Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Թրամփն Իրանին սպառնացել է բազմաթիվ ռումբերով, էլեկտրակայանների և կամուրջների ամբողջական ոչնչացմամբ

Թրամփն Իրանին սպառնացել է բազմաթիվ ռումբերով, էլեկտրակայանների և կամուրջների ամբողջական ոչնչացմամբ
21.04.2026 | 11:29

Իրանը հայտարարել է, որ իր զինվորականները պատրաստ են դիմակայել թշնամուն մինչև վերջին շունչը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իսլամական հանրապետությանը սպառնացել է Իրանի հետ հրադադարի ավարտից, այսինքն՝ ապրիլի 21-ից հետո բազմաթիվ ռումբերով: Իրանի վրա բազմաթիվ ռումբեր կընկնեն, եթե հրադադարի ավարտից հետո երկրներին չհաջողվի համաձայնության հասնել. այս մասին, РБК-ի փոխանցմամբ, PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփն Իրանին սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել երկրի տարածքում գտնվող բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից. այս մասին Սպիտակ տան ղեկավարը, «Комсомольская правда»–ի փոխանցմամբ , գրել է «Truth Social» սոցիալական ցանցի անձնական օգտահաշվում։

«Ես հույս ունեմ, որ նրանք կհամաձայնվեն դրան, քանի որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանում յուրաքանչյուր էլեկտրակայան և անխտիր բոլոր կամուրջները»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին «շատ արդար և ողջամիտ գործարք» է առաջարկում: Մինչդեռ մինչ այժմ ԱՄՆ-ի առաջարկած ու հրապարակված գործարքը չի համապատասխանում Թրամփի վերոնշյալ հայտարարությանը, ինչը, ամենայն հավանականությամբ, նրա հերթական ստերից է:

Իրանցի զինվորականները պատրաստ են դիմակայել թշնամուն մինչև վերջին շունչը: Ըստ «Al Jazeera»-ի հաղորդման, այս մասին Իրանական բանակի օրվա կապակցությամբ հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին:

«Մեր ուժերը մինչև վերջին շունչը դիմագրավելու են թշնամուն՝ մատը ձգանին դրած, պատրաստ և՛ մարտի, և՛ զոհերի»,- РБК-ի փոխանցմամբ , հայտարարել է նա:

Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարը նաև խոստացել է շարունակել պաշտպանել «երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ցամաքում, օդում և ծովում»:

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի վստահում Իսրայելին և ԱՄՆ-ին, ու պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները:

«Մենք չենք վստահում մեր հակառակորդներին, և արժե նրանց սխալ թույլ տալ՝ տեսնելու, թե ինչպես Իրանն անմիջապես կվերսկսի ռազմական գործողությունները,- «Tasnim» գործակալության տեղեկացմամբ, ասել է Ղալիբաֆն Իրանի խորհրդարանում ելույթի ժամանակ:- Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են դրան»:

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է նաև, որ երկրի Զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ:

«Մենք չենք վստահում թշնամուն,- «Press TV» հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է Ղալիբաֆը։- Նույնիսկ հիմա, երբ մենք նստած ենք այստեղ, կարող է պատերազմ սկսվել։ Զինված ուժերը տեղերում գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ»:

Երկու երկրների պատվիրակություններն այսօր պետք է ժամանեն Պակիստան՝ բանակցությունների երկրորդ փուլի համար (ավելի վաղ նշվում էր, թե բանակցությունները հանգստյան օրերին են նախատեսված), բայց…

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ-ի նախագահի փեսա Ջարեդ Քուշները մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. այս մասին, РБК-ի փոխանցմամբ, Դոնալդ Թրամփը հայտնել է «New York Post»-ին:

CNN-ի աղբյուրների տվյալներով, որոնք իբրև ծանոթ են ԱՄՆ-ի պատվիրակության ծրագրերին, Վենսն Իրանի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար Պակիստան կմեկնի միայն վաղը՝ ապրիլի 21-ին: Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 22-ին, սակայն դրա անցկացման ժամկետների մասին, ինչպես CNN-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները, պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:

«Մենք պետք է բանակցություններ վարեինք։ Ես կարծում եմ, որ այս փուլում ոչ ոք խաղեր չի խաղում»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ անձամբ պատրաստ է հանդիպել Իրանի առաջնորդների հետ՝ բանակցություններում բեկման հասնելու պայմանով:

Ինչո՞ւ է Թրամփն ամերիկյան պատվիրակության մեկնումից հետո ոչ թե ներկա, այլ անցյալ ժամանակով արտահայտվել՝ «Մենք պետք է բանակցություններ վարեինք»… Հավանաբար այն պատճառով, որ արդեն տեղեկացվել է բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելու մասին:

РБК-ի փոխանցմամբ, ինչպես իրանական բանակցային խմբին վկայակոչելով, հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը, Թեհրանը հրաժարվում է բանակցությունների նոր փուլից, քանի դեռ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գտնվում են Հորմուզի նեղուցում և իրականացնում Իրանի ծովային շրջափակումը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսօր հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի պլաններ չունի՝ վստահության բացակայության պատճառով: Նա հանդիմանել է ԱՄՆ-ին վարքագծի և հայտարարությունների անհամապատասխանության համար՝ որպես օրինակ բերելով Հորմուզի նեղուցի շրջափակումը և մի քանի անգամ արձանագրված հրադադարի խախտումները:

Իրանի IRNA պաշտոնական գործակալությունը ժամեր առաջ նույնպես հայտնել է, որ Իրանը հրաժարվել է մասնակցել Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին: Պարբերականը մերժման պատճառ է համարում Վաշինգտոնի ուռճացված, չափազանցված պահանջները, անիրատեսական սպասումները, բանակցային դիրքորոշման մշտական փոփոխությունները, հակասություններն իրենց իսկ արտահայտած դիրքորոշումներում և Իսլամական Հանրապետության շարունակվող ծովային շրջափակումը:

Թրամփն ավելի վաղ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում

հայտարարել է, որ իր համար միևնույն է, թե Իրանի պատվիրակությունն առաջիկա բանակցություններին արդյոք կժամանի՞ Իսլամաբադ:

«Ես չգիտեմ, նրանք պետք է այնտեղ լինեին: Մենք համաձայնեցինք այնտեղ լինել… Եվ մենք կտեսնենք՝ նրանք այնտեղ կլինե՞ն, թե ոչ: Եթե նրանք այնտեղ չլինեն, դա նույնպես նորմալ է»,- «РИА Новости»–ի փոխանցմամբ , ասել է ԱՄՆ-ի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե Իրանն արդյոք մասնակցելո՞ւ է բանակցություններին:

Թրամփը, ըստ «Bloomberg» գործակալության հրապարակման, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում չեղարկել Հորմուզի նեղուցում ծովային շրջափակումը, քանի դեռ Իրանի հետ խաղաղության գործարք չի կնքել:

«Ես դա չեմ բացի (ծովային շրջափակումը-խմբ.), քանի դեռ գործարք չի կնքվել»,- «Комсомольская правда»–ի փոխանցմամբ , ընդգծել է ԱՄՆ-ի առաջնորդը։

Գործակալության հավաստմամբ, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շատ շուտով աշխատանքային այցով կմեկնի Պակիստան։ Այնտեղ նա վաղը ցանկանում է մանրամասն քննարկել պատերազմն ավարտելու ծրագիրը, և թե ինչպես կարելի է վերսկսել Իրանի հետ բանակցությունները։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ