Հոգնած էի։ Զբոսայգու մոտով անցնելիս, որոշեցի ազատ նստարան գտնել ու մի քիչ հանգստանալ։ Ազատ նստարաններ գրեթե չկային։ Վերջապես զբոսայգու հակառակ ծայրում ազատ նստարան նկատեցի, որի մոտ պատկառելի տեսքով մի շուն էր նստած։ Չգիտեմ ինչու հենց այնպես ասացի.
- Պարոն, թույլ կտա՞ք այստեղ նստել։
Շունն անտարբեր նայեց իմ կողմն ու հանգիստ ասաց.
- Խնդրեմ, նստեք։
- Այդ կարողանու՞մ ես խոսել,- զարմացած հարցրի։
- Խնդրում եմ ինձ դուք-ով դիմել։
- Շատ բարի,- ասացի,- բայց որտե՞ղ եք խոսել սովորել։
- Չնայած վիրավորական ու անտակտ հարց է, բայց կպատասխանեմ։ Ճիշտ է, Քեմբրիջ, հումանիտար կամ պոլիտեխնիկ չենք ավարտել, բայց ինչու՞ չպիտի կարողանանք խոսել։ Երբ ձեզնից մեկը հաչում է, ինչու՞ նրան չեք հարցնում` էդ որտե՞ղ ես հաչել սովորել։
- Դե, ուրեմն ներող եղեք անտակտ հարցիս համար,- ասացի։
- Ներում եմ, բայց ձեր լրագրողների մեծ մասն անասուն են։
- Չեմ ժխտում, համաձայն եմ,- ասացի,- իսկ ինչու՞ եք այդպես կարծում։
- Ամեն դուրսպրծուկի միկրոֆոն են դեմ տալիս, կարծիք են հարցնում, կամերա-բանով նկարում են, ամեն դեբիլի վաժնի դեմք են սարքում, բայց մեկը չմոտեցավ ինձ` ինտերվյու վերցնելու։
- Բայց ինչի՞ մասին հարցնեն։
-Թեկուզ սոցիալական, քաղաքական հարցերի շուրջ կարծիքս իմանան։
- Ոնց երևում է, հետաքրքիր զրուցակից եք։
- Մերսի,- պատասխանեց անծանոթ շունը։- Ծխախոտ չունե՞ք։
- Չէ, ես չեմ ծխում։
- Ես էլ չեմ ծխում, բայց երբեմն պատահում է, որ մի բաժակ սուրճից հետո ծխել եմ ուզում,- ասաց զրուցակիցս։
- Արդեն չեմ զարմանա, եթե ասեք, որ դուք էլ եք ուզում մասնակցել խոհրդարանական ընտրություններին։
- Իսկ ինչու՞ ոչ։ Այդպես էլ կա։ Ինչու՞ չպիտի մենք` շներս էլ մինիստր նշանակվենք, պատգամավոր դառնանք, վարչապետ կամ երկրի նախագահ ընտրվենք։
- Ահա թե ինչ,- նրա այդ պատասխանից զարմանքս կրկնապատկվեց։- Եվ ի՞նչ եք որոշել։
- Մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
- Եթե նախագահ ընտրվեք, կարո՞ղ եք երկիր ղեկավարել,- հարցրի։
- Երիցս ավելի լավ, քան ձերոնք են ղեկավարում։
- Բայց դե նրանք մարդ են։
- Որ ես էլ շուն եմ, նշանակում է ձեր էդ մարդանման կենդանիներից պակա՞ս եմ,- իմ խոսքից վիրավորված, ակնհայտ դժգոհությամբ պստասխանեց շունը։- նրանց կրկին վերընտրում եք, երբ նույնիսկ իրենց անասունների պես են պահում։
- Համաձայն եմ,- ասացի։
Այդ պահին նկատելով ծխսխոտը բերնին մի երիտասարդի, մոտեցա և ծխախոտ խնդրեցի։ Այն վառեցի և զրուցակցիս մոտենալով, մեկնեցի նրան։
- Խնդրեմ, պարոն շուն։
- Մերսի,- ծխախոտն ատամների տակ սեղմելով, ծուխ բաց թողեց ու ասաց,- ընդհանապես ինձ Չալո են անվանում։
- Շատ բարի, պարոն Չալո,- ասացի,- արդեն համոզվում եմ, որ դուք մերոնցից ոչ պակաս երկիր կղեկավարեք։
- Գիտեմ, իրավացի եք, բայց պիտի խոստովանեմ, որ ձերոնք խոզի պես են ղեկավարում։
- Համամիտ եմ,- ասացի,- բայց ի՞նչն է ստիպում, որ դուք էլ եք ուզում երկրի ղեկավար դառնալ։
- Ես էլ եմ ուզում մարդավարի ապրել` հարստանալ, քեֆ անել, ձրի հանգստանալ առողջարաններում, մեկնել արտասահմաններ, աշխարհ տեսնել, գեղեցիկ սեռի հետ զվարճանալ ու հայտնի աստղերի հետ սելֆի անել...
- Բայց, ախր դուք շուն եք, ձեր ինչի՞ն է պետք մարդավարի ապրելը։
- Երբ ձերոնք շան պես են իրենց պահում, շնավարի են ապրում, ինչու՞ նրանց չեք հարցնում, թե ինչու՞ են շնավարի ապրում,- ծխի քուլաներ բաց թողնելով ինձ վրա, պատասխանեց զրուցակիցս։- Ի դեպ, չե՞ք ասի, թե ժամը քանիսն է։
Նայեցի ժամացույցիս ու ասացի`
- 18: 45...
- Շատ մերսի,- ծխախոտը մոտիկ աղբարկղը նետելով, պատասխանեց Չալոն,- ժամը 7-ին կարևոր հանդիպում ունեմ, պիտի գնամ։ Ցե'...
- Ցե', ցտեսություն,- պատասխանեցի ու հիշեցի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է։
Իսկ շունը որքան շատ էր հեռանում, կարծես այնքան ավելի էր նմանվում մարդու...
Վարդգես ՕՎՅԱՆ