BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան չեն սանձազերծի պատերազմ»

«Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան  չեն սանձազերծի պատերազմ»
17.04.2018 | 00:40

Նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի նախագահը Սիրիան հրթիռակոծելու հրաման տվեց: Ավիահարվածից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները և դրանք շատ «գեղեցիկ հարվածներ» էին: Սակայն դրանում ոչ մի գեղեցիկ բան չտեսան մյուս երկրները և առաջին հերթին Ռուսաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Իրադրության շուրջ իր գնահատականը ներկայացրեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք մեկնաբանում սիրիական ռազմական օբյեկտներին ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա ռազմական հարվածը։
-Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 14-ին, դեպքերի զարգացման տրամաբանական վախճանն էր, և պետք է ասել, «ամենաբարեհաջողը» ստեղծված գերլարված քաղաքական առճակատման պայմաններում։ Կետային հարվածները չունեցան պատասխան ռուս-իրանական զինուժի կողմից, որից վախենում էին բոլորը, քանի որ դա կարող էր հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Սա ենթադրել է տալիս, որ գոյություն է ունեցել ինչ-որ պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև։
-Ի՞նչ եք կարծում, ռմբակոծումները կկրկնվե՞ն։
-Կարծում եմ` ոչ։ Համենայն դեպս, մոտ ժամանակներս։ Այս հարվածը առկա քաղաքական լարված կրքերի եռման կետ, գոլորշու արձակում էր։ Այստեղ մենք գործ ունենք քաղաքական այն ֆենոմենի հետ, որ կոչվում է «Պասկալի բանաձև», երբ հակամարտող կողմերը փոխադարձ համաձայնությամբ գնում են որոշակի քայլերի, ոչ թե կոնֆլիկտը վերջնականորեն կարգավորելու, այլ, ինչպես ասում են, «դեմքը փրկելու» համար։ Սա խնդրի ժամանակավոր լուծում է։ Այնպես որ` սիրիական «ոդիսականը» ավարտված չէ, դեռ առջևում է։ Սակայն պարզվեց նաև մի կարևոր հանգամանք. ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան չեն սանձազերծի պատերազմ։ Ավելին, այս ամենին կարող է հետևել երկխոսության սկիզբը։ Սա բացառված չէ։
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը։
-Մեղմ ասած, ուխտադրուժ և նենգ։ Մի քանի օր առաջ, երբ հորիզոնում պատկերվում էին ռուսական միջուկային քսանմիլիարդանոց գործարքը, Ս-400 հրթիռը և մի շարք այլ դիվիդենդներ, Էրդողանը Պուտինին անվանում էր «թանկագին դաշնակից, բարեկամ»։ Հետո հրթիռների պայթյունը դեռ չլռած, նա ողջունեց Թրամփի քայլը, համաձայնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկելու «Ինջերլիկ» ավիաբազան տրամադրելու հարցը, կոպտեց Սերգեյ Լավրովին Աֆրինի հետագա ճակատագրի վերաբերյալ, խորհուրդ տվեց Մոսկվային վերջացնել Միացյալ Նահանգների հետ «բազարային գզվռտոցը» և այլն։ Հետաքրքիր է, այս ամենից հետո ռուս-թուրքական հարաբերություններում որտե՞ղ է տեղադրվելու թուրքական «երկրորդ դանակը»։ Ավելին, Էրդողանն այն քաղաքական գործիչներից է, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից փորձում է շահած դուրս գալ։ Երեկ, օրինակ, Ղութայից դուրս եկավ գրոհայինների վերջին խումբը` 7 հազար մարդ, նրանց տեղափոխում են երկրի հյուսիս, այդ թվում թուրքերի հսկողության տակ գտնվող Ջարաբլուս քաղաք։ Էրդողանը պատրաստվում է այդ խմբից և դրանից առաջ այստեղ հավաքված գրոհայիններից կազմելու իսլամական ահաբեկիչների ջոկատներ` քրդերի դեմ կռվելու համար։ Ահա թե ինչպես է նա Սիրիան մաքրում Դաեշից։ Այսպիսին է նորընծա «սուլթանը»։ Իզուր չէ, որ այդ ֆյուրերատիպ գործչին համարում են դարի ամենավտանգավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրանից պետք է զգուշանալ։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ