Օգտագործեք և տարածեք
Թեմա․ «Զանգեզուրի միջա՞նցք, թե՞ ինքնիշխան ճանապարհ»
Սկսել պարզ հարցով.
Հարց 1. Փաշինյանը միջա՞նցք է տվել , թե՞ ճանապարհ:
Պատասխան. Ոչ մի միջանցք էլ չի տվել, այլ ԱՄՆ -ի երաշխավորությամբ՝ ճանապարհ:
Հարց 2․Շատ լավ, իսկ օգոստոսի 8-ի եռակողմ հայտարաության մեջ ԱՄՆ-ը ստանձնե՞լ է երաշխավորի պատասխանատվություն:
Պատասխան. Չգիտեմ, բայց ասացին, որ ԱՄՆ-ն է երաշխավորը:
Հարց 3. Ընտիր, իսկ գիտե՞ս, որ այդ հայատարարության մեջ ԱՄՆ-ը, ի դեմս Թրամփի, ոչ թե երաշխավոր է (guarantor), այլ վկա (witness): Դրանք նույն բա՞նն են:
Պատասխան. Դե, ես անգլերենից լավ չեմ, դու կիմանաս:
Հարց 4. Եթե դու Վրաստան ես գնում Լարսով, դա ի՞նչ է՝ ճանապա՞րհ, թե՞ միջանցք։
Պատասխան․ Ճանապարհ։
Հարց 5․ Իսկ ո՞վ է վերահսկում այդ ճանապարհը՝ Հայաստա՞նը, Վրաստա՞նը՝ իր սահմանային և մաքսային հսկողությամբ, թե՞ երրորդ երկիր։
Պատասխան․ Յուրաքանչյուր երկիր վերահսկում է իր տարածքը՝ իր սահմանային և մաքսային հսկողությամբ:
Հարց 6․ Իսկ եթե Վրաստան գնալու համար մեր ճանապարհը լինի այնպես, որ Հայաստանը չկարողանա այնտեղ մաքսային և սահմանային հսկողություն իրականացնել, դա նույնպե՞ս ճանապարհ է։
Պատասխան․ Դե չէ, դա արդեն այլ բան է ու այլ կարգավիճակ է։
Հարց 7․ Ուժեղ ես, իսկ գիտե՞ս ինչ է քո ասած այլ կարգավիճակը միջազգային իրավունքում։ Դա տարածք է, որով անցումը կատարվում է առանց տվյալ երկրի լիարժեք և ամբողջական սուվերեն վերահսկողության։
Պատասխան . Հա, բայց էնտեղ «միջանցք» բառ չկա գրած, ուրեմն Փաշինյանը միջանցք չի տվել:
Հարց 8. Շատ լավ, իսկ գիտե՞ս ինչ է նշանակում Փաշինյանիդ տված Unimpeded connectivity «անխոչընդոտ կապը», ու խնդրում եմ պատասխանելուց առաջ հիշիր՝ Վրաստան գնալուց խոչընդոտ, այսինքն, սահմանային և մաքսային խոչընդոտ ու արգելք կա՞:
Պատասխան. Այո կա, բայց Փաշինյանը իմը չի, ես էլ նիկոլական չեմ:
Հարց 9․ Դե ընտրութունների օրը կտեսնենք, բայց լավ, ընդունեցի, որ Փաշինյանը քոնը չի, դու էլ նիկոլական չես, բայց այսքանից հետո ունե՞ս կասկած, որ Փաշինյանը տվել է հատուկ կարգավիճակով ուղի, միջանցք, որտեղ Հայաստանը չի ունենա մաքսային և սահմանային հսկողություն, իսկ անվտանգությունը և ռեժիմը որոշվելու են Ադրբեջանի ու Թուրքիայի գերակա մասնակցությամբ:
Պատասխան. Դե հա, բայց ԱՄՆ-ը չի թողնի:
Հարց 10․ Շատ լավ, բայց պայմանագրում ասված է, որ լինելու է «անխոչընդոտ» հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և դա ապահովելու են երրորդ կողմերը և միայն Հայաստանը, և դա նշանակում է որ մեր վերահսկողությունը դուրս է մնում՝ ստեղծելով միջանցքի ռեժիմ, և Թրամփը դրա վկան է, ոչ թե երաշխավորը:
Պատասխան. Բա վկան հեչ, դա երաշխիք չի՞ փաստորեն:
Պատասխան հարցին. Հիշեցնում եմ՝ Թրամփը նախագահ է սահմանափակ ժամանակով, ու տված խոստումն էլ սահմանափակվել է «խնդիր լինի՝ զանգեք» տարբերակով: Բա որ զանգի՝ չվերցնի: Հիմա էդ վկան երաշխիք է՞:
Պատասխան - Հա դե չէ ,տենց չեղավ:
Հարց 11․ Ասա, էլի, ամեն դեպքում, ո՞նց ես մտածում, եթե ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը չի վերահսկում մուտքն ու ելքը, դա ի՞նչ է՝ ճանապա՞րհ, թե՞ միջանցք, ու էդտեղ Հայաստանը կա՞, թե չէ:
Պատասխան. Փաստորեն՝ չկա. Բա ինչի՞ են ասում, որ չենք տվել միջանցք, ու այդ ճանապարհը ՀՀ ինքնիշխանության տակ է, կարող է ամեն դեպքում չեն տվել:
Պատասխան հարցին- Համառ ջան, փաստաթղթում «միջանցք» բառը ուղղակիորեն չկա, բայց օգտագործված է միջազգային իրավունքի միջանցքային բովանդակությանը շատ մոտ և նույնական եզրույթ՝ «անխոչընդոտ կապ». կրկին հիշիր Վրաստան գնալ-գալդ: Սա նշանակում է՝ Հայաստանի սուվերեն վերահսկողության սահմանափակում տվյալ հատվածում։ Սա փաստացի համապատասխանում է միջանցքի գաղափարին միջազգային իրավունքում, նույնիսկ, եթե բառացիորեն «corridor» կամ «միջանցք» չի գրված։
Սա մի փաստաթուղթ է, որը վկայում և ձևակերպում է միջանցքային ռեժիմ, բայց այն ներկայացված է որպես «անխոչընդոտ կապ», «unimpeded connectivity» փափուկ տերմինով՝ Փաշինյանիդ, կներես, Փաշինյանի հանդեպ քաղաքական և հանրային ընդդիմությունը նվազեցնելու և հասարակության համար ավելի ընդունելի խաբկանք դարձնելու նպատակով։
Հարց 12. Անկախ նրանից՝ դու Փաշինյանին կընդդիմանաս իր «չխոստացած» ու «չտված» միջանցքը «չտալու» համար, թե չէ, ասա, խնդրում եմ, Փաշինյանը տվել է ճանապա՞րհ, թե՞ միջանցք։
Պատասխան․ (Լուռ և համառ հայացք, բայց կասկածը մեջը):
Հարց 13. Հիմա կասկածու՞մ ես, որ Փաշինյանը քեզ խաբել է:
Պատասխան. Կարևորը խաղաղություն լինի:
Հարց 14. Քեզ խաբողի բերածը խաղաղությու՞ն է, թե՞ «խաղաղություն» բառ, որը գցել է բերանդ, որ դրանով խաղաս:
Պատասխան. Օֆ դե եսի՞մ, է, ես քաղաքականությունից չեմ հասկանում:
Պատասխան պատասխանին- Ես քո տեղը քաղաքականությունից հասկանում եմ, բայց ես քեզ ու ձեզ չեմ հասկանում:
Վլադիմիր Մարտիրոսյան