Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԼԻՆ»

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԼԻՆ»
22.01.2010 | 00:00

Հունվարի 21-ին «Իրավունք de facto» ակումբի հյուրն էր ՀՀ երրորդ արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Զրույցի թեման հայ-թուրքական հարաբերություններ էր, սակայն լրագրողների հարցերում ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքի նաև այլ խնդիրներ էին:
-Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց, թեպետ մեղադրող կողմը 6 տարի էր պահանջել։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ նրա դեպքում անընդունելի համարվեցին համաներման նախադեպերը:
-Այս ողջ գործընթացն աննախադեպ է իր էությամբ` վհուկների որսը, փետրվարի 19-ի ընտրություններից անմիջապես հետո սկսված քաղաքական հետապնդումները։ Անկախ մարտի 1-ի իրադարձություններից, փետրվարի 24-ին սկսվել էին քրեական առաջին գործերը... Քաղաքական նկատառումներով իշխանությունները հանձնարարել էին ընտրությունները կեղծելուց հետո բողոքի դեպքում ձերբակալել և քրեական հետապնդման ենթարկել քաղաքական գործիչներին: Մարտի 1-ին իրականացվածը սպանդ էր, որի իրական մեղավորները չհայտնաբերվեցին, սակայն ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ, ստեղծվեց խառնաշփոթ, հազարավորները տնտեսական տեռորի ենթարկվեցին։ Այս գործընթացում բացարձակապես բացակայում է արդարադատությունը։ Երբ չկա անկախ դատարան, ի՞նչ իմաստ ունի նախադեպերից խոսելը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին հանձնարարություն տվողներին ուղղեք այդ հարցը, իսկ որ հանձնարարություն տրվել է ամենաբարձր մակարդակով, ակնհայտ է: Բոլոր նախկին քաղբանտարկյալների փորձը ցույց է տալիս, որ իշխանություններն ամեն ինչ անում են թեկուզ մեկ օր ավելի նրանց բանտում պահելու համար:
-Ինչո՞վ եք բացատրում, որ ժողովուրդը չարձագանքեց կոնգրեսի դիրքորոշմանը` թիվ 10 ընտրատարածքում կատարված խախտումների առնչությամբ: Ինչո՞վ է բացատրվում կոնգրեսի պասիվ մարտավարությունը:
-Կենտրոնի 5200 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին: Սա շատ լավ ցուցանիշ է, տոներից անմիջապես հետո նորմալ մասնակցություն է ընտրություններին: Այլ հարց է, որ, ինչպես միշտ, իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները: Կոնգրեսը երբևէ այս ընտրությունների հետ կապված հայտարարություն չի արել, որ փողոց է դուրս գալու, բողոքարկելու է: Ընտրությանը ՀԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը Կենտրոնի հասարակությանը մոբիլիզացնելու, ևս մեկ անգամ իշխանությունների վարքագիծը ակնհայտ դարձնելու հնարավորություն էր: Նախկին խորհրդային հանրապետություններում երբևէ եղե՞լ է, որ մեկ մանդատանոց ընտրությունների հետևանքով հասարակական ընդվզումի ալիք բարձրանա: Դա անհնար է, համապետական ընտրություններից հետո կարող է հասարակական ալիք բարձրանալ, որովհետև վերաբերում է ողջ հասարակությանը: Լոկալ ընտրությունը չի կարող ընդվզման ալիք բարձրացնել: Նման նպատակ կոնգրեսը չի էլ ունեցել:
-Տարին սկսվեց իրադարձություններով` մասնավորապես Լավրովի այցը Հայաստան, Էրդողանի այցը Մոսկվա... Վերջին զարգացումներից ի՞նչ եք սպասում:
-Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը սերտորեն կապված ու պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Հարաբերությունների երկու սուբյեկտներից մեկը անընդմեջ` ստորագրման պահից ամիսներ շարունակ, օրը մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ այս երկու գործընթացները միմյանց հետ կապված են: Սրանք վերջին զարգացումներ չեն. տարեմուտից առաջ Էրդողանն այցելեց Վաշինգտոն, տարեսկզբին` Մոսկվա, Թուրքիան և Ռուսաստանն ունեն միմյանց ազգային շահերից բխող օրակարգային լուրջ հարցեր և համընկնող տնտեսական շահեր: Ռուս-թուրքական հարաբերությունների խորացման ծիրին մեջ, ինչպես կասեր դաշնակցությունը, պետք է դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունները, ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը նույնպես սկսվել է Մոսկվայից: Որևէ փոփոխություն չի եղել: Ի վերջո, միայն Պուտինն ու Լավրովը չեն, որ շեշտել են երկու գործընթացների` միմյանցից անկախ լինելը, մինչ այդ էլ տարբեր մակարդակներով ասվել է այդ մասին: Կարծում եմ` դժվար ու հասարակության համար անընդունելի գործընթացներում հայտնված Հայաստանի իշխանություններին աջակցելու ձև է սա: Մերթ ընդ մերթ հնչող հայտարարություններն ապացուցում են, որ գործընթացները շաղկապված են. ինչո՞ւ որևէ մեկը չի ասում, որ հայ-թուրքական բանաձևերը կապ չունեն ռուս-բուլղարական հարաբերությունների հետ, որովհետև կապ չունեն: Թուրքիայի Մեջլիսը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի միայն և միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Թուրքիայի տեսակետից հաջողություն արձանագրելուց հետո:
-Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղի՞ է մտել` հաշվի առնելով, որ Հայաստանը և Թուրքիան միմյանց մեղադրում են նախապայմաններ առաջադրելու և գործընթացը ձգձգելու մեջ:
-Գործընթացի տրամաբանության ու զարգացումների մեջ որևէ փոփոխություն վերջին շաբաթներին տեղի չի ունեցել: Ցյուրիխում դեռ արձանագրությունների թանաքը չէր չորացել, Դավուդօղլուն հայտարարեց, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են, նույնը կրկնեց Էրդողանը Անկարայից: Որևէ հերքում չի եղել իմ պնդումներին, որ հայկական կողմն ի սկզբանե պատրաստ է եղել Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հաշվին հայ-թուրքական հարաբերությունները բարելավել: Բանավոր համաձայնության առկայությամբ է սկսվել գործընթացը: Թուրքիան հրաշալի նվեր ստացավ` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որի պրեամբուլան դարձնելով պատրվակ` որոշեց ժամանակ ձգել: Իրականում Թուրքիան պատրաստ չէ դրան և ասել էլ էր, որ չի վավերացնելու արձանագրությունները: Զարմանալին վավերացնելը կլիներ` չվավերացնելու մասին ամիսներ շարունակ հայտարարելուց հետո: Վաղը մեկ այլ պատրվակ ի հայտ կգա: Այնուամենայնիվ, շարունակվելու է ճնշումը Հայաստանի ոչ լեգիտիմ ու թույլ իշխանությունների վրա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման զիջումների գնով առաջխաղացում արձանագրվի հայ-թուրքական հարաբերություններում: ՍԴ-ի որոշումը, որպես վճիռ, բաղկացած է մեկ նախադասությունից` ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան կամ անհամապատասխան է ճանաչում։ Հայ-թուրքական արձանագրությունները ՍԴ-ն համարեց սահմանադրությանը համապատասխան, դրան կից կարող էր հրապարակվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը` որպես որոշման անխախտելի մաս: ՍԴ-ի պրեամբուլան ցանկությունների արտահայտություն է, այդ փորձը ունեին. 2003-ի ընտրություններից հետո ՍԴ-ն առաջարկեց մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել` մինչ այդ ընտրությունները համարելով միջազգային չափանիշներին համապատասխան: ՀՀ ՍԴ-ն ցանկություններ հայտնելու հարուստ փորձ ունի, բայց կարևորը, կրկնում եմ, ոչ թե պրեամբուլյար մասն է, այլ վճիռը:
-Այդ դեպքում` ինչո՞ւ է Թուրքիան նման հայտարարություններ անում:
-Թե ինչ անհեթեթ հայտարարություններ է անում Թուրքիան, թուրք ժողովրդի պրոբլեմն է: Իմ պրոբլեմը Հայաստանի իրավիճակն է:
-Եռակողմ նոր հանդիպում է նախապատրաստվում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, վստա՞հ եք, որ գործող իշխանությունները պատրաստ են զիջումների գնալու: Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որքանո՞վ է վերջնական Ռուսաստանի դիրքորոշումը:
-Այս իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջումների` իր աթոռը պահելու համար, ցանկացած ուրացման` լինի ցեղասպանությունը անցյալում, թե այլ բան ներկայում: Խուսանավելու հնարավորություններ իշխանությունն ունի: Ռուսաստանի ձեռքում է Լեռնային Ղարաբաղի բանալին, Ռուսաստանն է որոշողը, և Հայաստանը, լինելով վասալային պետություն Ռուսաստանի համար, անում է «մեծ եղբոր» թելադրածը: Մաքոքային դիվանագիտությունը, վերջին օրերի հանդիպումները դա են վկայում: Ռուսաստանն իր համար շատ կարևոր ռազմավարական խնդիրներ է լուծում տարածաշրջանում մեծ նշանակություն ու կարևորություն ունեցող մեկ այլ պետության հետ. Ռուսաստանը ապագա 50 տարիների համար Թուրքիայի հետ ծրագրեր է մշակում: Կկարողանա՞ իրականացնել իր նպատակները` ռուս-թուրքական հարաբերությունների, բանակցությունների արդյունքում կերևա: Հայաստանի ճակատագիրն այս հարաբերությունների զարգացման համատեքստում ընդամենը մանրադրամ է: Եվ Ռուսաստանն այդ մանրադրամը օգտագործում է: Մի՛ մոռացեք, որ ՌԴ-ն բավականին լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, մտադիր է խորացնել այդ հարաբերություններն ու այլընտրանքային առաջարկներ է անում այդ ուղղությամբ: Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը եվրոպական պետությունների ու կառույցների համար դառնում է սակարկության առարկա, երբ Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես Թուրքիայի վրա ճնշման միջոց, Ռուսաստանն էլ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործում է այլ պետությունների հետ իր հարաբերություններում:
-Նալբանդյան-Դավուդօղլուի հեռախոսազրույցը նոր զարգացումների կհանգեցնի՞:
-Արտգործնախարարների հեռախոսազրույցը երկու աքաղաղի խոսակցության նման է. յուրաքանչյուրն ասում է` ես նրան տեղը դրեցի։ Սա աբսուրդ է` ներքին օգտագործման համար:
-Լեռնային Ղարաբաղի հայերը կարո՞ղ են խանգարել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
-Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը կարող է խոչընդոտել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ քաղաքացի սփյուռքում, որոնք դժգոհություններ ու մտավախություններ ունեն արձանագրություններում տեղ գտած ոչ հայանպաստ ձևակերպումների վերաբերյալ: Մեր եղբայրներն ու քույրերը Լեռնային Ղարաբաղում ունեն բոլոր իրավունքները` կասկածամտությամբ վերաբերվելու և դեմ հանդես գալու սկսված գործընթացին։
-Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը:
-ԱՄՆ-ի ազգային շահից չի բխում Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման պատճառ է, որում ոչ մի վարչակարգ, նաև Օբամայինը, շահագրգռված չէ: Որոշ մեկնաբաններ, քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Թուրքիային ժամկետ է տրված մինչև ապրիլի 24-ը, հայկական լոբբիստական խմբերը մեծ հույսեր են կապում եղեռնի հերթական` 95-րդ տարելիցի հետ։ Դա կախված կլինի այդ պահին ԱՄՆ-ի հետապնդած ազգային շահից: Նորմալ երկրների ղեկավարներն առաջնորդվում են, առաջին հերթին, ազգային-պետական շահերով: Ահա այդ շահի թելադրանքով էլ նախագահը կորոշի` ուղերձում օգտագործե՞լ ցեղասպանություն բառը, թե՞ դիմել մեղմասացության: Հակված եմ երկրորդ տարբերակին:
-Այս տարի ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրվի՞:
-Արդեն իսկ հայտնի են այն սկզբունքները, որոնց հիման վրա վերջնական փաստաթուղթ պետք է ձևակերպվի։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ չստորագրվի, քանի որ այն հակասում է ՀՀ և ԼՂՀ ազգային շահերին: Այսօր Հայաստանը պատրաստ է ստորագրելու այդ փաստաթուղթը. պատրաստակամություն են ցույց տալիս նաև շահագրգիռ կողմերը` եռանախագահող երկրները, մասնավորապես` ՌԴ-Ն:
-Ճի՞շտ է, որ ՀԱԿ-ը բաժանված է երկու մասի. մի մասն ուզում է սահմանադրական ճանապարհով գնալ, մյուս մասը` հեղափոխական:
-Կոնգրեսի հարստությունը բազմակուսակցական կառուցվածքն է։ Կոնգրեսի անդամ կուսակցությունները ներկայացնում են հասարակության շատ լայն սպեկտր` ծայրահեղ ազգայնականությունից մինչև ծայրահեղ ազատականություն: Կոնգրեսն ապագայում իշխանության ձգտող կառույց չէ, որ գալու և փոխելու է իշխանությունը։ Կոնգրեսից և՛ ապագա իշխանությունն է ծնվելու, և՛ ապագա ընդդիմությունը: Այդ բազմազանության մեջ է ծնվում ռացիոնալ մոտեցումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ