2015 թ. Հայոց Մեծ Եղեռնի նահատակներին սրբադասելու կարգը Հայոց Առաքելական ՈՒղղափառ Սուրբ Եկեղեցում իրականացնելուց հետո հույս առաջացավ, որ դա կշարունակվի և մեր շատ ու շատ նահատակ ու նվիրյալ նախնիների հիշատակը շուտով երախտապարտ ժառանգների կողմից ըստ արժանվույն կգնահատվի և սբ. Մովսես Տաթևացուց հետո մինչև մեր օրերը ունեցած բազում երախտավոր նախնիների արած գործերն ու ապրած կյանքերը հայտնի կդառնան իրենց մերօրյա ժառանգներին:
Սրբադասումը հարկավոր է մեզ, այլ ոչ թե այդ նախնիներին, նրանք արդեն ՏԻՐՈՋ մոտ են՝ ՆՐԱ կողմից իրենց տրված պսակներով: Մեզ է պետք այդ գործողությունը կատարել, որպեսզի, ի վերջո, ներկայումս ապրող և հույս ունենանք նաև ապագա սերունդները իրենց տեսադաշտում ունենան մարդկային այնպիսի կերպարներ, նրանց կյանքի այնպիսի օրինակներ, որոնցով կարողանան առաջնորդվել, ոգեշնչվել, ունենալ արդարության, ազնվության, նվիրումի, հավատի, սիրո ձգտում:
Եթե ուշադիր նայենք մեր պատմությանը, որը բազմաթիվ պատմիչների ջանքերով արձանագրված է հայոց պատմության էջերում, ապա կհանդիպենք բազում նկարագրություններ մեր նախնիների կողմից հանուն ՀԻՍՈՒՍԻ, հանուն հավատի, հանուն եկեղեցու և հանուն հայրենիքի նրանց նվիրումի, ապրած կյանքերի ու նահատակության:
Բոլոր հնարավոր պատճառները, որոնք կարող են բերվել այս գործունեությունը չիրականացնելու արդարացման նպատակով, միևնույն է անհիմն են ու արդարացում չունեն, որովհետև ցանկության դեպքում դրանք միշտ էլ կարելի է հաղթահարել:
Մեր ժողովուրդը այսօր, ըստ էության, չունի պատկերացում, թե որն է ճշմարիտ քրիստոնյայի կյանքի, ապրելու և մեռնելու իրական նկարագիրը, մեր հիշողությունից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ջնջվել են այդ ամենը: Մեզանից շատերը մտածում են, թե սրբությունը դա միայն շատ վաղ դարերում ապրած մեր նախնիներին է վայել, թե այժմ դա ժամանակավրեպ է, նոր ժամանակներ՝ նոր պահանջներ ու արժեքներ:
Անցած 5 դարերի ընթացքում այնքան շատ են եղել մեր իրական սրբերը, որ ուղղակի մեղմ ասած, ամոթ է նրանց այդպես մոռացության տալը: Նրանց շարքերը համալրված են ոչ միայն հոգևորականի կոչումով մարդկանցով, այլ բազմաթիվ են սովորական ռամիկները, իշխանական ծագումով ազնվականները, ռազմիկ զորավարները, թագավորները, սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչները:
Տեղին է նաև նշել, որ երբ մեր եկեղեցու ամեն օր հիշատակվող սրբերի անուններին ենք ուշադրություն դարձնում, ապա նրանց ճնշող մեծամասնությունը այլ ազգերի ներկայացուցիչներն են: Մի՞թե առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգն ու ժողովուրդը չի ունեցել այն սրբերը, որոնց անունները կհիշատակվեին եկեղեցական արարողություններում: Իհարկե ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ մենք բոլորս էլ մի ազգ ու ժողովուրդ ենք, սակայն ինչու՞ պետք է մեր եկեղեցական օրացույցներում չհիշատակվեն մեզ արյունակից ու դեռևս ըստ արժանավույն չգնահատված, մեր կողմից մոռացության մատնված, սակայն ՏԻՐՈՋ առջև իրականում սրբացած մեր նախնիները:
Ինչու՞ պետք է մեր օրերում էլ ուղղափառ եկեղեցիներում սրբադասումը շարունակական բնույթ ունենա, իսկ մեր եկեղեցում դա ընդհատվել է ու մենք էլ դրան համակերպվել ու հարմարվել ենք:
Մի՞թե ապերախտ չենք մենք, որ մոռացության ենք տվել ասենք Վաչագան Բարեպաշտ արքային, Սմբատ Բագրատունի նահատակ արքային, Աշոտ Ողորմած Բագրատունի արքային, Ագուլիսի քահանա տեր Անդրեասին՝ նահատակված Շահ Աբասի կողմից, Հայոց Հայրիկ Խրիմյանին, խորհրդային ռեժիմի նահատակ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին, 1909 թ. Ադանայի ջարդերի ժամանակ նահատակված Միքայել ծ. վարդապետ Աջապահյանին և այս անունների շարքը կարելի անվերջ շարունակել:
Սրբերի կյանքը մեզանից յուրաքանչյուրին՝ թե՛ աշխարհականին և թե՛ հոգևորականին մեղմորեն հուշում է հետադարձ հայացք նետել մեր ապրած կյանքին և կատարել որոշակի խմբագրումներ ապագայի համար՝ նրանց արժանի ժառանգները համարվելու և կոչվելու ակնկալիքով:
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ