Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այն, ինչ տեսել եմ, մշակութային աառումով շատ ուշագրավ է»

«Այն, ինչ տեսել եմ, մշակութային աառումով շատ ուշագրավ է»
05.04.2018 | 22:17

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով խաչքարեր: Մամուլում ու սոցցանցերում շատ արագ տարածվեցին այս լուրերն ու խաչքարերի լուսանկարները:

Սակայն պաշտոնական լուրերը եկան փաստելու, որ խաչքար «որոնողները» շատ հեռուն են գնացել:


2013 թվականին մշակույթի նախարարությունը համաձայնեցրել է հիշյալ հուշարձանի մասնակի վերականգնման և նրա զանգակատան կառուցման նախագիծը, սակայն աշխատանքները կատարվել են նախագծին ոչ համարժեք:
«Սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ, և եկեղեցու պատերի միջից դուրս են բերվել խաչքարերի ու տապանաքարերի հիմնական ծավալները: Իրավիճակի պատասխանատուն և՛ համայնքի ղեկավարությունն է, որը շինարարության թույլտվություն է տվել, և՛ շինարարությունն իրականացնող, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունները»,- ասել է մշակույթի նախարարության պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարել է այնպիսի որոշում կայացնել, որ հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն որևէ այլ վայրում, այլապես կարող են համատարած քանդվել եկեղեցիները՝ խաչքարերի որոնման նպատակով:
Մեզ հետ զրույցում Արմեն Աբրոյանն ասաց, որ հուշարձանի տարածքում աշխատանքները կասեցվել են, կշարունակվեն նախագծի լրամշակումից հետո, քանի որ կան մասնագիտական մոտեցման և մեթոդական խնդիրներ: Նախնական տվյալներով՝ մոտ 200 խաչքար է հայտնաբերվել: Մեր հարցին՝աննախադե՞պ է միջադեպը, նախարարության աշխատակիցն ասաց, որ մեր բոլոր հուշարձանները ինքնատիպ են, մի տեղում մի բան է աննախադեպ, մյուս տեղում` մեկ այլ բան, սակայն, շատ են հուշարձանները, որոնց կառուցման համար պատերում կիրառվել են խաչքարեր: «Ի՞նչ ճակատագիր է սպասում խաչքարերին» հարցին ի պատասխան` ասաց, որ վերականգնելու են այն խաչքարերը , որոնք հնարավոր է տեղում վերականգնել և պահպանել` որպես պատմական ժառանգություն, այն խաչքարերը, որոնք հարիր չեն պատի ներսում թաքցնելուն, դրանց համար համապատասխան նախագծային միջոցներով կփորձենք լուծումներ գտնել՝ տեղում պահպանելու- ցուցադրելու ուղղությամբ:
Շա՞տ է վնասվել արդյոք հուշարձանը՝ հետաքրքրվեցի:


«Ոչ թե վնասվել, այլ ապամոնտաժվել է, վնասը կտեսնենք, եթե վերականգնելի չլինի, այս պահին հեղինակի հետ կփորձենք վերականգնման մեթոդով ապահովել գործընթացը»,- եղավ պատասխանը:
«Արտառոց մի բան չկա այդ գործընթացքում, տեղանքը փորձել են մաքրել, և գուցե մի քիչ ավելի են մաքրել, քան պետք է, փորձել են հանել տեղաշարժված խաչքարեր և հանդիպել են ժայռափոր խաչքարերի: Նման աշխատանքները պետք է կատարեն հնագիտական, ճարտարապետական վերահսկողության ներքո,- դեպքի առիթով այսպիսի գնահատական տվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի և Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: -Գործընթացը պետք է նորմալ կազմակերպել, ոչ թե համայնքին մեղադրել: Մինչդեռ Հայաստանում այսպիսի աշխատանքներում վերահսկող մասնագետների շատ քիչ ներգրավվածություն կա: Եթե լիներ մեկը, որ կհետևեր աշխատանքներին, գուցե ավելի խնամքով արվեր, կամ շուտ կասեցվեր, կհասկանային, որն է երկրորդական օգտագործման խաչքարը, որն է իր նախնական տեղում»:

Համլետ Պետրոսյանը Իտալիայում է եղել, երբ ուղարկել են հայտնաբերված խաչքարերի լուսանկարները: Ասաց, որ այն, ինչ տեսել է, մշակութային առումով շատ ուշագրավ է, խաչքարերը նախնական հետազոտությամբ 13-րդ դարերով են թվագրվում, բայց հիմնականում 16-17-րդ դարի են, հավանաբար երկրորդ անգամ օգտագործած, լուսանկարներում եղել են նաև խեցեղենի բեկորներով, որոնք կարծես 13-14-րդ դարերի են, հուշարձանագետն ընդգծեց, որ դրանք հնագիտորեն ավելի հետաքրքիր են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ