ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ապավինություն` ու՞մ

Ապավինություն` ու՞մ
18.03.2025 | 18:56

Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցով փրկություն չկա (Սաղմոս 145:3):
Իրադարձությունների ներկայիս թոհուբոհում ականատես ենք լինում, թե ինչպես աշխարհում սարսափելի արագությամբ գլխիվայր շուռ են գալիս մարդկային բոլոր փոխհարաբերությունները: Երեկվա բարեկամները դառնում են թշնամիներ, հակառակորդները՝ դաշնակիցներ, հումանիստ կոչվածները՝ անտարբեր դիտորդներ, ֆաշիզմի դեմ պայքարածները՝ ֆաշիստներ, բարեպաշտ քրիստոնյաները՝ մոլեռանդ հալածողներ, կաթոտ բերաններով երեկվա գառնուկները՝ արյունոտ երախներով բորենիներ: Մենք էլ այս համընդհանուր քաոսի մեջ փորձեր ենք անում կողմնորոշվելու, թե այս կամ այն մարդկային որ մի զորության, պետության, կազմակերպության կամ անհատի՝ Պուտին, Բայդեն, Մակրոն, Թրամփ, Էրդողան, Քոչարյան, նիկոլ և սրանց նման որևէ այլ մեկի հետ հերթական ինչ-որ սին հույսեր արժի կապել:
Այսպես է ասում ՏԷՐԸ.

«Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի ՏԻՐՈՋ դեմ» (Երեմիա 17:5):
ՏԷՐՆ է թույլ տվել, որ այս ամենը տեղի ունենա մեր կյանքում, որպեսզի, ի վերջո, բանականությամբ, եթե դրանից դեռ ինչ-որ բան մեր մեջ մնացել է, հասկանանք, որ չի կարելի այդ փուչ բաների վրա հույս դնել, հեռանկարներ հյուսել, միամիտներին մոլորեցնել:

Հայերիս համար պետք է, որ այս բոլոր գլխապտույտ իրադարձությունները անհերքելի ապացույց հանդիսանային, ու վերջապես հասկանայինք, թե միակ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐՈՋ մոտ է և միայն ՆՐԱՆԻՑ կարելի է և պետք է ապավինություն ակնկալենք:

ՏԷՐՆ է միակ որոշողը, թե ում ԻՆՔԸ մեզ համար կդարձնի հովանավոր, պաշտպան կամ գուցե լրիվ այլ կերպ կսահմանի մեր փրկության ելքը:
ՏԷՐՆ է օգնականն իմ և ես չեմ երկնչի, մարդն ինձ ի՞նչ կարող է անել (Սաղմոս 117:6):
Հին Կտակարանի մեջ քիչ չեն նկարագրությունները, երբ շատերի համար դաժան ու ոխերիմ որևէ աշխարհակալ առաջնորդ, ՏԻՐՈՋ Կամքով դառնում է հալածյալ ժողովրդի մեծագույն բարերարն ու հովանավորը:

Այդպիսիներից էին Նաբուգոդոնոսոր արքան, Դարեհ թագավորը, Մեծն Կյուրոսը և այլք: Հետաքրքրվողները կարող են բացել Սուրբ Գիրքը և կարդալով՝ իրենք համոզվել:

Սակայն բոլորից ավելի տպավորիչ կերպով, ՏԻՐՈՋ անմիջական ազդեցությամբ այդպիսի վերափոխումը նկարագրված է Մակաբաեցիների Գ գրքում, երբ խիստ պատկերավոր կերպով ներկայացվում է, թե ինչպես հրեա ժողովրդի միասնական ապաշխարության ու աղոթքի արդյունքում, նրա ոխերիմ թշնամի համարվող Անտիոքոս կայսրը՝ Ալեքսանդր Մակեդոնացու զինակիցներից մեկը, ով որոշել էր 700 հարբած փղերի ոտքերի տակ ճզմելով իսպառ բնաջնջել ողջ հրեա ժողովրդին, ընդամենը երեք օրվա ընթացքում արմատական շրջադարձ է կատարում իր վերաբերմունքի և մոտեցումների մեջ ու արնախում դահիճից վերածվում է հոգատար հովանավորի ու պաշտպանի:
Երանի՜ այն մարդուն, որի հույսը ՏԻՐՈՋ Անունն է և որը ունայնությանն ու սուտ մոլորությանն ուշ չի դարձրել (Սաղմոս 39:5):
Մեր պատմության մեջ էլ կա այդպիսի օրինակ, երբ Հռոմի կայսր արյունարբու Ներոնը հովանավորում, աջակցում է Հայոց պետությանը:

Ամեն ինչ տեղի է ունենում մեր ՏԷՐ ԱՍՏԾՈՒ Նախախնամության տիրույթում և ոչինչ չի լինում առանց ՆՐԱ Թույլատու Կամքի:

Եվ ուրեմն ամբողջությամբ ու անվերապահորեն ապավինենք Մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որովհետև միայն ՆԱ է կարող ԻՐ Ձեռքերը ապահով գմբեթի նման պահել մեր գլխավերևում, միայն թե դարձի գանք ու աղոթքով, ապաշխարությամբ ՆՐԱ առջև բացենք մեր սրտերի դռները՝ այնտեղ ՆՐԱ բնակվելու հրավերով:
ՔՈ կողքին հազարներ կընկնեն, քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա (Սղմոս 90:7):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7350

Մեկնաբանություններ