Կայացան Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Ինչպես սպասվում էր, դրանք բուռն էին, դրամատիկ իրադարձություններով լեցուն, ինչ-որ տեղ` նաև անսպասելի, բայց սա, ինչպես փաստում է պարզ ու չհնացող ճշմարտությունը, ֆուտբոլ է, որտեղ գործնականում հնարավոր է ամեն ինչ:
ԻՍՊԱՆԱ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ` ՀՕԳՈՒՏ...
Չորս խաղից ամենավառ տպավորությունը թողեց իսպանական «Աթլետիկ»-գերմանական «Շալկե-04» ակումբների դիմակայությունը: Բիլբաո քաղաքի ֆուտբոլային թիմը հյուրընկալվելիս առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու, ըստ էության, եթե չլուծեց էլ ողջ դիմակայության ելքը, համենայն դեպս, ամրության զգալի պաշար ստեղծեց դրա համար: Կարծում ենք` արձանագրված 4:2 արդյունքն ավելի քան խոսուն է, թեպետ գոլ խփելու պակաս հնարավորություն չունեցան և դաշտի տերերը, որոնց հանդիպման ընթացքում լքել էր ոչ թե մարզական չարությունը (լավ առումով), այլ խախտված նշանառությունը, իսկ առանձին դեպքերում էլ պարզապես հրաշքներ էր գործում մրցակից թիմի դարպասապահ Իրաիսոսը: Պատասխան խաղում միանշանակ է, որ «Շալկեին» չափազանց դժվար է լինելու վերցնել բասկյան բաստիոնը, բայց որ այս հանդիպումն անվերապահորեն լինելու է բացառիկ հետաքրքիր ու լարված, երկու կարծիք չի կարող լինել, և ահա թե ինչու:
Հարազատ Իսպանիայում նորից առանձնանալու և իր մասին վերստին հիշեցնելու ավելի քան պատեհ առիթը չենք կարծում, թե ձեռքից բաց կթողնի լեգենդար Ռաուլը («Շալկեի» խփած երկու գոլի հեղինակն էլ նա է): Երկրպագուի առաջ արդարանալու և իրեն արդարացնելու հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի նաև Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուն` Հունտելարը, ում բախտը ճակատագրորեն չբերեց իսպանացիների հետ առաջին խաղում:
Ի պատասխան քիչ բան չունի անելու և բասկյան թիմը: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դել Բոսկեին սեփական անձի կարևորությունն ընդգծելու հնարավորությունն ամեն կերպ կաշխատի օգտագործել և տաղանդավոր հարձակվող Լիորենտեն, ով Ռաուլի նման նույնպես դարձավ դուբլի հեղինակ: Երիտասարդ, պատվախնդիր այս թիմից բացի, որը մեկ ութերորդում բավականին անսպասելիորեն փակեց անհամեմատ հեղինակավոր ու զորեղ անգլիական ակումբի` «Մանչեստր Յունայթեդի» ճանապարհը, ապացուցելու քիչ բան չունեն և այլք: Մի խոսքով, ակնկալեք սուր մրցակցություն և, եթե ունեք ընտրության հնարավորություն, աշխատեք չսխալվել:
Իսպանա-գերմանական մեկ այլ դիմակայություն էլ տեղի ունեցավ Մադրիդում, որտեղ տեղի «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Հաննովերին»: Արդեն իններորդ րոպեին կոլումբիացի հարձակվող Ֆալկաոն առաջ մղեց դաշտի տերերին: Հյուրերին առաջին խաղակեսում հաջողվեց հավասարեցնել հաշիվն ու առաջին խաղակեսն ավարտել պարտքը կատարածի զգացումով:
Խաղի երկրորդ հատվածն անցավ իսպանական ակումբի կատաղի գրոհների տարափի տակ: Ակնհայտ էր, որ Դիեգո Սիմիոնեն հանդերձարանում իր թիմի համար իսկական «շոգեբաղնիք» էր սարքել: Համենայն դեպս, ասվածի ուղղակի վկայությունն ավելի քան մեկ տասնյակ վտանգավոր պահերն էին մրցակցի դարպասի մոտ, որոնց գագաթնակետը եղավ ութսուներորդ րոպեին Ֆալկաոյի շրջադարձ հարվածից հետո գերմանացի պաշտպանի ձեռքով խաղը: Որքան էլ իր որոշման մեջ մրցավարը մնաց անդրդվելի, այնուամենայնիվ իր սխալը ստիպված էր ուղղել արդեն ինը րոպե անց, որովհետև կոլումբիացի հարձակվողին բացահայտորեն գցելուց հետո այլևս անզոր էր ցույց չտալ տասնմեկմետրանոցի նշանակետը: Մրցակցին նրա սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջելը ֆուտբոլի չգրված կանոններով որքան էլ ընդունված է համարել ձեռնտու պարտություն, սակայն համոզված չենք, որ երկու հանդիպումների վերջնարդյունքը հօգուտ գերմանական ակումբի կլինի:
ՊԱՐԶՎՈՒՄ Է` 2:1 ՀԱՇԻՎԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՄՈԴԱ Է
Այսպիսի հաշիվ գրանցվեց նաև հոլանդական «Ալկմարի» ու քառորդ եզրափակիչում Իսպանիան ներկայացնող մյուս ակումբի` «Վալենսիայի» խաղում: Մադրիդյան թիմին հյուրընկալած ԱԶ-ն, բոլոր գրված ու չգրված օրենքներով մրցակցի նկատմամբ եղավ սակավ հարգալից: Թե որքանով «Վալենսիան» կլինի ներողամիտ ու արդյո՞ք կուլ կտա այս յուրօրինակ անպատվությունը, պարզելու քիչ ժամանակ է մնացել: Պատասխան հանդիպումում այստեղ սպասելի է ամեն ինչ:
Ենթավերնագրային ճշմարտությունից բացառություն կլիներ պորտուգալական «Սպորտինգի» և ուկրաինական «Մետալիստի» հանդիպման արդյունքը, եթե «առյուծների» դարպասապահ Ռուի Պատրիսիուն խաղավարտին «չհաջողեցներ» գետնին տապալել հարվածային դիրք դուրս եկած մրցակից թիմի հարձակվող Մարկո Դևիչին, ու Կլեյտոն Շավիերը չիրացներ նշանակված տասնմեկմետրանոցը:
Ինքնին հասկանալի է, որ մրցակցից անհամեմատ փորձառու «Սպորտինգին» պատասխան խաղում միանգամայն ձեռնտու է նաև ցանկացած հաշվով ոչ-ոքին, սակայն մեկ քառորդ դուրս եկած ու արդեն իսկ իրեն գերազանցած ուկրաինական ակումբը սեփական հարկի տակ, բնականաբար, կփորձի առավելագույնն անել, եթե, իհարկե, «Սպորտինգը» թույլ տա: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի չորս խաղում էլ, ի տարբերություն Չեմպիոնների լիգայի, ինտրիգը մինչև վերջին պահն ապահովված է:
Եվրոպայի լիգայի պատասխան խաղերը կկայանան ապրիլի 5-ին: Ինչ վերաբերում է այսօրվան, Չեմպիոնների լիգայի առաջնության խաղարկության շրջանակներում (պատասխան խաղեր) կհանդիպեն «Բավարիա»-«Մարսել», «Բարսելոն»-«Միլան» զույգերը, իսկ վաղը կկայանան «Ռեալ»-«ԱՊՕԵԼ», «Չելսի»-«Բենֆիկա» հանդիպումները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ