Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Որպեսզի չփչացնեք ձեր և ուրիշների տոնը, երբեմն «նեղացրեք» տանտիրոջը

Որպեսզի չփչացնեք ձեր և ուրիշների տոնը, երբեմն «նեղացրեք» տանտիրոջը
20.12.2012 | 21:17

Նոր տարին մոտենում է: Սկսվում են տանտիկինների լարված օրերը: Վերջիններս գործի են դնում «ստեղծագործական» բոլոր հնարքները` գեղեցիկ, առատ, համեղ ու բազմազան ուտեստներով լի սեղան գցելու համար: Ճոխ սեղան, խոզի բուդ, աղցաններ և ամենաշատը` րոպեն մեկ կրկնվող արտահայտություն. «Իմ տոլմայից փորձեք, կնեղանամ, անպայման պետք է ուտեք»: «Բա աղցա՞նս, բա այս թխվածքը՞, բա սա, բա նա՞»:

Մի խոսքով, հաճույքով, թե տհաճությամբ, ստիպողաբար, թե ամոթին «զոհ գնալով», որպեսզի չնեղացնենք տանտիրոջը, երբեմն փորձում ենք այս կամ այն ուտեստներն ու կերակրատեսակները: Իսկ թե ինչպես է մեր օրգանիզմը դիմանում կերակուրների այդ բազմազանությանն ու ծանրաբեռնվածությանը, զգում ենք ավելի ուշ, երբ բանը բանից արդեն անցել է:

Ինչպե՞ս խուսափել հնարավոր թունավորումներից կամ ստամոքսային խանգարումներից: Ինչպե՞ս վարվել նման դեպքերում:
Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ, ամենից առաջ պետք է հասկանալ «առողջ սննդակարգ» հասկացության նշանակությունը: Ըստ նրա, դա պարունակում է մեծ քանակությամբ բազմազան սննդամթերքներ, սննդանյութեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր, որոնց բավարար քանակությունը ապահովում է օրգանիզմի նորմալ գործունեությունը: Առողջ, ռացիոնալ սննդակարգի հիմքում ընկած է կերակրատեսակների բազմազանությունը:

Ի՞նչ բան է ճիշտ սնվելը
Ինչպես դիետոլոգն է նշում, դա նշանակում է ուտել ճիշտ քանակությամբ բազմազան սննդամթերք, որոնք կարող են օրգանիզմին մատակարարել օրվա ծախսած էներգիային համարժեք բոլոր օգտակար սննդանյութերը, կալորիաներն ու վիտամինները: Նրա խոսքով, ռացիոնալ սննդի հիմքում ընկած է, այսպես կոչված, սննդային բուրգը, որտեղ բոլոր սննդամթերքները բաշխված են վեց կարևոր խմբերի` 1. հաց, հացազգիներ, լոբազգիներ, կարտոֆիլ, 2. բանջարեղեն, 3. մրգեր, 4. կաթ, կաթնամթերք, 5. մսամթերք, 6. շաքար պարունակող սննդամթերք:
Սնվելիս ցանկալի է օգտվել նշված բոլոր խմբերից, սակայն ամենակարևորն այն է, որ «բուրգից» օգտվելիս նախ և առաջ օգտագործենք այն, ինչն ընկած է դրա հիմքում, այսինքն` հաց, հացազգիներ: Ոչ պակաս կարևոր է, որ սնունդը լինի կանոնավոր և օրը 3-5 անգամ: Այն պետք է բաշխվի հետևյալ կերպ . նախաճաշ` 25 տոկոս, ճաշ` 35 տոկոս, հետճաշիկ` 15 տոկոս, ընթրիք` 25 տոկոս: Բայց ամենից կարևորը` օրն սկսել նախաճաշով, ինչին, ցավոք, մեր բնակչության ճնշող մեծամասնությունը սովոր չէ: Հենց նախաճաշն է օրգանիզմին տալիս այն դրական էներգիան, ուժը, որ պահանջվում է ողջ օրվա ընթացքում:

Ինչպես դիմավորել Ամանորը
Դիետոլոգ Գայանե Ղազարյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ սպիտակուցներից, ավելի շատ օգտագործել միրգ և բանջարեղեն, ընդգծելով, որ այդպիսի սնունդը տալիս է վիտամինային և հանքային նյութերի մեծ պաշար: Վերջինս սննդամթերքն առաջարկում է գնել քիչ քանակությամբ, ճաշատեսակները նույնպես պատրաստել քիչ-քիչ: Ամանորին, մինչև գիշերվա 12-ը կարելի է կազմակերպել գեղեցիկ ընթրիք: Երեկոյան ժամը 17-18-ի սահմաններում հավաքվել հարազատներից մեկի տանը և հիմնական ուտեստներով լի սեղանի շուրջ դիմավորել գալիք Ամանորը: Արդեն ժամը 12-ին տոնը նշել` քաղցրավենիքով և մրգերով: Քանի որ մարդիկ սովորականից շատ են ուտում այդ օրերին և վախենում են գիրանալուց, ուստի տիկին Ղազարյանն առաջարկեց ուտել ամեն ինչից քիչ-քիչ, իհարկե` նվազեցնելով այն սննդամթերքները, որոնք կարող են նպաստել գիրանալուն: Անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, ուտելուց հետո ոչ թե նստած մնալ կամ պառկել, այլ շարժվել, պարել, ուրախանալ, ինչը կօգնի հեշտ և արագ մարսողությանը, հետևաբար, չենք հավաքի նաև ավելորդ քաշ: Եթե, այնուամենայնիվ, չարաշահվել է սննդամթերքը, ապա Գ. Ղազարյանն առաջարկեց օգտագործել «Ֆեստալ» կամ «Մեզիմ ֆորտե» դեղորայք և տաքացրած հանքային ջուր (30-35 աստիճան)` խմել ուտելուց հետո:
Չենք մոռանում ալկոհոլի մասին: Ամանորին ցանկալի է օգտագործել դառը խմիչքներ, քանի որ քաղցր խմիչքները դանդաղեցնում են մարսողությունը, իսկ դառը, հակառակը օգնում է:
Հիշե՛ք` մարսողության համար շատ օգտակար է բանջարեղենը: Հեշտ մարսողության համար խորհուրդ է տրվում բոլոր ուտեստների հետ օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն: «Կլինի հում թե թարմ, նշանակություն չունի»,- ասաց տիկին Ղազարյանը: Ըստ նրա` բանջարեղենը նպաստում է ստամոքսում մեծ քանակությամբ հյութարտադրությանը, ինչն էլ, բնականաբար, օգնում է մարսողությանը: Չի կարելի համակցել նաև սպիտակուցը ճարպային սննդի և ածխաջրերի հետ: Խորհուրդ է տրվում ճարպոտ կերակրատեսակները չհամակցել չարազեղենի հետ, դրանք պետք է ուտել 30 րոպեի տարբերությամբ, որովհետև երկուսի մեջ էլ յուղային մասը մեծ տոկոս է կազմում և կարող է դժվար մարսվել` առաջ բերելով ստամոքսի խանգարումներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

-

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ