Այն, որ որոշ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր խիստ դժգոհ են իշխանություն-ՀԱԿ ծավալվող երկխոսությունից, նորություն չէ։ Ակնհայտ է, որ ամենից շատ «վառված» է ՀՅԴ-ն, մասնավորապես շոշափելի վնասների առնչությամբ «հին ընկերներն» իրենց դավաճանված են զգում։ Ըստ որոշ տեղեկությունների, ՀՅԴ-ի ներկայիս թվաքանակը խորհրդարանում հնարավոր է կրճատվի։ Սրա «հոտը» զգացել են նաև դաշնակցականները ու սկսել են ավելի ուԺգնությամբ քննադատել առկա «քաղաքական մշակույթը»։
Վերջերս մասնավոր զրույցներից մեկում դաշնակցականներն իրենց մտահոգություններն են ներկայացրել, որ եթե այսպես շարունակվի, իրենց քաղաքական կշիռը հանրության շրջանում զգալի անկում կարձանագրի, քանի որ նախընտրական շրջանում ողջ ուշադրությունը սևեռված է միայն ՀԱԿ-ի վրա, ու անգամ իշխանություններն իրենց անտեսում են։ «Բա եթե էլի հայ-թուրքական արձանագրությունների հարց առաջանա, ի՞նչ են անելու, դիմելու են կոնգրեսի՞ն, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Էլի մեզ են դիմելու, չէ՞»։
Այնպես որ, դաշնակցականները, առնվազն այս հանգամանքն աչքի տակ ունենալով, կարող են մխիթարվել, որ իրենց իսպառ չեն «ջնջի» ԱԺ-ից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ