«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Թիկունքից հարվածելու «նուրբ արվեստը»

Թիկունքից հարվածելու «նուրբ արվեստը»
11.08.2025 | 14:47

ՈՒկրաինական ճգնաժամի ամենավճռորոշ կետին ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մոտեցան ամենաթույլ վիճակում: Գարնանից ռուս-ուկրաինական ճակատում այնպիսի արագությամբ են իրադարձությունները զարգանում հօգուտ Ռուսաստանի, որ աշխարհի «ամենամայրաքաղաքում» չեն կարողանում կանգնեցնել: Թրամփը փորձեց Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի մոտ Իրան-Իսրայել պատերազմով՝ չհաջողվեց, փորձեց Հնդկաստանի ու «Գլոբալ հարավի» երկրների նկատմամբ պատժամիջոցները խստացնել, բայց դա էլ արդյունք չտվեց: Նույնիսկ ատոմային սուզանավեր ուղարկեց Ռուսաստանի սահմանների մոտ, բայց ռուսներն այդ առիթն օգտագործեցին՝ հրաժարվելու միջին հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից ու ավելի կոշտացրին իրենց ռազմաքաղաքական դիրքորոշումը:

«Տարօրինակ պատահականությամբ»՝ հենց այս կիզակետում Նիկոլ Փաշինյանը գնաց «Թրամփի կամրջի» ստորագրմանը, որով ԱՄՆ-ը փորձում է ամենացավոտ հարվածը հասցնել Ռուսաստանին՝ բառացիորեն ներխուժելով Հարավային Կովկաս:

Հնարավոր կլինե՞ր դա, եթե Ռուսաստանի թիկունքում չլիներ Նիկոլ Փաշինյանի պես մեկը, ով եթե պատրաստ է դավաճանել սեփական ժողովրդին ու երկիրը, չէր դավաճանի նաև ռազմավարական դաշնակցին: Իհարկե՝ ոչ: Բայց դա շատ խորամանկորեն արեց, ինչպես դավադրաբար ադրբեջանական զորքերը 2021 թվականի ընտրություններից առաջ բերեց ու մտցրեց Գեղարքունիք և Սյունիք, ինչպես, սահմանազատման շղարշի տակ, ադրբեջանցիներին կանգնեցրեց հայ-վրացական ռազմավարական ճանապարհի գլխին: Օրինակները շատ են, բայց կանգ առնենք այն հանգամանքի վրա, որ դեռևս իշխանության գալու առաջին օրերից Հայաստանում սկսեց հակառուսական քարոզչությունը, հետագայում իր իսկ կողմից հրահրված 44-օրյա պատերազմում պլանավորված պարտությունը, Արցախի շրջափակումն ու բռնի հայաթափումը նրանց վրա բարդելու համար:

Ալիևը մի քիչ երկար դիմացավ իր հակառուսականությունը (նույն աշխարհաքաղաքական կենտրոնից թելադրվող) ցուցադրելու մեջ: Նախ՝ Փաշինյանի հակառուսականությունն օգտագործեց Արցախը զավթելու համար, ապա, երբ Փաշինյանից ստացավ Հայաստանի դեմ իր ստրատեգիական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ բոլոր զիջումները, հանեց ճանկերը նույն Ռուսաստանի դեմ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միասին՝ ձեռք ձեռքի տված, նույն քաղաքական փազլի մասերը լինելով, գեներացրին ու հասունացրին այնպիսի կեղծ իրավիճակ, երբ Ռուսաստանին թիկունքից հարվածելը, գոնե իրենց ընտրազանգվածների համար, լեգիտիմացրին:

Չորս օրից Թրամփն ու Պուտինը հանդիպելու են Ալյասկայում: Հիմա ԱՄՆ-ի նախագահն արդեն «հակափաստարկներ» ունի: Եթե մի քանի ամիս առաջ համաձայն էր, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խորքային պատճառների բացառմամբ, որ այդ պատերազմը չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ-ի նախագահը, ապա հիմա նա Պուտինի առաջ դնելու է մի քարտեզ, որտեղ «հաստ կարմիրով» նկարված է լինելու «Թրամփի կամուրջը»: Այսինքն, ինքն արդեն, առաջին հերթին Հայաստանի վարչապետի, ապա Ադրբեջանի նախագահի ստորաքարշ համաձայնությամբ, Ռուսաստանի ամենաթույլ տեղում է, որը չէր կարողացել ստանալ Իրան-Իսրայել պատերազմի արդյունքում:

Չի բացառվում, որ Ռուսաստանն այս «ձիով քայլից» նույնպես կարողանա խույս տալ, բայց այդ դեպքում նրա արձագանքը չափազանց կոշտ է լինելու՝ առաջին հերթին Հայաստանի նկատմամբ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ