Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Իշխանությունը պահելու մեխանիզմ՝ հակադրությունների միջոցով

Իշխանությունը պահելու մեխանիզմ՝ հակադրությունների միջոցով
25.05.2025 | 14:38

Նիկոլը 2018-ին բոլորին խոստանում էր ամենակարևորը՝ «արժեքային հեղափոխություն»։ Ոչ միայն նոր դեմքեր, նոր իշխանություն, այլև՝ նոր արժեքներ։ Բայց այդ խոստումը այդպես էլ չբացվեց, թե հատկապես ո՞ր արժեքներն էին մերժվելու, և ի՞նչ արժեքներով էին դրանք փոխարինվելու։

Ասեմ ավելին՝ ոչ ոք չհարցրեց, անգամ մոռացան, նաև չպահանջեցին հստակություն։

Այդ օրերին անընդհատ խոսվում էր «արդարությունից», «ժողովրդավարությունից», «թափանցիկությունից», բայց դրանք, ինչպեսև հարյուրավոր այլ խոսքեր, մնացին առանց ինստիտուցիոնալ և գաղափարական բովանդակության։ Արդյունքում՝ հստակ աշխատող և քիչ, թե շատ կայացած համակարգը փոխարինվեց անարժեքայնությամբ, իսկ հեղափոխությունը՝ վարչական իշխանափոխությամբ։

Եվ հենց այդ պահից էլ սկսվեց մեկ ուրիշ գործընթաց՝ հասարակության բաժանումը «լավերի» ու «վատերի», «հպարտների» ու «նախկինների», «հեղափոխականների» ու «դավաճանների», և՝ բնավ ոչ պատահական. դա քաղտեխնոլոգիական գործիք էր։

Նիկոլի կողմից իրականացված հասարակության շերտավորման և պառակտման ռազմավարությունը

մի տեսակ քաղաքական «պատառաքաղ» էր, որը թույլ էր տալիս ղեկավարել՝ միմյանց դեմ հանելով նույն հասարակության տարբեր խմբերին։ Հենց այդ պատճառով էլ քաղաքացիները բաժանվեցին ըստ հավատարմության, ոչ՝ ըստ արժեքների, քննադատությունը հավասարեցվեց դավաճանության։ Դրանից բացի, յուրաքանչյուր խումբ ստացավ իր պիտակը՝ «հակահեղափոխական», «ստրկամիտ», «նախկինների ձայն», «5-րդ շարասյուն», «հիբրիդային փարոս», «ռուսի շպիոն» և այլն: Ըստ էության, կառավարությունը խուսափեց միավորող օրակարգից՝ կառավարելով պառակտումներով։

Իշխանությունն իր շուրջ ձևավորեց «մաքուր ժողովուրդ» ու «արատավոր հասարակություն»։ Սա դարձավ իշխանությունը պահելու մեխանիզմ՝ ոչ թե գաղափարական, այլ սակավ արժեքային լեզվով սնվող հակադրությունների միջոցով։

Այսօր, երբ խոսում ենք հիասթափության մասին, արժե հետ նայել ոչ միայն արդյունքներին, այլ նաև՝ բաց թողած հարցերին: Միգուցե ամենախորը խնդիրը հենց սա էր՝ ոչ թե արժեքային հեղափոխությունը չստացվեց, այլ՝ նույնիսկ չսկսվեց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ