Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ Թրամփ - Զելենսկի հանդիպումից անմիջապես առաջ, հստակ ազդակ է, որ ուկրաինական ճգնաժամը մտնում է նոր փուլ։
Առաջին․ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Պուտին - Թրամփ հանդիպումը Բուդապեշտում կարող է դառնալ ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևոր հանգրվան, այլև նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության ձևավորման մեկնարկային փուլ։ Մեկնարկում է դիվանագիտական սակարկությունների նոր փուլը:
Երկրորդ․ ՈՒկրաինան, ըստ ամենայնի, վաղը Tomahawk հրթիռներ չի ստանա, սակայն հարցը օրակարգից դուրս չի գա․ այն կմնա Վաշինգտոնի ձեռքում որպես ռազմավարական ճնշման լծակ, որը կարող է օգտագործվել հետագա բանակցություններում՝ առավելագույն ազդեցություն ապահովելու նպատակով։
Երրորդ․ Թրամփի հայտարարությունը՝ «երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի», ուղերձ է միջազգային հանրությանը, որ անգամ խոր հակասությունների պայմաններում Վաշինգտոնը և Մոսկվան շարունակում են վերահսկել իրավիճակը և չեն պատրաստվում անցնել «կարմիր գծերը»։
Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովը կարող է դառնալ այն կետը, որտեղ կորոշվեն ոչ միայն ՈՒկրաինայի ճակատագիրը, այլև եվրոպական անվտանգության նոր համակարգի հիմնական ուղղությունները։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ