BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պաշտոնյաները ոչ միայն հիշողության խնդիր ունեն

Պաշտոնյաները ոչ միայն հիշողության խնդիր ունեն
27.06.2017 | 14:54

Այսօր երկու պաշտոնյաներ միաբերան փաստել են, որ Հայաստանում ոչ մեկը ներկրման խնդիր չունի, բայց նաև դժվարացել են նշել, թե ովքեր են, օրինակ, շաքար կամ բանան ներկրում, բացի հայտնի օլիգարխներից: Նախ` պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանն է վստահեցրել, որ շաքարավազ քսանից ավելի ընկերություն է ներկրում, սակայն դժվարացել է դրանցից գոնե մեկի անունը տալ: «Չեմ կարող ասել, հասկացեք, բանանն էդքան կարևոր չէ ինձ համար: ՈՒղղակի ձեզ մոտ կարծրատիպ է, որ շաքարավազը պետք է ներմուծի մի մարդ, բանանը պետք է ներմուծի ուրիշ մարդ»,- ասել է պաշտոնյան:

Նրան լրացրել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Մեր հիմնական խնդիրն այն է, որ ազատ մուտք լինի շուկաներ: Մուտքի խոչընդոտներ չկան, ով ինչ ուզում է, կարող է ներկրել»,- փաստել է նա, իսկ հարցին, թե քանի՞ մարդ է բանան ու շաքարավազ ներկրում, Շաբոյանը պատասխանել է. «Անգիր չեմ կարող ասել, բայց բազմաթիվ ներկրողներ կան և՛ շաքարավազ, և՛ բանան»:


Փաստորեն, երկու պաշտոնյաներն էլ հիշողության հետ խնդիր ունեն: Իսկ ավելի ստույգ` խուսափում են անուներ տալուց: Եթե նրանց պնդումները, թե ներկրում կարող են անել բոլորը և արդեն կան այդպիսիք, ապա ի՞նչն է խանգարում այդ տեղեկատվությունը բաց ներկայացնել հասարակությանը: Դա առաջին հերթին հենց նրանց է պետք, որ հանրությունը հավատա, թե այս իշխանությունը չի գնում նախորդների ուղիով, իսկ նրանց հայտարարությունները ճշմարիտ են: Սակայն ո՜չ, ասում են խոչընդոտ չկա ներկրման համար, սակայն չեն բացահայտում, թե այդ ովքեր են «ռիսկ» արել խփել օլիգարխների բիզնեսին, նրանց մենաշնորհին «վայիս» եղել: Եթե ինչ-որ հարցում կա գաղտնիության քող, ուրեմն այդտեղ ինչ-որ բան այն չէ: Իսկ հասարակությունը շատ արագ է հասկանում, թե երբ են իրեն խաբում, երբ` ոչ:


Պատկան մարմինները ճիշտ կանեն բաց ու թափանցիկ աշխատել հանրության հետ, որովհետև արդեն կա կուտակված մեծ անվստահություն կառավարման համակարգի նկատմամբ, ու դա խորացնել պետք չէ: Եթե խնդիր է դրված իսկապես լավ աշխատելու և տնտեսությունը զարգացնելու, ուրեմն ի՞նչն է խանգարում անկեղծ լինել մարդկանց հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ