ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մենք կկորցնենք եվս մի ոսկեղենիկ լեզու

Մենք կկորցնենք եվս մի ոսկեղենիկ լեզու
24.02.2015 | 00:00

Փետրվարի 20-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Մայրենիի օր: Կարծում եմ` սա համաեվրոպական տոն-օրերից է, որ մենք էլ՝ որպես Եվրախորհրդի անդամ պետություն, վավերացրել ենք ու... տարին մեկ անգամ, մի օր հիշում ենք, որ մայրենի լեզու ունենք... Այդպես ամերիկացիները նշում են ծնողների օրը: Օ՜, գիտե՞ք, թե ինչքան ծնողասեր են նրանք... Շա՜տ: Բոլոր ամերիկացիներն այդ օրը, որտեղ էլ լինեն, անպայման այցելում են ծերանոցներում ապրող իրենց ծերացած ու հիվանդ ծնողներին, իսկ ում ծնողները մահացած են, անպայման այցելում են նրանց գերեզմաններին: Ա՛յ, այսպիսի արևմտյան ծնողասիրություն, երբ երեխաները, մեծանալուց հետո, հեռանում են իրենց ծնողներից, կլոր տարին թողնում են մենակ՝ պետության խնամքին, իսկ իրենք բիզնես են դնում կամ կարիերա են անում ու... հաջողում են: Անցյալ տարի մեզ մոտ՝ Հայաստանում էլ պաշտոնապես նշեցին, ու կարծեմ թե մամուլ-հեռուստատեսությամբ էլ լուսաբանվեց ծնողների օրը: ՖԲ-ում ես մեկնաբանեցի այդ օրը՝ որպես մեր ազգային բարոյական նկարագրին անհարիր երևույթ: Հայ իրականության մեջ ծնողը միշտ հարգված է եղել, տան գլուխն է եղել, ինչպես ժողովուրդն է ասում: Կանանց միջազգային օրը և Մայրության տոնը նույնպես այդ շարքից են: Դե՛, Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, առանձնացնելն իր իմաստն ուներ. կանայք աշխարհում և Եվրոպայում չեն ունեցել ձայնի իրավունք, և այդ օրը իրավաբանորեն հռչակվել են նրանց իրավունքները: Իսկ Մայրության կամ մայրերի, և դեռ վրադիր՝ Գեղեցկության օրը (իսկ եթե այդ կինը ո՛չ մայր է, ո՛չ գեղեցիկ), կարծես տարին մեկ անգամ կնոջը սոսկ հիշելու, հարգելու, մեծարելու ձևական օր է դառնում, մինչդեռ կլոր տարին կանայք ենթարկվում են բռնությունների, գենդերային խտրության և այլն: Այսօր էլ նույն տրամաբանությամբ Մայրենիի օրն է, որը նշում ենք վերջին տարիներին: Իհարկե, կյանքը միապաղաղությունից փրկելու համար մարդիկ հազարամյակներ շարունակ ստեղծել ու հորինել են տոներ ու ծեսեր և դրանց հաղորդել ծիսակատարության խորհուրդ և փիլիսոփայություն: Բայց եթե այդ օրը տոնի խորհուրդ չունի, այլ սոսկ հիշեցում է, ուրեմն հասարակությունը բարոյական մեծ կորուստներ ունի, իսկ սոսկ հիշեցումով կամ հիշեցնելով, հասարակությանը բարոյական կամ ազգային ինքնության ու նպաստավոր ինքնագնահատականի բարոյական դաշտ բերելը դժվար կլինի, եթե չասենք՝ անհնար, քանի որ ազգը՝ որպես հասարակական հանրույթ, աստիճանաբար կորցրած է լինում իր ինքնության, իր լեզվի, երգ-երաժշտության, արվեստի և առհասարակ մշակույթի պահպանման կարևորությունը... Մենք՝ հայերս, դարերով ենթարկվել ենք այդպիսի փորձության և հոգևոր շատ կորուստներ ենք ունեցել. կորցրել ենք նախաքրիստոնեական շրջանի գրեթե ողջ Հայոց պատմությունը, մշակույթն ու արվեստը, ճարտարապետությունը, գիրը և գրականությունը: Վերջիններիս կորուստը եղել է թերևս ամենավտանգավորը, որովհետև առանց գրի ու գրականության բանավոր խոսքը, չմշակվելով գրականության մեջ (գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական), աստիճանաբար հասարականում է, դառնում է խոսվածք՝ իր մեջ ներմուծելով օտար լեզուներից անհարկի փոխառություններ, և մի որոշ ժամանակ հետո վերանում է: Վերադառնանք Մայրենիի օրվան: Ձևակերպումն իսկ իր մեջ անորոշություն ունի. ո՞ր մայրենիի, ո՞ւմ մայրենիի կամ մայրենի ինչի՞: Կարո՞ղ ենք պատկերացնել, որ եթե Ռուսաստանում նույնպես ընդունված լինի նշել այս օրը, ինչպես ձևակերպված կլինի. день родного? или материнского? Վրացերենում ասում են դեդա էնա-մայր լեզու,եթե նրանք լեզու բառը հանեն, ինչպես մենք ենք արել, ապա կստացվի՝ դեդուրի՝ մայրական... Ի՞նչ: Հետևաբար, հայերենում նույնպես անհրաժեշտ է ամբողջական ձևակերպում տալ՝ Մայրենի լեզվի օր: Ինչո՞ւ այսքան երկար և տարաբնույթ մեկնաբանություն և վերլուծություն արեցի. ապրում ենք մեր պետոթյան մեջ, որը նաև մեր հայրենիքն է, թվում է՝ մեր լեզուն պետականորեն պաշտպանված է «Լեզվի մասին օրենքով», ունենք գիր, ունենք այդ գիր-այբուբենով գրված գրականություն՝ գիտական և գեղարվեստական: Մանավանդ գեղարվեստական, որի շնորհիվ հարստանում, հղկվում և կատարելագործվում է գրավոր և բանավոր խոսքը: Լեզուն վաղուց ապացուցել է այս խոսքերի անճառելիությունը: Այսօր Հայաստանում օրենքով պաշտպանված մեր պետական լեզուն, որ հայերիս համար նաև մայրենի լեզուն լինելու երջանկություն է, չափազանց անպաշտպան է և ենթարկվում է բռնության ու անողոք տանջանքի բոլորիս կողմից՝ առօրյա կյանքում և աշխատանքում: Կարդում ենք մամուլը, հրատարակված գրքերը, լսում ենք ռադիոն ու հեռուստատեսությունը… համատարած աղավաղում, սխալներ՝ ուղղագրական, ուղղախոսական, քերականական, լեզվաոճական, գրական լեզվի՝ հաճախ չիմացության, բայց գլխավորապես՝ միտումնավոր աղճատում և ժարգոնացում: Սերիալների լեզուն հայերե՞ն է. անգամ փողոցում այդ լեզվով չեն խոսում, ուր մնաց, որ ընտանիքներում: Ես միշտ ուզել եմ այդ ֆիլմերի սցենարի հեղինակների հետ հանդիպել, խոսել նրանց հետ ու հարցնել՝ քանի դասարանի կրթություն ունեն, լսել նրանց կենդանի խոսքը: Եթե նրանք հրաշալի սցենարներ գրելու տաղանդ ունեն, բայց վատ են տիրապետում հայերենին,կարծում եմ` դա բացառված է, թող սցենարի տեքստը հայերեն լավ իմացող մեկը խմբագրի... թե՞ափսոսում են խմբագրին վճարել, ինչպես դա արվում է որոշ հրատարակչություններում: Փաստն այն է, որ Հայաստանում դպրոցականն ու ուսանողը, պարզապես հայ մարդը և ոչ միայն հայը, ոչ մի տեղ չի կարող գրագետ ու ճիշտ ուղղախոսությամբ խոսել սովորել. ռադիոյով, հեռուստատեսությամբ սխալներով են խոսում, պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նույնպես, գրողները, դերասանները, ովքեր, թվում է՝ պիտի պահպանեն իրենց լեզվի անաղարտությունը, խոսում են այնքան անփույթ և խոսակցականախառն, որ նրանց խոսքը ոչ միայն գրավիչ, այլև համոզիչ չի դառնում: Գրքերում այնքան ուղղագրական և կետադրական սխալներ կան՝ ներառյալ դասագրքերը, որ գիրքն անուղղակիորեն ուսուցանելու միջոց չի դառնում: Այսքան բացթողումների պայմաններում մենք հայտարարում ենք Մայրենիի օր, մինչդեռ երիտասարդության մեծ մասը համացանցում հաղորդակցվում է լատինատառ, որը պարզապես մեռցնում է հայերենը: էլ չեմ ասում, որ գրում են անհավանական ուղղագրական և կետադրական սխալներով, ես կասեի` ուղղագրության և կետադրության չգոյությամբ: Նոր տարվա տոներին մեկնել էի Թիֆլիս և երկու շաբաթ ստիպված էի գրել լատինատառ: Հավատացնում եմ ձեզ, որ ավելի ծանր և ճնշող զգացում ես վաղուց չէի ունեցել: Ես իմ ՖԲ-ի ընկերների ներողամտությունն էի հայցել լատինատառ գրելուս համար, բայց հասկացա, որ ներողություն պիտի խնդրեի իմ մայրենի լեզվից՝ հայերենից, որին այնքան անհարմարություն եմ պատճառել՝ լատինատառ գրելով...Պատահաբար համացանցում մի նյութ կարդացի. մի բրիտանացի հայտնի լեզվաբան (անունը հիմա չեմ հիշում) սրտի ցավով, մի փոքր էլ նախանձով գրում է. «Երանի ձեզ՝ հայերիդ, որ դուքՄեսրոպ Մաշտոց ունեք, և ձեր լեզուն արտահայտում եք ձեր այբուբենով: Մինչդեռ անգլերենը ճզմվում է լատինական այբուբենի մեջ»: Եթե այսպես անփույթ լինենք ու անհոգի մնանք մեր լեզվի հանդեպ, մենք կկորցնենք ևս մի ոսկեղենիկ լեզու, ինչպես կորցրինք հին հայերենը, որը մնաց միայն գրոց լեզու, այսինքն՝գրքի լեզու, որին այլ կերպ անվանում ենք գրաբար:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ