«Ֆորբս» ամսագրի վերջին վերլուծությունը, ըստ որի` 177 երկրների շարքում ՀՀ-ի տնտեսությունը վերջից երկրորդն է, իրարանցում է առաջացրել տնտեսաքաղաքական դաշտում։ ՈՒ թեև բոլորը թեժ քննարկում են այս թեման, սակայն բարձրաձայն դրա մասին խոսել չեն խիզախում։ Համենայն դեպս, «Իրատես de facto»-ի հեռախոսահարցումներին ի պատասխան մեր գործարարները գերադասեցին լռել, բացառությամբ ԱԺ պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ։ «Ֆորբսը» հեղինակավոր ամսագիր է, սակայն Հայաստանի տնտեսությանն առնչվող նրա դիտարկումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Օրինակ, վերջին 4-5 տարում ամսագիրը Հայաստանի վերաբերյալ նման վերլուծություն կատարե՞լ է, թե՞ ոչ։ Ինչո՞ւ որոշեց այս տարի անդրադառնալ խնդրին, կամ ի՞նչ չափորոշիչներ են կիրառել, որոնց արդյունքում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է Մադագասկարից հետո։ Սրանք տնտեսության գնահատման առումով լուրջ հարցեր են, որոնց պատասխանը չկա, ինչից ելնելով էլ չի կարելի միանշանակ այդ վերլուծությունը հիմք ընդունել։ Չպետք է մոռանալ, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տնտեսական ճգնաժամն իր հետքը թողեց տնտեսության վրա։ Այդ առումով, բնականաբար, այսօրվա տնտեսական ցուցանիշները չեն կարող շատ բարձր լինել»,- եզրահանգեց պատգամավորը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ