Մշակույթի ոլորտում առաջին արմատական փոփոխությունն առնչվելու է գրահրատարակչության ոլորտի կարգավորմանը: Այս մասին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր իր պաշտոնավարության առաջին իսկ օրերին՝ կարևորելով գրախանութներում և գրադարաններում ընտանեկան ժամանցի կենտրոնների հիմնումը: Օրերս, արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի` «second hand» գրականություն այլևս չհրատարակելու առաջարկին, նախարարն ասել էր, որ ժամանակակից գրականության հարցում վերանայվելու է պետական քաղաքականությունը, աջակցությունը նպատակաուղղվելու է հեղինակների հանրահռչակման ծրագրերին, նաև հատուկ դրամաշնորհներ են տրամադրվելու հայ ժամանակակից գրողների թարգմանությունները հրատարակող օտարերկրյա հրատարակիչներին:
Պետական աջակցության ծրագրերի վերանայման և գրահրատարակչական ոլորտում ենթադրվող փոփոխությունների մասին է մեր զրույցը «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:
-Ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրերից հանելու մտադրությունը ի՞նչ միտումներ ունի: Նկատենք, որ գրողներն առանձնապես չեն շահում պետաջակցությունից, տպագրված 300-500 օրինակ գրքերն էլ մնում են գրապահոցներում, գրախանութներում գրավում են ամենաաննկատ, աչքից հեռու անկյունները:
-Դա հենց այն ցավալի ու խնդրահարույց հարցերից մեկն է, որ հիմք է տվել վերանայելու հրատարակչության ոլորտում պետական քաղաքականությունը, մասնավորապես, պետական պատվերի և պետաջակցության ծրագրերը: Սա բավականին բարդ հարց է և ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Պետպատվերի և աջակցության համակարգը գործում է երկար տարիներ և այսօր բարելավման ու վերանայման կարիք ունի, ինչպես ցանկացած համակարգ: Պետաջակցությունը, կարծում եմ, անհրաժեշտ է սկսնակ գրողներին, քանի որ նրանք ունեն գրական դաշտ, գրական շուկա մտնելու խնդիր, իսկ հայաստանյան գրական շուկան շատ բարդ շուկա է` հաշվի առնելով ընթերցանության ցածր մակարդակն ու գրավաճառության դանդաղ տեմպը: Այս առումով, կարծում եմ, սկսնակներին անհրաժեշտ է աջակցություն ոտքի կանգնելու համար, իսկ երբ կայացման որոշակի փուլ անցնեն, կարող են արդեն գործել ինքնուրույն դաշտում: Պետական աջակցության բացակայության դեպքում գրողը ձգտելու է բարձրացնել ստեղծագործության մրցունակությունը, որ հրատարակչությունը շահագրգռված լինի հրատարակելու նրա գործերը: Հրատարակիչն էլ պարտավորվելու է մարքեթինգային այնպիսի քաղաքականություն վարել, որ գիրքը հասնի սպառողին: Հրատարակչությունը պետք է աշխատանք տանի գրողի ստեղծագործությունը հանրայնացնելու, հնարավորինս մեծ ընթերցողական շրջանակներ ներգրավելու ուղղությամբ և նոր, ստեղծարար մոտեցումներ որդեգրի: Այսինքն, մեծանում է հրատարակչի ուշադրությունը գրողի հանդեպ:
-Եթե պետաջակցությունից զրկված գրքերի գինը կտրուկ աճի, չե՞ք կարծում, որ դա իր հերթին կդժվարացնի գրքերի սպառումը: Խոսքը մեր հեղինակների մասին է:
-Չեմ կարծում, թե պետպատվերի և պետաջակցության ծրագրերի չեղարկումը անմիջական ազդեցություն կունենա գրքի գնի վրա: Այսպես թե այնպես, պետպատվերով հրատարակվող գրքերը կամ գնում էր պետությունը և չէր հանում վաճառքի, կամ էլ, եթե մի մասը դրվում էր վաճառքի, ինչպես պետաջակցության դեպքում, գրքերի քանակն այնքան մեծ չէր, որ փոխեր ընդհանուր շուկայի գնային պատկերը: Իսկ առհասարակ, գիրքը, ինտելեկտուալ արտադրանքը պետք է որոշակի արժեք ունենան:
-Նպատակ կա աջակցությունն ուղղելու հայ հեղինակների հանրահռչակման ծրագրերին: Ի՞նչ հնարավոր ուղիներ եք տեսնում:
-Եթե ստեղծվի թարգմանական գրականության ֆինանսավորման հիմնադրամ, հնարավոր կլինի աջակցել արտերկրի հրատարակիչներին հայ գրողների գործերը թարգմանելու և հրատարակելու գործում: Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ հայ գրողները ճանաչված չեն դրսում, ներկայանալու կարիք ունեն: Օրինակ` որպեսզի չեխ, շվեդ, վրացի հրատարակիչը տպագրի հայ գրողին (դեռ հարց է` կվաճառվի՞, թե՞ ոչ), մեծ ռիսկի պետք է դիմի: Գրքի ստեղծման պրոցեսում ամենաշատ գումարը, թերևս, հատկացվում է թարգմանությանը: Եթե այդ ծախսերը օտարերկրյա հրատարակչի համար թեթևացնենք, կնպաստենք մեր գրողներին այլ լեզուներով թարգմանելու գործին, հետևաբար, նաև նրանց հանրահռչակմանը:
-Մեր գրականությունը դրսում ներկայացնելու «Զանգակ» հրատարակչության փորձի մասին ի՞նչ կարող եք ասել:
-«Զանգակը» մոտ տասնհինգ տարի մասնակցում է գրքի ամենամյա միջազգային շնորհանդեսներին: Յուրաքանչյուր տարի ներկայացնում ենք նախորդ տարիների մեր հրատարակչական ձեռքբերումները, իսկ վերջերս առաջարկում ենք նաև օտարերկրյա հրատարակիչներին, հիմնականում մանկապատանեկան («Ծուռ Դավիթը», «Կապույտ աղվեսը»), ինչպես նաև գիտահանրամատչելի գրքեր («10 հայ ականավոր արքաները», «Հայկական ասեղնագործություն» և այլն): Օտարերկրյա հրատարակիչները որոշակի հետաքրքրություն ունեն հայկական գրքերի նկատմամբ, սակայն հենց թարգմանական ֆոնդի բացակայությունը հաճախ հետ է պահում նրանց մեր գրքերը թարգմանելուց և հրատարակելուց:
-Պետական աջակցությամբ ու պետպատվերով գրքերի ցանկն ընտրելիս հաշվի է առնվում ոչ միայն պահանջարկը, այլև պետության համար տվյալ գրքի կարևորությունը: Այս դեպքում նո՞ւյնպես փոփոխություններ են անհրաժեշտ:
-Կան գրքեր, որոնք թարգմանելը միայն գրական, ինտելեկտուալ, հանրային գործառույթ է: Թարգմանական գրականության պետաջակցության ծրագրի չեղարկումը, կարծում եմ, հղի է բացասական հետևանքներով: Ճիշտ է, այսօր հայաստանյան առաջավոր հրատարակիչները, այդ թվում՝ «Զանգակը», հրատարակում են թարգմանական գրականություն, սակայն կան այնպիսի այլալեզու ստեղծագործություններ, որոնք զուտ գրական կոթողային արժեքներ են, համաշխարհային գրականության հիմնասյուներ, սակայն շատ դանդաղ են վաճառվում, եկամուտն էլ չափազանց ցածր է՝ ծախսերն արդարացնելու համար: ՈՒստի համաշխարհային դասական գրականության կարևորագույն նմուշների թարգմանական ծախսերը, կարծում եմ, գոնե մասնակիորեն պետք է լինեն պետական հոգածության ներքո, քանի որ այդ գրքերը հետապնդում են բացառապես հանրային շահ` լուսավորության տարածում և գեղագիտական ճաշակի ձևավորում: Օրինակ, Շեքսպիրի, Սոֆոկլեսի և այլ գրողների թարգմանությունների գնորդները քիչ են, բայց դրանց գրական արժեքն ու մշակութային կարևորությունը հսկայական են, և հրատարակիչը չպետք է միայնակ մնա այս խնդրի առջև:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ