Երբ այս կառավարությունը հայտարարեց պետական ապարատի կրճատման մասին, ճիշտ կլիներ նաև նշեր, որ դա չի վերաբերում, այսպես ասած, ծանոթ-բարեկամ-սիրուհի-ընկերուհի-սանիկ «ինստիտուտին»:
Խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր պետական գերատեսչություններում են աշխատում, ահազանգ է ստանում, որ իրենք աշխատանքից հեռացման վտանգի առջև են կանգնած, այն դեպքում, որ նույն բաժնում ոչինչ չանող, բայց «շեֆերի» հովանավորությունը վայելողն ամուր նստած է իր տեղում: «Պահում են միայն յուրայիններին, օտարները տեղ չունեն: Սա էն դեպքն է, որ տերովին տերն է տարել, անտերին` գելը: Չեմ հասկանում` նրանց նորմալ, գործից հասկացող մարդ պետք չէ՞, գործից գլուխ չհանող կադրերը ո՞նց են աշխատելու»,- վրդովված նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ազատման դիմումն էլ մինչև տալիս են, տևական ժամանակ լարված բերում-տանում են, նախապատրաստում են հեռացմանը: Սակայն սրա բացատրությունն էլ ունի մեր զրուցակիցը, ըստ նրա` դա «փորձաշրջան» է, հնարավոր է, որ կարողանաս այդ ընթացքում մարդ գտնել, որ միջնորդի (իհարկե, մութ տեղում լույս տվող, ամենահաս գումարով), և պահպանես աշխատանքդ:
Իսկ ինչ վերաբերում է նոր մարդու մուտքին պետական գերատեսչություն, այն էլ` առանց «թև-թիկունքի», գրեթե անհավանական բան է: Բոլոր դռները միանգամից փակվում են` պատճառաբանությամբ, թե եղածներին չենք կարողանում պահել, ու՜ր մնաց նորին ընդունենք: Բայց տեղն իսկույն «բացվում» է, երբ զանգ է լինում վերևից:
Հիմա այս ամենին ի՞նչ անուն տալ` պետական ապարատի «բեռնաթափու՞մ», աշխատանքների ճիշտ կազմակերպու՞մ, թե՞ «անտերի» ու «տերովի» պայքար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ