Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ձեր երեխաները դեռ շանս ունեն լավ երկրի լավ քաղաքացի դառնալու

Ձեր երեխաները դեռ շանս ունեն լավ երկրի լավ քաղաքացի դառնալու
24.05.2025 | 12:22

·

Մեզ 34 տարի, պետության կայացման գործում չեն սովորեցրել մեր անելիքը՝ որպես հանրություն, որպես շարքային քաղաքացի։

Մեզ ասել են. «Ինձ ընտրի, պապայի արև լավ կլինի»: Հետո եկել են իշխանության, ու բացի նրանից, որ լավ չի եղել, նաև եկողը չի էլ մտածել, որ գոնե պետք է սովորեցնել, պետք է մարդուն քաղաքացի դարձնել, որ գոնե վաղը լավ լինի։

Մեզ վարժեցրել են նրան, որ իշխանության դեմ պայքարում են միայն քաղաքական ցույցերով, սոցմեդիայում ակտիվ լինելով և կարծիքը կողքինի վզին փաթաթելով։ Մեզ այդպես դարձրել են ինքնակեղեքվող, սպառվող, ի վերջո, կործանվող հանրություն։

Մտնում ես Քոչարյանի հարցազրույցի մեկնաբանությունները կարդում, ամբողջը կամ փառաբանում է, կամ հայհոյանք, հետո Սերժինը՝ նույնը, հետո մտնում ես Փաշինյանի կնոջ էջը, տեսնում, որ կառավարության ղեկավարի կինը ինքն է զբաղված չարախոսությամբ ու ատելություն տարածելով։ Մտնում ես մեկնաբանությունները, էլի նույնը՝ գովք+հայհոյանք։

Եվ երբ մարդկանց բացատրում ես իրենց քաղաքացիական պարտականությունները և իրավունքները, ստանում ես հուսահատության ճիչ։ Ոնց որ մարդուն, ում սովորեցրել են միայն քանդել, մեկ էլ առաջարկում ես կառուցել։ Իսկ ինքը սովոր չէ դրան, իր «настройка»-ն լրիվ այլ է։

Ասենք, ասում ես՝ պետք է ոլորտային հասարակական լուրջ կառույցներ ստեղծել, որոնք ամենաթողության դեմը կառնեն։ Ասում է. «Այ ախպեր, մինչև էս դավաճանին չքցենք, ոչինչ էլ հնարավոր չի»։ Ինքը իր երգն է երգում, չի լսում, թե ինչ ես ասում, և ուր կհասնենք կառուցողական մոտեցմամբ։

2018 թվականին, հեղափոխության ժամանակ, մի քանի ակտիվ ներգրավված ընկերների առաջարկեցի հրաժարականի փոխարեն մի քանի նախարարության վերահսկողություն պահանջել ու ստացվելու դեպքում սկսել բարեփոխումներ, զուգահեռ ակտիվ պահելով փողոցը, հետո հեղափոխությունը ինքնաբերաբար տեղի կունենա, բայց այլ երանգով։ Ի՞նչ բարեփոխում, ի՞նչ բան՝ մերժի՛ր Սերժին։ Դե, հիմա էլ՝ Նիկոլին, հետո՝ հաջորդին...

Բա հետո՞:

Ի՞նչ ես պատրաստ անել դու, բացի հեղափոխությունից, և հաջորդող տրամաբանական հարցը՝ ի՞նչ ես կարող անել դու, բացի աթոռագլխին փոխելուց։ Գնաս քո գործերո՞վ, իսկ ինքը երկիրը բարեփոխի՞։ Այ, որ մի քանի գիրք ավել ուսումնասիրեիք, կպարզեիք, որ դա անհնար է՝ առանց հանրության ակտիվ ներգրավման, անգամ, եթե այդ եկածը հրաշագործ լինի։

Սիրում եք բերել Իսրայելի, Սինգապուրի և Շվեյցարիայի օրինակը, բայց ձեզնից ոչ ոք չի բացում կարդա, թե ի՞նչ պարտավորություններ ունեն այդ երկրների քաղաքացիները։ Դուք պատրաստ չե՛ք այդպիսի քաղաքացի լինելուն։

Դրա համար, պետք է աշխատել ու աշխատել ձեր երեխաների, թոռների հետ, ովքեր դեռ շանս ունեն լավ երկրի լավ քաղաքացի դառնալու:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ