Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ցույց տուր մեջդ եղած կրակը»

«Ցույց տուր մեջդ եղած կրակը»
18.01.2019 | 02:41

ՈՒզբեկստանցի նախկին գեղասահորդ, ներկայումս պարուսույց Միշա Գեն մանրամասն պատմել է, թե ինչպես գեղասահքի Ռուսաստանի առաջնությունից երեք շաբաթ առաջ իրեն է դիմել Եվգենյա Մեդվեդևան, ու թե ինչպես, ինչ ռեժիմով է ընթացել նրա կարճ ծրագրի ստեղծման աշխատանքը:

24/7 ԱՇԽԱՏԱՆՔԸ


Գործնականում ռուս գեղասահորդուհին, որն իր նախկին մարզիչ Էթերի Թութբերիձեից Բրայան Օրսերի մոտ տեղափոխվեց գարնանը, հանդես էր գալիս հատուկ իր համար բեմադրած կանադացի Դևիդ ՈՒիլսոնի ծրագրով: Սակայն Ռուսաստանի առաջնությունից երեք շաբաթ առաջ Գրան պրին ձախողած ու եզրափակիչ դուրս գալ չկարողացած աշխարհի կրկնակի չեմպիոնուհին դիմել է Միշա Գեին ու արդյունքում սարանսկյան նրա մրցելույթում Նատալի Քուոլի Orange Colored Sky-ի փոխարեն հնչել է Ջակոմո Պուչինիի երաժշտությունը «Տոսկայից»:


«Վաղ առավոտյան ես հաղորդագրություն ստացա Բրայանից: Ես զարմացա: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ մասը այդպիսի մեծ թիմի մարզիչների, որոնցով ես հիանում եմ ու որոնցից շատ բան եմ փոխառել,- պատմում է Գեն:- Մի կողմից դա անակնկալ էր, մյուս կողմից՝ մարտահրավեր: Չէ՞ որ պիտի աշխատեի աշխարհի լավագույն գեղասահորդներից մեկի հետ: Ես հենց պատասխանեցի Բրայանին, արդեն 24/7 ռեժիմով մտածում էի ծրագրի մասին:
Մենք շատ բան ենք քննարկել Բրայանի ու Եվգենյայի հետ՝ ոճը, երաժշտությունը, ժամանակը: Ամբողջ թիմը դեմ էր առել դժվարությունների: Ես ստիպված հետաձգեցի բոլոր շոուներն ու մարզական հավաքները, գնեցի տոմսեր ու թռա Կանադա, կեսգիշերով աշխատելով երաժշտության վրա: Դժվար էր ոչ միայն ինձ համար, այլև բոլորիս: Սակայն ինձ համար դա մեծ պատիվ էր»:

ՈՒԻԼՍՈՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ


ՈՒզբեկստանցի մասնագետը՝ զավակը չին գեղասահորդի ու խորհրդային մարզուհու, պատմել է նաև այն մասին, թե ինչու, ըստ նրա, Օրսերն ու Մեդվեդևան որոշել են մրցաշրջանի գլխավոր մեկնարկից առաջ հրաժարվել ՈՒիլսոնի բեմադրած ծրագրից: «Դևիդը հրաշալի աշխատանք էր արել: Ես հիացած եմ նրանով, նա իր գործի մեծ վարպետ է: Նրանից սովորելու շատ բան կա, ես շատ եմ հարգում նրան: Ես համարում եմ, որ նա հրաշալի ծրագիր էր բեմադրել: Պարզապես Մեդվեդևային փոքր-ինչ ավելի ժամանակ էր անհրաժեշտ:
Դևիդի ծրագրերն ամենաբարձր մակարդակի են, և միայն շատ բարձր մակարդակի գեղասահորդները կարող են դրանք կատարել: Այդպես էր անում, օրինակ, Կիմ Յու Նան: Նա կարողացավ պահպանել այդ բարձր նշաձողը: Ինչ վերաբերում է Եվգենյային, մի փոքր ժամանակ էլ անցներ, նա կկարողանար հրաշալի իրականացնել ծրագիրը»:


Նկատենք, որ Մեդվեդևայի հետ կապված հաշվարկը չաշխատեց: Սարանսկում նա նյարդայնացած էր, թույլ տվեց հսկայական թվով սխալներ ու կարճ ծրագրում զբաղեցրեց 14-րդ տեղը: Մասամբ իրավիճակը շտկվեց ի հաշիվ ազատ ծրագրի, սակայն վերջնահաշվում նա դարձավ յոթերորդն ու ոչ միայն զրկվեց Եվրոպայի առաջնությանը, այլև ունիվերսիադային մասնակցելուց:


ՉԱՓԱԶԱՆՑ ՔԻՉ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԸ


«Նախկինում, երբ ես առնչվում էի Գրան պրիի մակարդակի մարզիկների հետ, աշխատում էի կապեր գտնել մարզչի, խմբի ղեկավարների, ֆեդերացիաների նախագահների հետ, որպեսզի մանրամասներ իմանայի: Ես ձգտում եմ համատեղ աշխատել ու ոչ թե ասել՝ «Ամեն ինչ կորոշեմ ես» ու «Ինձ դուր է գալիս սա»:
Ինձ համար գերական գեղասահորդն է: Ես աշխատում եմ որքան հնարավոր է նրանց համար լավ անել ու այդ նպատակով եմ հաղորդակցվում թիմի հետ, որովհետև նրանք բոլորից լավ գիտեն, թե մարզիկի համար որն է լավ,- իր աշխատանքի սկզբունքներն է ներկայացնում Գեն:- Այս դեպքում ես շատ շփվեցի Բրայանի ու Եվգենյայի հետ: Մենք բոլորս ունեինք տարբեր հղացումներ: Բրայանի հետ որոշարկեցինք կուրսը, որով պիտի ընթանայինք: Մենք հասկանում էինք, որ մեր ունեցածը մինչև Ռուսաստանի առաջնությունը եղած երեք շաբաթ ժամանակն է: Շատ քիչ ժամանակ էր:


Այդ հաշվարկը նկատի ունենալով էլ սկսեցինք աշխատել երաժշտության վրա: Բրայանն ուղարկեց մի քանի տարբերակ, ես ուղարկեցի մի քանի տարբերակ: Ընդհանուր հաշվարկով մեր ձեռքի տակ եղավ հինգ-յոթ ձայնագրություն: Ջակոմո Պուչինիի «Տոսկան» առաջարկեցի ես: Այդ թեման ունի շատ վարիացիաներ, սակայն այն առանձնահատուկ է: Թիմն ու անձամբ Եվգենյան ասում էին, որ չէին կամենա օգտագործել օպերային երաժշտությունը: Ես ուղարկեցի «Տոսկայի» տարբերակը, որը զգացմունքային էր ու միաժամանակ հզոր: Ես Եվգենյային ասացի, որ «Տոսկան» կարող է բացահայտել նրա ուժեղ գծերը, որ նա կկարողանա փոխանցել գեղեցիկ սահքն ու այն կրակը, որ կա իր մեջ: Գիտե՞ք, Եվգենյայի մեջ առկա է այդ ուժը, այդ կրակը: Մենք ուզում ենք, որ նա դա ցույց տա»:

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԱ


Պարուսույցի կարծիքով, իրավիճակը, որում հայտնվել է Մեդվեդևան, չի նպաստել հաջող հանդես գալուն: Դրա հետ մեկտեղ Միշան կարծում է, որ ապագայում ռուսաստանցու արդյունքները կրկին պիտի աճեն: «Իհարկե ինձ համար դժվար էր ընտրել այն, ինչը նրա համար հարմարավետ էր ու միաժամանակ կօգներ նրան իրեն բացահայտելու այլ կերպ»,- տեղեկացնում է մասնագետը:- Երբ դու ամռանն ես մարզվում, ու քո տրամադրության տակ է մի քանի ամիս, հեշտ է նոր ծրագիր բեմադրել: Տալիս ես մարդուն ինչ պետք է, հասկանում ես նրա ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն մենք ժամանակ չունեինք: Ընդամենը երեք շաբաթ, ու դա «Բ» կարգի մրցում չէր. դա Ռուսաստանի առաջնությունն էր, որը որոշում է՝ կգնա՞ս գլխավոր մեկնարկներին, թե՞ ոչ: Հսկայական ճնշման են բախվում ոչ միայն պարուսույցը կամ մարզիչը, այլև ինքը՝ մարզիկը: Ինձ համար առավել դժվար էր գտնել այն բալանսը, որ նա ի վիճակի լիներ իրականացնելու ծրագիրը»:


Գեն վստահ է, որ աշխատանքի միջոցով է վերադառնալու սեփական ուժերի նկատմամբ հավատը. «Սա նոր բան չէ: Անգամ երբ մենք ինքներս էինք սահում, հաճախ էինք Ժենյայի հետ քննարկում, թե ինչպես է կառուցված մարզիկի բանականությունը ու ինչպես կարելի է նրա վրա ներազդել: Դրանում ոչինչ նոր չէ: Ես աշխատում եմ նրան վստահություն հաղորդել դեռևս այն ժամանակից, երբ մենք մրցում էինք: Ես պատմում եմ նրան այն բաները, որոնք իմացել եմ մեր մարզիչներից: Իսկ նրանք իրենց ժամանակին նույնպես սովորեցրել են օլիմպիական չեմպիոնների ու աշխարհի չեմպիոնների: Ֆրենկ Քերոլ, Ալեքսեյ Միշին, Տատյանա Տարասովա, Բրայան Օրսեր, Ֆիլիպ Միլս: Իմ ունեցածը միայն իմ գիտելիքները չեն, այլև նրանցը: Ես փորձում եմ դրանք փոխանցել իմ գեղասահորդներին: Ես հասկանում եմ, որ այս տարին նրա համար դասավորվում է այլ կերպ համեմատությամբ նրանց, որ եղել են ավելի վաղ: Սակայն մտածում եմ, որ քայլ առ քայլ նա լինելու է ավելի լավը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ