոդվածը գրված էր հին ռուսերենով: Երեք օր առավոտից գիշեր նստեցի գրադարանում ու ինչքան հնարավոր էր արտագրեցի այն: Հայաստան գալով` տվեցի մորեղբորս: Մեկ ամիս հետո Մոսկվայից ստացա ու նրան հանձնեցի նաև հոդվածի լուսանկարային պատճենը»:


Այսպիսին է Նիկոլայ Կարապետյանի աղմկահարույց գրախոսականի նախապատմությունը: Ամերիկայում հոդվածը լույս է տեսնում առանց հեղինակի ստորագրության: Անստորագիր հոդվածը շատ արագ տարածվում է նաև Հայաստանում: Սկսվում է հետաքննություն: Նիկոլայ Կարապետյանը բազմիցս հարցաքննվում է КГБ-ի հավատաքննիչների կողմից: Բավարար ապացույցներ չլինելու արդյունքում հաջողվում է խուսափել պատժից: Հոդվածի բնօրինակը` պատմաբանի ստորագրությամբ, մինչ օրս Լաուրա Գասպարյանի արխիվում է:
Նիկոլայ Կարապետյանը ծնունդով վանեցի է: Ընտանիքի հետ Արևելյան Հայաստան է տեղափոխվել 1915-ին: 1940-ին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը: Թեկնածուական ատենախոսությունը (1941 թ.) պաշտպանել է Մոսկվայում` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 1945-ին վերադարձել է Երևան և աշխատանքի անցել արտաքին գործերի ժողկոմում որպես գլխավոր ռեֆերենտ: 1951-ին նշանակվել է եռամսյա բարձրագույն կուսակցական դպրոցի հայկական մասնաճյուղի ուսումնական գծով փոխտնօրեն` միաժամանակ լինելով ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ: Լաուրա Գասպարյանը նշեց, որ Նիկոլայ Կարապետյանի դասախոսությունների կիզակետում է եղել Հայկական հարցը` նորովի վերլուծականներով, անսքող պատմական անդրադարձերով, որի համար և որոշ երեսպաշտների բողոք-դիմումի համաձայն նրա հարցը քննվել է Մոսկվայում: Արդյունքում` սահմանափակվել է պատմաբանի դասախոսությունների շրջանակը: Նա դասախոսությունների ժամանակ չպետք է անդրադառնար հայոց պատմության խոցելի հարցերին: Սրան հաջորդում է մյուս քայլը՝ կրճատում են ուսումնական գծով փոխտնօրենի հաստիքը: 1960-ին աշխատանքի է անցնում գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Հետապնդումների նոր ալիք է սկսվում: Ն. Կարապետյանը խնդիրներ է ունենում Բոգդան Գեմբարսկուն գրած նամակի համար: Պատմաբանի զարմուհին պատմում է, որ 1960-ին Ն. Կարապետյանը նամակագրական կապ է հաստատել լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս Բոգդան Գեմբարսկու հետ, լեհական մամուլում հրապարակել հոդվածներ, որոնցում պաշտպանել է Գեմբարսկու պահանջը Հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ, մերկացրել քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի հակահայկական դավադրական քաղաքականությունը: Նման դիրքորոշման և քայլերի համար Ն. Կարապետյանին հեռացնում են ԽՄԿԿ-ից և աշխատանքից:


Նրան կանչում են Մոսկվա հարցազրույցի, հորդորում են հոդված գրել ու ժխտել իր տեսակետները` հերքել 11-րդ Կարմիր բանակի «քաջագործությունների» մասին գրած իր մեղադրանքը:
Հանդիպում է նաև Անաստաս Միկոյանի հետ: Նախատեսված 15-րոպեանոց առանձնազրույցը տևում է մեկ ժամ 15 րոպե: Չնայած խոստմանը, որ կվերականգնեն աշխատանքը և կուսակցական լինելը` Ն. Կարապետյանը հրաժարվում է պատմությունը կեղծելուց:
Ակադեմիկոս Մորուս Հասրաթյանի միջամտությամբ վեց ամիս անց անվանի պատմաբանը տեղավորվում է աշխատանքի պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, որտեղ էլ աշխատում է մինչև կյանքի վերջը:


Զրուցակիցս ուշագրավ մի դեպք պատմեց այս առիթով: Երբ Մորուս Հասրաթյանը պատմության թանգարանի տնօրենի հետ քննարկում է Ն. Կարապետյանի աշխատանքի տեղավորման հարցը, մի քանի ազգանվիրյալ երիտասարդներ պատմության ինստիտուտի տնօրենի առանձնասենյակի մոտ սպասում են հարցի լուծմանը: Մորուս Հասրաթյանը դուրս է գալիս առանձնասենյակից, շրջապատում են նրան և հարցնում, թե ինչ եղավ Կարապետյանի հարցը: Հասրաթյանը պատասխանում է. «Եթե Նիկոլը հենց էս րոպեին մեռնի, ախ էլ չեմ քաշի»: Տղաները զարմանքից քարանում են և հետո վրա են տալիս` ասելով. «Ինչպե՞ս»: Մորուս Հասրաթյանը ժպտալով պատասխանում է. «Հիսուն պատմաբան եթե իրար գլխի հավաքվեին, չէին կարող այն գործը կատարել, ինչ արեց Նիկոլը մեն-մենակ, տղամարդու նման կատարեց ու կողքի քաշվեց: Նա իր ժողովրդի առաջ իր պարտքը լրիվ կատարեց»:


1966-ին Ն. Կարապետյանի անունն ընդգրկվում է հայ մշակութային գործիչների «Կենսագրական բառարանում»: Վարագ Առաքելյանն իր «Ճակատագրի խաչմերուկներում» գրքում նույնպես ներկայացնում է Նիկոլայ Կարապետյան մտավորականին: «Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի» հոդվածը և Գեմբարսկուն ուղղված նամակները Լաուրա Գասպարյանը նպատակ ունի հրատարակելու առանձին գրքով: Նա վստահեցնում է, որ սրանք կարևոր են ոչ միայն պատմաբանների համար: «Շարքային քաղաքացին էլ կուզի իմանալ, թե, օրինակ, ինչու է տապալվել Սևրի պայմանագիրը»,- ասաց զրուցակիցս, հավելեց նաև, որ Ռուսաստանի դիրքը Հայաստանի նկատմամբ նույնն է, ինչ քսանական թվականներին: Հոդվածը արդիական է նաև այդ տեսակետից:


Ն. Կարապետյանը գրել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորի (1981 թ.) «Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը 1900-1908 թվականներին» բաժինը: Սակայն 250-էջանոց պատմական ակնարկից հանրագիտարանում ընդգրկել են մոտ 10 էջ: Լ. Գասպարյանը պետական արխիվներից փորձում է գտնել ամբողջական նյութը և հնարավորության դեպքում տպագրության պատրաստել:


ՈՒշագրավ մի դրվագ ևս. Նիկոլայ Կարապետյանը 65-ին գտնում է Սկաչկոյի որդուն, նամակ գրում, ուզում է իմանալ՝ որդիները շարունակո՞ւմ են հոր գործը, տղան գրում է, որ ինքը ուրիշ Սկաչկո է: «Ստալինյան բեռը ոչ ոք չէր ուզում վերցնել իր վրա»,- նկատեց Լաուրա Գասպարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ