Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ներդաշնակվում-հաշտվում են Արևելքն ու Արևմուտքը

Ներդաշնակվում-հաշտվում են Արևելքն ու Արևմուտքը
10.11.2017 | 11:40

Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Վահան Մարտիրոսյանի առաջարկությամբ նվագախմբի համար գրեցի երկու գործ։ Մեկը հիմնված է Ներսես Շնորհալու (12-րդ դ.) «Այսօր տօն է» երգի և մուսալեռցիների պարեղանակի վրա, որտեղ փորձել եմ ներդաշնակել հոգևորը և աշխարհիկը մեկ ամբողջության մեջ, մյուս գործում միավորել եմ երեք բաղադրիչ՝ «ՈՒստի՞ կուգաս» ժողովրդական երգը, հայկական ժողովրդական «Փահլևանի» (լարախաղացի) պարեղանակը և «Սալտարելլո» իտալական պարեղանակը։ Երկու պարն էլ թռիչքներով պարեր են (salto նշանակում է թռիչք)։ Կան գիտական հիմնավորումներ, որոնց համաձայն իտալական միջնադարյան երաժշտության որոշ ժանրեր ձևավորվել են հայկական երաժշտության «ուղղակի ազդեցությամբ», օրինակ, Հռոմի կաթոլիկ եկեղեցում ձևավորված «գրիգորյան խորալը» (երաժշտագետներ` Վալենտինա Կոնեն, Թամարա Լիվանովա, Գեորգի Խուբով)։

Երկու մշակույթների նման առնչությունների վառ օրինակներից են նաև նշված պարեղանակները, որոնց կառուցվածքի, թռիչքների, ռիթմիկայի նմանությունները թույլ են տալիս ասել, որ հայկական և իտալական այդ պարեղանակները պարզապես «երկվորյակներ» են։ Այս ստեղծագործությունն ունի նաև հատուկ խորհուրդ. այստեղ ներդաշնակվում-հաշտվում են Արևելքն ու Արևմուտքը։ Մշակույթների այս փոխներթափանցումը թեպետ մի շշուկ է, սակայն, այնուամենայնիվ, կոչ է բարեկամության, խաղաղության, որոնք այդքան անհրաժեշտ են գոյատևելու բռնություններով, մոլեգնող ահաբեկչությամբ լի աշխարհում։ Վերոնշյալ երկերի պրեմիերան կայացավ 2017 թ. օգոստոսի 6-ին` Շվեյցարիայում, Պուպլյանժում տեղի ունեցած փառատոնի շրջանակում։


Համերգում հնչեցին նաև Յոհան Սեբաստիան Բախի լա-մինոր ջութակի կոնցերտը, Նիկոլո Պագանինիի թիվ 1 և 24 կապրիսները` Էրիկ Սիլբերգերի (ծնվ. 1981 թ.) կատարմամբ։
Երեկոյին հանդես եկավ նաև երիտասարդ կլառնետահար Դամիեն Բախմանը (ծնվ. 1991 թ.), որը նվագեց Ջոակինո Ռոսինիի «Ինտրոդուկցիա և թեմա վարիացիաներով» ստեղծագործությունը և Սարասատեի «Կարմեն» ֆանտազիան։ Նվագախումբը կատարեց նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆլորենտին Մյուսլանի (ծնվ. 1962 թ.) 1-ին սիմֆոնիան։
Հնչեցին նաև Կոմիտաս-Ասլամազյանի «Շուշիկի», «Խումար» և «Կռունկ» մանրանվագները։ Վերջինիս մենակատարն էր նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը։
Համերգն ավարտվեց Ռուբեն Ալթունյանի «Խաչատրիանա» ստեղծագործությամբ։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 20677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ