Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը համաձայնելու է, որ այդ միջանցք կոչվածը ԱՄՆ-ը իրենով անի:
Ու այս անհամաձայնությունը մեզ համար չէ, մենք ընդհանրապես չկանք հիմա, մեր շահերը արտաքին աշխարհի հետ հարաբերման մեջ սպասարկող չկա:
Այս հողերի վրա, որ մեր հայրենիքն է, հայերից հետո ամենաշատը ռուսներն են արյուն ու քրտինք թափել, և եթե նույնիսկ մենք ուրանում ենք դա՝ լուռումունջ թուրքական ազդեցութան գոտի դառնալով, ռուսները իրենցը լավ են հիշում և դրա հետևից վաղ թե ուշ գալու են:
Իմ խնդիրն այստեղ այլ է՝ հայկական օրակարգի բացակայությունը: Իսկ այդ օրակարգն ասում է, որ այդ միջանցք կոչվածը չպիտի լինի, քանի դեռ Արցախ վերադարձ չկա, քանի դեռ Լաչինի միջանցքը չկա, և քանի դեռ թյուրքական աշխարհը հային այս տարածաշրջանից վերացնելու ծրագրեր ունի, մեր շահերի դեմ է այդ միջանցք կոչվածը, և բացարձակ էական չէ, թե ով կկառավարի դա:
Այս պարզ հայկական օրակարգի շուրջ կա՞ համախմբում՝ չկա: Ինչու՞ չկա, որովհետև քաղաքական գիտակցություն չկա: Մինչ օրս շատերին թվում է (որոշներն էլ սկսել են դրա քարոզով զբաղվել), թե մեր խորքային խնդիրները տնտեսական դաշտում են: Իսկ սա նվեր է թյուրքական աշխարհին. քաղաքական գիտակցությունից զուրկ հայը նվեր է թյուրքական աշխարհին:
Հովհաննես Ավետիսյան