Մեծ փողի տեղ եմ գտել, շատ մեծ փողի։
Հիմա ուշադիր լսե՛ք:
Իրական շահառուների հայտարարագիրը լրացնելու վերջին փուլը վճարման գործընթացն է։
Հայտարարագիրը հաստատելու համար տնտեսվարողից պահանջվում է քարտով վճարել 10 000 դրամ։
Այսինքն եթե երկրում կա մոտ հիսուն հազար ՍՊԸ տնտեսվարող, բոլորն անկախ նրանից գործում են թե ոչ, պետք է վճարեն այդ անիմաստ տուրքը:
Գումարային հանրագումարը կազմում է մոտ 500 000 000 դրամ ( հինգ հարյուր միլիոն դրամ ) 50 000x10000=500 000 000 դրամ:
Ընդ որում, այդ գումարը վճարվում է անկախ հանգամանքից` եղե՞լ է որևէ փոփոխություն շահաբաժինների, բաժնեմասերի հետ կապված, թե՞ ոչ։
Փաստացի պարզապես պետության ուշադրության լույսի տակ հայտնվելու համար, իրական շահառուներին ստիպում են ամեն տարի վերահաստատել իրենց գոյությունը:
Հավելենք, որ այդ հայտարարագիրը հանձնվում է արդարադատության նախարարության պետռեգիստր, որտեղ արդեն իսկ կան տնտեսվարողի բնօրինակ ստորագրությամբ հաստատված բոլոր բնօրինակ փաստաթղթերը։
Սա էլեկտրոնային ստորագրության տարեկան վճարի նման գումար քերոցի է։
Ելնելով նմանօրինակ գումար գրպանողների կառավարչական ձգտումից, առաջարկում եմ հետայսու տարեկան 10 000 դրամ տուրք սահմանել tax service համակարգի հաշվետվությունների հանձնման նկատմամբ։
Մոտավորապես ութսուն տեսակի հաշվետվություն և հայտարարագիր կա այդ համակարգում:
Եթե դրանց նկատմամբ կիրառվի իրական շահառուների հայտարարագրի 10 000 դրամանոց տխմարությունը, ապա պետբյուջե կգնա ահռելի գումարներ և հնարավոր կլինի ավելացնել պետական գրպանահատների պարգևների չափը։
Հիմա, ավելի լուրջ։
Երկրի տնտեսական բլոկի կառավարիչ պարոնայք, դուք տեղյակ չե՞ք ԻՇ հայտարարագրի վճարի մասին:
Առկախեք այդ տխմար վճարի գանձումը:
Պարզապես ամոթ է։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ