«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ստիպողական հավասարակշռությունը՝ գլոբալ բնույթի հակամարտությունների աղբյուր

Ստիպողական հավասարակշռությունը՝ գլոբալ բնույթի հակամարտությունների աղբյուր
29.05.2025 | 13:17

Աշխարհաքաղաքական ուժերը իրենց հավասարակշռությամբ, անհավասարակշռությամբ, հնարավոր շարժումներով և իրենց էությամբ նմանություններ ունեն զուտ մեխանիկական ուժերի հետ։

Օրինակ, մեխանիկայում եթե մարմնի վրա ազդող բազմաթիվ ուժերի համազորը զրոյից տարբեր է, ապա այն կշարժվի համապատասխան ուղղությամբ, այսինքն հավասարակշռության վիճակի մեջ չի լինի։

Նույն ձևով, եթե հակամարտ աշխարհաքաղաքական ուժերը իրարից տարբեր եղան, ապա նրանց միջև հավասարակշիռ վիճակ լինել չի կարող։

Եվ եթե, ունենալով տարբեր աշխարհաքաղաքական ուժեր և այդ ուժերի միջև հավասարակշիռ վիճակ է, դա պարզապես նշանակում է, որ նրանց հարաբերություններում կան ոչ ակնհայտ ուժեր, որոնք հաշվի չեն առնվել, հակառակ դեպքում անհնարին կլիներ բալանսը նրանց միջև։

Նման բարձր մակարդակի ուժային հարաբերություններում անորոշությունների, պատահականությունների, անսպասելիությունների, խորամանկությունների և այլ նման հանգամանքների հետ կապված հնարավոր պարտության ռիսկերն ու դրանց հետ առնչված վախերը լրացուցիչ ուժեր են, որոնք գոյաբանական բնույթի հակամարտության մեջ սովորական ռազմական կամ ստրատեգիական ուժերին համազոր մեծություններ են, որոնք կարող են լինել հավասարակշռության ռեժիմի անբաժան մասը։

Դա նշանակում է, որ իրական կյանքում տարբեր քաղաքակրթական և ռազմական ուժերի միջև, մանավանդ եթե նաև ունեն ատոմային զենք, հնարավոր է հավասարակշիռ վիճակ, եթե նաև նրանք միմյանց ռազմական հզորության և փոխադարձ ռիսկերի ու վախերի մասին ունենան իրական պատկերացումներ։

Հաճախ, նման բարձր մակարդակի գոյաբանական հակամարտությունների ու դրանց հետ կապված անորոշությունների պայմաններում կարևոր է դառնում նաև կողմերի մենթալիտետային իներցիան, որը խանգարում է նրանց հաշտվել դիմացինի ուժեղանալու կամ թուլանալու փաստերի հետ։

Այս իմաստով, մինչև որ ներկա աշխարհաքաղաքական մակարդակի հակամարտ կողմերի իրական ցուցակն ու նրանց իրական ուժերը չպարզվեն, իրենց ռազմական, ռիսկային, վախային ու իներցիոն բաղադրիչներով հանդերձ, այդ հակամարտությունը չի կարող մոտենալ իր, շատերի, բայց ոչ բոլորի համար ցանկալի, հավասարակշռության ռեժիմին, քանի որ այդ ժամանակ լինելու են շատ բան կորցնողներ և շատ բան գտնողներ, որի հետ հաշտվելը, մանավանդ շատ բան կորցնողների համար, շատ դժվար է։

Բայց այսքան բանը հասկանալուց և նաև ընդհանուր գծերով այն ընդունելուց ու հոգեբանորեն դրա հետ հաշտվելուց հետո էլ հարցերը չեն լուծվի, քանի որ կա այդ ամենը իրականություն դարձնելը՝ աշխարհը քաղաքական ու տնտեսական բնույթի մոտավորապես հավասարազոր և հնարավորիս մինիմալ թվով բլոկների բաժանելու տեսքով։

Դա էլ այն դեպքում, երբ որոշ նման բլոկները իրենց հավանական տեսքով ու չափերով արդեն կան, իսկ մյուսները դեռևս պետք է ձևավորվեն։

Բացի դրանից, եթե նույնիսկ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին հաջողվի իրար հետ հասնել հավասարակշռության, ապա գլոբալ հավասարակշռության հարցը մնացած աշխարհի հետ դեռևս կմնա բաց, քանի որ եթե ուժեղները հավաքվեն մի կողմ և մյուսներին պարտադրեն ստիպողական բնույթի հավասարակշռություն, ապա վերջինս կունենա շատ մեծ պոտենցիալ անկայունություն, որը շատ արագ կդառնա գլոբալ բնույթի հակամարտությունների աղբյուր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ