ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Զգացմունքներ և բանականություն

Զգացմունքներ և բանականություն
01.03.2025 | 06:55

(սկիզբը` այստեղ)

«Անօրեն ազգն առաջնորդ չի ունենա»

(Առակաց 29։18)

Հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես որոշ

վայ-հայրենասեր մարդիկ, չինական հայտնի հեքիաթի հերոսի նման վեր են ածվում անկուշտ վիշապների: Ոմանք այդպես էլ ի վիճակի չեն տարբերել սերը բռնաբարությունից ու կրքից և շփոթում են հայրենասիրությունը հայրենալլկության հետ: Չէ որ ճշմարիտ Սերը՝ դա նախ և առաջ որևէ անձնականի, սեփականի զոհաբերություն է հասկացվում։
«Հայրենասերներից» ոմանք պատկերացնում են այսպես՝ ես հայրենիքի համար մի փամփուշտ եմ կրակել, դե թող հայրենիքը հատուցի իմ հանդեպ իր պարտքը՝ որևէ պաշտոնով, աթոռով, կոչումով, դղյակով, փողոտ գործով, տաքուկ անկյունով, մի որևէ եկամտաբեր սնուցման աղբյուրով և այլն։
Տարբերվելով այս տեսակից՝ իրենց անմնացորդ նվիրումով որպես իրական հայրենասերներ են հանդիսանում Նժդեհը, Մոնթեն, Լեոնիդը և մեր ժամանակների բազում հայտնի և անհայտ եղբայրներ ու քույրեր, որոնք հավերժ կմնան երախտագետ ժողովրդի հիշողության մեջ։ Իսկ ներկայիս «հայրենասեր» առաջնորդները նույնիսկ այդ մի փամփուշտն էլ չեն ուզում ծախսել, նրանք անմիջապես իրենց ստանալիքն են ուզում պոկել ու փախցնել հայրենիքից՝ «հայրենի՛ք ջան, քանի որ քեզ սիրում եմ, դե տու՛ր ինձ այս կամ այն»։
Նախկին երեք նախագահներն ու ներկա վարչապետը «հայրենասիրությունից» դրդված ամբողջովին խոշտանգեցին ու մերկացրին այդ հայրենիքը, գցեցին թշնամիների առջև՝ անարգանքի և պղծության ենթակա և մեր միակ հույսը ՏԷՐՆ է միայն, ՈՎ որպես Բարի Սամարացի կարող է մեզ օգնության հասնել:
Շատ տեղին է հիշել 18-րդ դարի հայտնի անգլիացի գործիչ Սեմյուել Ջոնսոնի թևավոր խոսքը. «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»:
Առակ 29:18-ը մեկ այլ թարգմանությամբ գրված է. «Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա»։
Թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանությունները կատարեցին ամեն ինչ մտածված, թե՛ անմիտ, որ սպանեն այս ժողովրդի ու այս սերնդի մեջ դարերով շողարձակող ամեն մի վեհ ձգտում, երազանք, նպատակ, որպեսզի մեզ դարձնեն ընդամենը ստամոքսի ու գրպանի խնդիրներով մտահոգ մի հասարակություն, որի գլխին ինչ խաղ էլ իրենք խաղան, միևնույն է իրենց հանդուրժելու, վերընտրելու և պաշտպանելու են։ Նմանվել ենք «Չարի վերջը» հայտնի ստեղծագործության միջի կկվին և մեր թվացյալ հանգստության, խաղաղության համար պատրաստ ենք հերթով զոհաբերել մեր նվիրյալ ու սիրասուն զավակներին։
Ինչ սպասել այն ժողովրդից, որի արժեքային համակարգը կառուցված է «երկիրը երկիր չի», «որ երկիրը գնաս, այնտեղի գդակը դիր», «որտեղ հաց, այնտեղ կաց», «եղունգ ունես՝ գլուխդ քորի» և սրանց նման այլ արտահայտությունների հիման վրա։ Իշխանությունները տասնամյակներով այնքան բարոյալքեցին, կամազրկեցին ու փչացրին այս ժողովրդին, որ եթե հանկարծ նիկոլը կամ իր շքախմբից՝ ասենք ավինյանը, հայտարարեն, թե խաղաղ ապրելու համար վաղը եկեք՝ բոլորիդ կախելու ենք, մի զգալի հատված հաստատ կհարցնեն, կհետաքրքրվեն, թե պե՞տք է, որ իրենց հետ նաև պարան բերեն:
Նախկին երեք իշխանությունները իրենց գործունեության ողջ ընթացքում իմունիտետից զրկեցին այս ժողովրդին, իրենց ջանքերով բերեցին ներկաներին, որոնք էլ որպես քայքայող վիրուսներ ուղղակի վարակեցին և կործանման են տանում իրենց բացիլներով վարակված բոլոր համակիրներին ու հպատակներին:
«Չգիտե՞ք, որ ԱՍՏԾՈՒ տաճար եք դուք և ԱՍՏԾՈՒ ՀՈԳԻՆ է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթաց․ 3։15):
Մարդկության պատմությունը դա ընդհանրապես ՏԻՐՈՋ և մարդու կամ մարդկության փոխհարաբերությունների արձանագրությունն է այն մասին, թե երբ և ինչպես են մարդիկ մոտեցել կամ հեռացել ԱՍՏԾՈՒՑ: ՆՐԱ դեմ բազմիցս մեղանչումների, ապստամբությունների և որպես դրանց հետևանք՝ աղետների, փորձությունների, պատերազմների և զանազան դիպվածների, երբեմն էլ դեպի ՏԷՐԸ դարձ կատարելու և իրականացված ապաշխարությունների պատմությունն է։
Եվ ապաշխարությունը դա ամեն մարդու, ամեն ազգի, ամեն սերնդի համար առաջնահերթ կարևոր ու միակ գործն է, որ ՏԷՐԸ միշտ ակնկալում ու սպասում է մեզանից: Կան հոգևոր և աշխարհիկ ասպարեզների որոշ գործիչներ, որոնք այսօր տարբեր առիթներով ասում են, թե ապաշխարությունը դա զուտ անհատական գործ է և, թե մեր ժողովուրդը առայժմ պատրաստ չէ ապաշխարության, ա՛յ, երբ հաջորդ սերունդը զարթոնք կունենա, առավել գիտակից կլինի, այդ ժամանակ էլ կարելի է հույս ունենալ, որ նրանք կիրականացնեն համազգային ապաշխարություն։ Մի՞թե Հովնան մարգարեն նինվեացիներին ապաշխարության կոչ անելիս, ասում էր, որ դա անհատական գործ է և թե՝ դա կարող են իրականացնել հաջորդ սերունդները, առավել հավատով ու գիտակից կլինեն, քիչ մեղքերի մեջ թաթախված կլինեն։
Այս փակուղուց, որի մեջ ինքներս ենք մտել, դուրս գալու համար պետք է ի վերջո իրականացնենք միասնական ապաշխարության խորհուրդ ու կարգ։ Ենթադրել, թե դա հնարավոր է կատարել ողջ ազգով, քիչ հավանական է, չնայած ՏԻՐՈՋ համար անհնարին որևէ բան չկա, բայց գոնե կարելի է իրականացնել մեր ժողովրդի թեկուզ միայն Հայոց Առաքելական Ուղղափառ Եկեղեցում ընդգրկված հավատացյալ հատվածով և գուցե թե ՏԷՐԸ ողորմյա մեզ այնպես, ինչպես պատրաստ էր խնայելու Սոդոմն ու Գոմորը, եթե նրանցում լինեին թեկուզ տաս հոգի արդար մարդիկ։ Փորձենք ձևավորել մեր ժողովրդի փրկության համար անհրաժեշտ այդ խորհրդանշական տասը հոգին։ Ապաշխարության շնորհիվ կործանումից փրկվելու մի շարք նկարագրություններ ներկայացված են Աստվածաշնչյան հետևյալ համարներում՝ Հովնան 3:4-10, Երեմիա 50:4-5, Հովել 2:17, Օսէէ 6:1-3, Եզեկիել 36:24-36, Նէեմի 9, Գ Մակաբեացիներ, Եսթեր 4, Ղուկասի 13։4-5, Մատթեոսի 3։8 և այլն։
Հայոց պատմության ընթացքում էլ մենք ունեցել ենք միասնական աղոթքի և ապաշխարության ընտիր օրինակներ՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով մեր համազգային դարձի ժամանակ, Ավարայրի ճակամարտից առաջ, Դավիթ Անհողին արքայի ղեկավարած ազատագրական պայքարի ընթացքում, Կիլիկիայի Հայոց պետության վրա Սալահեդդինի արշավանքից առաջ, Սարդարապատի հերոսամարտի օրերին և ՏԷՐԸ միշտ էլ հասել է ԻՐ ժողովրդին։
«Որովհետև ԱՍՏՎԱԾ մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմոթ. 1։7):
Որպես հավաքական միավոր ազգն էլ մի օրգանիզմ է, որը կարող է նաև հիվանդանալ ու ինչպես գոյություն ունի ցանկացած հիվանդության բալասանը, կա նաև մեր ժողովրդի հիվանդության բժշկման տարբերակը՝ դա հրաժարումն է այն վարքից ու կենցաղից, որի մեջ մեր ներքին ու արտաքին թշնամիները նետել են մեզ: Այդ զորավոր բալասանը գտնվում է Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցում, եթե նա վերջապես իր մեջ ուժ ու խիզախություն գտնի դա կիրառելու՝ ՏԻՐՈՋ կողմից իրեն վստահված ու հանձնված ժողովրդի նկատմամբ: Համազգային ապաշխարությունը, ինչպես կատարել են նինվեացիները, ինչպես իրականացրել են մեր նախնիները, կայացնելու համար նախ հենց իրենք՝ մեր եկեղեցու հայրերը սեփական մեղքերից ձերբազատվելու համար պետք է համակվեն ապաշխարության գիտակցումով, որից հետո էլ կկարողանան ապաշխարության կոչել և առաջնորդել մնացած ժողովրդին: Այլ ճանապարհ գոյություն չունի այս արևի տակ: Այլապես մեր կործանման ողջ պատասխանատվությունը կընկնի հենց եկեղեցու վրա:
«Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ, ՈՎ կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթեոսի 10։28):
Շատ մարդկանց մոտ՝ թե՛ հոգևորականների և թե՛ աշխարհականների մի մտայնություն կա, երբ խոսք է գնում այն մասին, որ ՏԷՐԸ մեղքի համար կարող է և պատժել, ասում են, թե ԱՍՏՎԱԾ չի պատժում, ՆԱ միայն համակ Սեր է։ Այդ դեպքում ինչպես կբացատրվի այն դեպքը, երբ ԻՆՔԸ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ չվանը ձեռքին խարազան դարձրած, ԱՍՏԾՈ տաճարից վռնդում էր՝ այն ապականող լումայափոխներին, աղավնեվաճառներին ու գնողներին, մի՞թե այդ անելիս նրանց դիմում էր մեղմ, փաղաքշական խոսքերով և սիրալիր խնդրանքով։
Ցավոք, մարդիկ ավելի հաճախ անտեսում են ԱՍՏԾՈՒ ներկայությունը, ամեն կերպ խուսափում են ապաշխարությունից, որովհետև վախենում են դրանից բխող վերափովելու պահանջից:
«Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ԵՍ ԻՄ Աչքերը կծածկեմ ձեզնից, երբ շատացնեք ձեր աղոթքները, ԵՍ ձեզ չեմ լսելու, ձեր ձեռքերը լի են արյունով։ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն ԻՄ Աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց» (Եսայի 1։15-16):
Մեր հարևան ժողովուրդներն իրենց հույսը դրել են իրենց քանակի, հզորության, հարստության, սպառազինության, նավթի, գազի և այլնի վրա, Ալիևն էլ՝ Ռափսակի նման ինքն իրեն արդեն ԱՍՏԾՈՒ հետ է համեմատում հայտարարելով, թե իրենք են ԱՍՏԾՈՒ ընտրյալ ազգը, իրենք են ԱՍՏԾՈՒ պատվիրաններն իրականացնողները, իրենք են այս տարածաշրջանում սահմաններ գծողները և իրենք են մինչև հավերժություն այդ սահմաններին տիրապետություն անողները։ Այս ամենին հակառակ, մենք միայն մեր ՏԻՐՈՋ Զորությանը կարող ենք և պիտի ապավինենք և մեզ ոչ ոք չի կարողանա հաղթել, որովհետև այդ ամենը ՏԷՐՆ է տալիս մարդկությանը։

Ով ՏԻՐՈՋ վրա հույս չի դնում, նա ապավինում է Թրամփին, Պուտինին, հյուսիսին, հարավին և այլոց:
Մարդկային բոլոր ծրագրերն ու նպատակները ունայն են և միայն ՏԻՐՈՋ Ծրագրերին ընդգրկվելու մղումն ու գործունեությունն է, որ բարձր է, վեհ, արժեքավոր ու իմաստալից։
«Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին, իսկ մենք մեր ԱՍՏԾՈՒ Անունն ենք կանչում։ Նրանք կործանվեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք և ուղղվեցինք» (Սաղմոս 19։8-9)

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ