Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում «Բարսելոնի» ու Մադրիդի «Ռեալի» կատաղի դիմակայությունն ակնհայտորեն «քայքայել» է մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմի նյարդերը, ով, Forbes-ի տվյալներով, աշխարհի ամենահարուստ մարդն է 61 միլիարդ դոլար կարողությամբ: Նա ցանկանում է ստեղծել այս երկու գերակումբներին լիարժեքորեն հակակշռող թիմ: Դեռևս ամբողջովին չճշտված տվյալներով` այդպիսի ակումբ կարող է դառնալ Մադրիդի «Աթլետիկոն», որի ղեկավարությունը վերջերս այն վաճառելու ակնարկներ է արել: Ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ է ներկայանում ակումբը վաճառելու մտադրությունը հատկապես այն ֆոնի վրա, երբ «Աթլետիկոն» գերազանց խաղ է ցույց տալիս երկրի ընթացիկ առաջնությունում, սակայն մյուս կողմից էլ ինչ կարող ես իմանալ հարուստների իրական հարստության, իսկ եթե դա այդպես էլ չէ, ապա գոնե նրանց քմահաճույքների մասին:
Նկատենք, որ Կառլոս Սլիմի ֆուտբոլային հետաքրքրությունն այնքան էլ վաղ պատմություն չունի: Հայտնի է միայն, որ ոչ այնքան վաղ անցյալում խոշոր ներդրումներ է արել Grupo Pachuca-ում, որի ձեռքին է մեքսիկական «Պաչուկա» ակումբի հսկիչ փաթեթը:
Որ ֆուտբոլը մեծ բիզնես է, նորություն չէ: Պատահական չէ, որ այս հողի վրա խելք «թռցնողները» քիչ չեն ու կոնկրետ ազգային պատկանելության շեշտադրում չունեն: Համենայն դեպս, դեռ երեկ այդ «խելակորույսներից» էին ռուսները ¥հրեական աշխարհից ներողություն եմ խնդրում, մասնավորապես Ռոման Աբրամովիչին «ռուսներ» ընդհանրական պարագրաֆով անցկացնելու համար, բայց թե բոլոր ժամանակներում ապահով ծպտյալի կարգավիճակը նրանց ընտրությունն է), ապա արաբական շեյխերը: Հիմա էլ` այս մեքսիկացին:
Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել` բա հայկական ֆուտբոլով հետաքրքրվող միլիարդատեր չկա՞, ինչը կինոսիրող ֆուտբոլասերի ականջին կարող է հնչել հայտնի ֆիլմից Նաջարյանի` «Լավ, էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞» հարցի հանգույն: Շտապում ենք պատասխանել` կա՛: Եթե, իհարկե, միլիարդները հաշվում ենք հայկական դրամով, թեպետ, ի՞նչ իմանաս Ավան աշխարհի կողմերը ներկայացնող մեր տեղական «գերմանացու» իրական կարողության չափը, որից հարկային մարմիններն անգամ գլուխ չեն հանում: Չի բացառվում, որ մարդն այդ գումարը նաև դոլարային համարժեքով ունենա, բայց որ հայկական ֆուտբոլում նրանից լուրջ ներդրող չունենք, չկա, «նի՛խտ», փաստ է:
Ցավալի փաստ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ