Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը

Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը
18.09.2025 | 20:17

Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).

Թարգմանություն. «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։

Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում եւ ինչպիսի որակումներով «պատվել»՝ հայտնի է բոլորին։

Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը։

Լևոն Տեր-Պետրոսյան

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ