Ներկա վիճակով աշխարհի հետագա ճակատագիրը որոշվում է երկու հիմնական տենդենցներով, որոնցից առաջինը տանում է դեպի միջազգային լարվածության թուլացում, իսկ երկրորդը՝ ուժեղացում։
Այդ տենդենցները պայմանավորող պատճառները բազմաթիվ են, որոնք կապված են հզոր խաղացողների շահերի, նրանց պոտենցիալ կորուստների և դրանց հետ առնչված գլոբալ ռիսկերի հետ, քանի որ այդ ամենը տեղի է ունենում պատահականությունների, մեծ անորոշությունների և մարդկանց սխալների պայմաններում։
Նման ռիսկային իրավիճակում շատ վտանգավոր է նաև անտեսել տեխնիկական միջոցների խափանումների հավանականությունը ու, ավելի լայն առումով, որոշումների կայացմանը մասնակցող ինֆորմացիոն միջոցների սխալվելու հավանականությունը, մանավանդ, կապված նման գործերին ավելի խորացող մասնակցություն ունեցող արհեստական բանականության վրա չարդարացված մեծ հույսեր դնելու հետ։
Աշխարհում ստեղծված ներկա վիճակի արմատները գալիս են ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից, երբ հարաբերական հավասարակշռության մեջ գտնվող երկբևեռ աշխարհի բևեռներից մեկը փլուզվեց, անցնելով անհավասարակշռության տարբեր փուլերով, ներառյալ ուժային միաբևեռության պոտենցիալ վտանգներով լի վիճակը, որն էլ ներկա գլոբալ ուժային անհավասարակշռության հիմնական պատճառ դարձավ։
Աշխարհի ներկա վտանգներով լի վիճակի հերթական անհավասարակշռության պատճառը դարձավ քաղաքակրթական մրցավազքից հաղթանակով դուրս եկած Արևմուտքի վերաբերմունքը թուլացած Ռուսաստանի և, ընդհանրապես, ռուսական գործոնի նկատմամբ, այն էլ՝ երկու անգամ։
Ստեղծված իրավիճակում, թուլացած Ռուսաստանը, վտանգ զգալով արագ ուժեղացող Չինաստանից և, մյուս կողմից էլ, ունենալով քաղաքակրթական, մշակութային ու մենթալիտետային մոտիկություն Արևմուտքի հետ, փորձեց միանալ նրան, բայց ստացավ կտրուկ մերժում։
Դա Արևմուտքի առաջին սխալն էր, որի հետևանքով ռուսական կողմը աստճանաբար եկավ այն համոզման, որ նույն Արևմուտքը իր մեջ տեսնում է միայն անհաշտ թշնամուն, որը ունի նաև անսպառ ռեսուրսներ, որոնք կարող են անցնել հզորացող շատ ավելի կարևոր պոտենցիալ թշնամի Չինաստանի ձեռքը։
Նման պայմաններում Ռուսաստանին ուրիշ բան չէր մնում, քան Գորբաչովի ու Ելցինի ձախլիկ ու անհեռատես քաղաքականության պատճառով թուլացած երկիրը տանել ռազմական ուժեղացման ճանապարհով և սկսել մտածել այն մասին, որ ստեղծված պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն անշեղորեն տարածվում է դեպի իր սահմանները՝ դեպի արևելք, անվտանգության տեսանկյունից իր հնարավոր լուծումը Չինաստանի և, ընդհանրապես, ոչ Արևմուտքի հետ մերձեցումն է։
Այս իրավիճակում Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը, որը Ռուսաստանի կողմից բազմիցս հայտարարված կարմիր գիծ էր, ուկրաինական Մայդանի ու Յանուկովիչի փախուստից հետո վերջնականապես համոզեց նրան, որ կռիվը Արևմուտքի հետ իր համար գոյաբանական է։
Եվ այստեղ Արևմուտքը կատարեց իր հերթական ճակատագրական սխալը, կրկնելով Նապոլեոնի և երկրորդ աշխարհամարտի սխալները և համարելով Ռուսաստանին թույլ հակառակորդ ու տարփողելով նրա մոտալուտ պարտությունը։
Այնինչ, ռուսները, ուկրաինական պատերազմի նախնական փուլում արված որոշ սխալներից հետո, աստիճանաբար շտկեցին իրավիճակը և դարձան պոտենցիալ հաղթող կողմ, մի բան, որը ժամանակի իմաստով համընկավ նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ։
Այդ ընտրությունների արդյունքում էլ Թրամփը, երկրորդ անգամը լինելով և մի անգամ ևս հաղթահարելով շատ մեծ դիմադրություն, դարձավ ԱՄՆ-ի նախագահ ու, իր շրջապատի հետ միասին, իրատեսորեն գնահատելով ուժային հակամարտության վիճակն աշխարհում, կտրուկ փոխեց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, որն, ըստ էության, նշանակում էր հաշտվել աշխարհի բազմաբևեռության փաստի հետ։
Բայց միջազգային քաղաքականության ու հարաբերությունների նման կտրուկ փոփոխությունը չէր բխում բոլոր արևմտյան ուժերի շահերից, որն էլ բերեց Արևմուտքի աննախադեպ պառակտման և, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերի չհամընկնելուն։
Նման իրավիճակում Թրամփի բոլոր ջանքերը դադարեցնել ուկրաինական պատերազմը, հանդիպեցին Ռուսաստանի դիմադրությանը, որը համարում է, որ սեփական անվտանգության և աշխարհի գլոբալ անվտանգության առումով մարտական գործողությունները Ուկրաինայում պետք է շարունակվեն այնքան, որ հակամարտության սկզբնապատճառներն իրենց տրամաբանական լուծումը ստանան։
Իսկ Թրամփն էլ, պնդելով, որ ուկրաինական պատերազմը իրենը չէ, այլ Բայդենինը և, բացի դրանից, ինքն ունի նաև այլ լրջագույն պրոբլեմներ, ներառյալ Չինաստանը, Իրանը և Գազան, մտադրություն ունի թողնել ուկրաինական պրոբլեմի ծանրությունը ԵՄ-ի վրա։
Մի հանգամանք, որը աննախադեպ իրավիճակ է ստեղծում ԵՄ-ի անվտանգության իմաստով և, ընդհանրապես, Եվրոպայի տեղի ու դերի իմաստով ուժերի գլոբալ դասավորության մեջ։
Բանն այն է, որ առանց ԱՄՆ-ի ուժային բաղադրիչի մնացած Եվրոպան աշխարհաքաղաքական իմաստով բոլորովին այն չէ, ինչ որ առաջ, բայց, դժբախտաբար, անձեռնհաս վերնախավի և ոչ ադեկվատ քաղաքական ղեկավարության պատճառով իներցիայով իրեն զգում է այնպես, կարծես գլոբալ իմաստով ոչինչ չի փոխվել։
Եթե դրա վրա էլ ավելացնում ենք էներգակիրների թանկացման պրոբլեմն ու դրա հետ կապված ԵՄ-ի տնտեսական դժվարությունները, ինչպես նաև նոր աշխարհաքաղաքական վիճակում բլոկային քաղաքականության մեջ իր ադեկվատ տեղը գտնելու հետ կապված դժվարությունները և առանց ԱՄՆ-ի ուժային հովանավորության մնալու պայմաններում ԵՄ-ի տրոհման իրական վտանգը, ապա պարզ է դառնում, որ Եվրոպան կանգնած է մեծ ճամփաբաժանի առաջ։
Պավել Բարսեղյան