Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Զգացմունքներ և բանականություն

Զգացմունքներ և բանականություն
28.02.2025 | 20:25

«Ոչ ոք չի կարող չարչարել մեր ազգը, ոչ էլ թշնամու սուրը կվնասի մեզ, եթե մենք չմեղանչենք մեր Աստծու դեմ»

(Յուդիթ 11։8):

Սուրբ Գրքում չկա մի տեղ, որում գրված լինի, թե երբևէ ԱՍՏՎԱԾ գովում է ինչ-որ ժողովրդի, որովհետև չկա մի ժամանակաշրջան, որ որևէ ազգ կամ ժողովուրդ լիովին արդար ու անմեղ լինի ԱՍՏԾՈՒ առաջ։ Այսօր գրեթե ամեն մի հայ մարդ՝ գիտակ թե ոչ, գոնե ինքն իր մեջ հարց է տալիս, թե որոնք են այն պատճառները, որ մեզ հասցրին այս խառնիճաղանջ վիճակին։ Մեզ շարունակ լսացրել են, թե «ժողովուրդը չի սխալվում» կամ, թե «ձայն բազմաց՝ ձայն ԱՍՏԾՈ» արտահայտությունները։ Մեր անկախության տարիների փորձը հենց այդ արտահայտությունների հերքումն է ապացուցում։ Քաղաքական թատերաբեմում շարունակ հայտնվել ու հայտնվում են խորամանկ ու խարդախ բազմաթիվ անձինք, կազմակերպություններ և իշխանություններ, որոնք այս խոսքերով փափուկ բարձեր են դրել ժողովրդի գլխի տակ, բթացրել են նրա զգոնությունը, ճարպկորեն խաղացել ու խաղում են ժողովրդի հոգու նուրբ լարերի վրա, մարդահաճությամբ ինքնաբավության, ինքնագոհության ու սնապարծության ախտերով են վարակել ժողովրդի լայն զանգվածներին: Մենք էլ չկարողանալով խորամուխ լինել երևույթների խորքերը, առանց որոշակի ճշտումներ, պարզաբանումներ ու բացահայտումներ կատարելու, տրվելով նրանց խաբկանքներին կատարել ենք մեզ համար կործանարար ու աղետալի քայլեր: Արդյունքում՝ այս բոլոր ուժերը հետևողականորեն հասնում են իրենց խիստ շահադիտական ու մանրախնդիր նպատակներին։
Մեր գրեթե բոլոր ընտրությունները, դրա վառ ապացույցն են, երբ մեզ համար ընտրեցինք ղեկավարներ ու առաջնորդներ, որոնց մեղսալից գործողությունների հետևանքները դեռ երկար հետապնդելու են մեզ։ Ընտրում ենք նույնիսկ նրանց, որոնցից ընդհամենը մի քանի տարի առաջ հայհոյելով ու անիծելով՝ ցնծությամբ ազատվել էինք: Նրանք վերադառնում են քաղաքական թատերաբեմ առանց որևէ զղջման ու ափսոսանքի՝ իրենց արածների ու չարածների համար, իսկ ժողովուրդը ներողամտաբար ու հանդուրժանքով, ցնծությամբ նրանց փրկիչներ է հռչակում և իրեն էլ գցում է նրանց ոտքերի տակ:
«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակվեք. Եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք» (Ա Կորնթացիներ 5:11):
Այդ անառակ որդիները վերադառնում են ոչ թե զղջալու պատճառով, այլ ուղղակի պարարտ եզը մորթելու և կրկին խրախճանք անելու համար: Իսկ մեր ներողամտությունն ու հանդուրժողականությունը բխում է ոչ թե մեր մեծահոգությունից, այլ ուղղակի վեհերոտության ու տկարության արտահայտությունն է՝ մտածելով, թե նրանք հզորներն են, իրենցից ուժ են ներկայացնում և երևի իրենց շուրջը կիտված ու իրենց հետևող ժողովրդին կպաշտպանեն:
Տեղին է հիշել, երբ 1998 թվին հրաժարական էր տալիս Լ. Տեր-Պետրոսյանը, ասաց. «Կգա ժամանակ, երբ դուք կխնդրեք իմ վերադարձի համար, իսկ ես էլ կմտածեմ՝ գամ, թե՞ ոչ»: 10 տարուց հետո հայտնվեց, գրկաբաց ընդունվեց ու նիկոլի հետ միասին, իրեն հետևող ժողովրդին տարավ սպանդանոց, ինքն էլ հանգիստ ու խաղաղ քուն մտավ:
Մի՞թե ճիշտ էին դեռևս 88-ին խորհրդային «Правда» թերթի այն հոդվածի խոսքերը մեր մասին, որը վերնագրված էր «Զգացմունքներ և բանականություն» (Эмоции и разум)։ Փաստորեն մեր գործողությունների մեջ հիմնականում առաջնորդվել ենք միայն զգացմունքներով, մի կողմ թողնելով առողջ բանանկանությունն ու դատողությունը, այնինչ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ մեզ ասում է․ «Այսուհետև խորագետ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման»։ (Մատթեոսի 10։16)
Կրքերով ու զգացմունքներով՝ մեզ որպես առաջնորդներ ընտրեցինք կամ հանդուրժեցինք Լևոնին, Ռոբերտին, Սերժին ու այս վերջին պատուհասին՝ նիկոլին, որն էլ խաբեպատիր ու ստախոս, դեմագոգ ու հիվանդագին իր դրսևորումներով դարձավ այս շարքի գլուխգործոցը։ Կարելի է համոզված ասել, որ բոլոր նախկինները իրենց ակտիվ ջանքերով, իրենց անբարո վարքով ու բարքով նախապատրաստեցին այս մեկի գալու ճանապարհը և սա էլ ներկայումս շարունակ շեփորահարելով ու իրեն կոծկելով «նախկիններ» չարչրկված արտահայտությամբ, իրականացնում է իրեն պատվիրված ամեն ազգադավ ու հայրենադավ ծրագիր։ Ի վերջո սա էլ է համալրելու պատմությանը հայտնի վեստսարգիսների ցուցակը և կարելի է ենթադրել, թե որպես այդպիսին, ինչպես կավարտի իր երկրային այս կյանքը և ինչ հետք կթողնի սերունդների հիշողությունում։
Բայց միևնույն է, մեր հայրենիքի ու մեզ հետ պատահած ամեն ինչի համար պատասխանատվությունը ամբողջովին ընկած է մեզանից յուրաքանչյուրի վրա, ընդունենք դա՛, թե ոչ՛։ Բոլոր այս անձինք չեն գործել միայնակ, նրանցից յուրաքանչյուրը շրջապատված է եղել մեր միջից դուրս եկած բազմաթիվ համախոհներով, կուսակցություններով, հաճկատար, պնակալեզ ու ներքինիացված կառավարություններով, ենիչար ոստիկաններով, սոցիալական տարբեր շերտերի հաճկատար ներկայացուցիչներով, որոնք իրենց առջև նետված կերակրատաշտից մի որևէ մեծ կամ փոքր փշրանք փախցնելու մարմաջով, իրենք էլ պատրաստ եղան ոտատակ տալ և զոհաբերել ամեն մի բարոյական, նվիրարական ու սուրբ արժեք, իրենց ամեն մի քստմնելի արարք արդարացնելով մի ծեծված արտահայտությամբ. «դե՛ մենք ի՞նչ, մենք փոքր մարդիկ ենք՝ հրամանների ենթակա, ա՛յ մեղավորները վերևներում նստածներն են»: Մարդկության պատմության մեջ մեծագույն ստորություններն ու հանցանքները կատարել են այդ այսպես կոչված «փոքր մարդիկ՝» գործելով իրենց վերադասերի ստվերներում: Այդ «փոքր մարդիկ» են, որ մի քիչ թափ հավաքելով հայտարարում են, թե եթե ժողովուրդն անգամ 100 տոկոսով էլ ընտրություն անի, միևնույն է իրենք են որոշելու ու՛մ կթողնեն իշխանության և նմանակերպ նաև իրենք են որոշելու, թե ո՞վ պետք է լինի մեր եկեղեցու կաթողիկոսը և եթե ժողովուրդն ըմբոստանում է, ապա նրան հանդարտացնելու համար մի 800 հոգու կարելի է զրահամեքենաների տակ փռել, իսկ ներկայումս էլ համատարած ասվալտին փռելու մասին են հոխորտում: Եվ այս բոլոր «փոքր մարդիկ» ապրում են մեր մեջ, մեր ընկերներն են, եղբայրները, ազգականները, հարևանները, ծանոթները, որոնց մենք ամեն օր առընչվում ենք, ողջունում ու հանդուրժում:
Քրիստոնեական արժեհամակարգը ուրացած, շարունակ կուրծք ծեծելով, թե առաջին քրիստոնյա ազգն ենք, ներկայումս վեր ենք ածվել անահավատ-քրիստոնյա մի ժողովրդի և մեր վրա կրում ենք դրա նվաստացուցիչ ու ծանր հետևանքները: Իսկ մեր քրիստոնյա լինելն էլ պայմանավորված է լոկ մեր մշակութային նկարագրի մնացորդներով:
Նորից կանգնած ենք մի ճամփաբաժանի առջև և շփոթված, տրոհված, խուճապի մատնված չենք կողմնորոշվում, թե միակ ու ճիշտ ո՞ր ուղով պետք է շարունակենք մեր ընթացքը՝ դարձյալ չկործանվելու և չպատուհասվելու համար։
Հարց տանք ինքներս մեզ, մի՞թե ՏԻՐՈՋ Զորությունը բախվելով մեր ժողովրդի համառությանը, հիմարությանը, հաստակողությանն ու պնդաճակատությանը, հնարավոր է պարտվի և արդյունքում միանշանակ տուժվելու ենք հենց միայն մենք, ինչպես նախկինում հզոր եղած, իսկ հետո պատմության թատերաբեմից հեռացված բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ։
Հիմարացած ազգը հիմար առաջնորդ է ունենում, խելացի ազգը ուրիշների փորձով է խրատ առնում, իսկ անխելք ժողովուրդը իր սեփական փորձից էլ չի խրատվում և անխրատ, անհավատ, անօրեն ու անաստված ժողովուրդը ապագա չի ունենում:
«Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է և իշխաններդ կերուխում են անում վաղ առավոտից» Ժողովող 10:16
Նիկոլը քաղաքական թատերաբեմում ակտիվ գործողություններ ձեռնարկելով՝ հպարտություն քարոզեց, որը յոթ մահացու մեղքերից առաջինն է՝ սատանայից ծնված, «դուխ» տվեց բոլոր վախկոտներին, որ կուրծք ծեծելով իրենց վախկոտությունը շեփորահարեն, միասեռականներին՝ որ իրենց միասեռականությունը քարոզեն, տականքին՝ որ փրփուր դառնան։
Երբ ներկա իշխանություների կողմից հերթական անտրամաբանական ու ապազգային արարքների մասին որևէ բացահայտումներ են արվում, որպես բացատրություն լսում ենք շատ տարածված մի այսպիսի խոսք. «դե՛ ժողովրդին ձեռ են առնում»։ Մի՞թե ժողովուրդն ինքն իրեն ձեռ չառավ, երբ 2021 թվին մի ստվար զանգված, որին ոչ ոք չէր պարտադրում, որ գնային ու անպայման ընտրեին նիկոլին կամ նախկիններին, երբ իրականում էլ կար այլընտրանք, կարծես թե բանականությունից իսպառ հրաժարված, թքած ունենալով ամեն տեսակ վեհ ազգային, մարդկային գաղափարի վրա, բոլորին՝ նախկիններին, ընդդիմությանը, թշնամիներին, բարեկամներին, ողջ աշխարհին, ինքն իրեն ինադ անելով՝ ինչպես ասում են «ինադ արին էլերին, քամակն արին գելերին», երկրորդ անգամ ձայն տվեցին իրենց պարտության ու համաշխարհային խայտառակության հասցրած այս իշխանություններին։ Նրանց մեջ քիչ չէին ընտանիքներ, որոնց հարազատներից որևէ մեկը արդեն զոհվել էր 44 – օրյա պատերազմում:
Աշխարհը տարբեր հարթակներում ծիծաղում է մեզ վրա, արհամարհում են, ծաղրում, նսեմացնում մեր երկրի ներկայացուցիչներին՝ թեկուզև ներկայիս իշխանավորներին: Մի՞թե կարելի է մտածել, թե այդ ամենը մեզ, յուրաքանչյուրիս չի վերաբերում, չէ որ հայտնի խոսք է, որ «ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին ինքն արժանի է»:
Որևէ մարդ արարած՝ լինի խելացի, թե անխելք, միամիտ, թե խորամանկ, չի կարող ի վերջո կանգնել ՏԻՐՈՋ առաջ և արդարանալ, թե ինքն ուղղակի խաբվել է և մեղքը այդ խաբեբաներինն է, ինչպես փորձում էին արդարանալ մեր խաբված նախաստեղծ նախնիները՝ իրենց մեղքերը հասցեագրելով կնոջը, օձին, սատանային և ԱՍՏԾՈՒՆ։

(շարունակելի)

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ