Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում

Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում
26.04.2013 | 12:56

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերն անակնկալ վերջաբան ունեցան: Չէ, նկատի չունեմ արդյունքը, որ հավասարապես և՛ սպասելի էր, և՛ նույնքան անսպասելի: Նկատի ունեմ դրանցում արձանագրված հաշիվը: Ինչ` ինչ, բայց որ գերմանական թիմերն այսօրինակ խայտառակ պարտության կմատնեն իսպանականի հետ մեկտեղ համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբներին, չեմ կարծում, թե որևէ մեկի մտքով կանցներ: Եղածն իսկապես աներևակայելի է: Իր թողած տպավորությամբ այն նույնիսկ ավելին էր, քան գիշերվա տեսած ամենասարսափելի երազը:

ՉՆԱՅԱԾ ԱՍՈՒՄ ԵՆ` ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԱ ԵՐԲԵՔ
Որ ճշմարտությունն անհամորեն կարող է այդքան դառը լինել, նախ հաստատվեց «Բավարիա»-«Բարսելոն» դիմակայությունում ու մեզ` կատալոնյան ակումբի ջերմ երկրպագուներիս, այլ բան չի մնում, քան մեր իսկ կոտրած ձեռքով դառնացած սեղմել համակարգչի ստեղնաշարի կոճակներն ու արձանագրել. «Բավարիան» միանգամայն արժանիորեն հաղթեց «Բարսելոնին», հաղթեց օրինաչափորեն` «Մեսի + տասը» ընկերությանը ողջ խաղի ընթացքում զրկելով քիչ թե շատ տրամաբանված քայլեր ձեռնարկելուց: ՈՒ քանի որ ողջ ասելիքս կառուցելու եմ ինքս ինձ հետ բանավիճելու սկզբունքով ¥ինձ ասելով հավասարապես նկատի ունեմ կատալոնյան ակումբի բազմամիլիոն երկրպագուներին¤, ապա պատրաստ եղեք խոսքի մեջ հնչելիք երկվության տարրերն առողջ բանականությամբ ընդունելուն:
Վիրավորական շեշտե՞ր տեսաք բարձրագույն քնարերգության հնչողությանը հարիր «Բարսելոն» անվանումը «Մեսի + տասը» անվանումով հրամցնելու մեջ, խայտառակորեն անդեմության, անգոյության մատնելով Չավիին, Ինիեստային, նրանց առանձնապես ոչ այնքան շատ բանով զիջող մյուսներին: Բայց ինչո՞ւ եք կարծում, թե գարնան գլխին մարագից նոր հանած հորթի հրճվանք եմ ապրում այս անվանումից, ու, սիրուց կուրացած, խոսքիս ամբարված ցավը չեք ուզում տեսնել: Հենց այս նույն ցավի թելադրմամբ ուզում եմ ձեզ ու ինձ հարցնել` կարո՞ղ ենք «Նոու Կամպում» հրաշք գործել։ Պատասխանեմ իմ բաժին ընկալմամբ` տեսականորեն` այո, գործնականում` ոչ, թեպետ ասված է` երբեք մի ասա երբեք:
Շա՞տ եմ թերահավատ, ժամանակից շո՞ւտ եմ պարտության դրոշ պարզում:
Վախենում եմ` ոչ:
Ինչ խոսք, որ ձեր սուրբ իրավունքն է «Սան Սիրոյում» «Միլանին» պարտվելուց հետո այդ նույն իտալացիների քթից բռնած նրանց զոհասեղան տանելու ու կենդանի-կենդանի մաշկելու հակափաստարկը սեղանին` դեմս դնելը, ու երիցս ճիշտ կլինեք: Սակայն սույնը միայն սեղանի՛ն դնելու իրավունք ունեք, բայց ոչ աչքս կոխելու, որովհետև, նախ, աչքս կվնասեք, իսկ դրանով շոշափելիորեն ուրիշ ոչնչի չեք հասնի, որովհետև, հավատացնում եմ, երկրում եղած մոլորությունների ու չարիքների ո՛չ ճարտարապետն եմ, ո՛չ հիմնական մեղավորը, ո՛չ էլ «հանցագործ» երրորդ միլիոնի միջինը, եթե այդ երրորդ միլիոնի գոյությանը մանկամտորեն դեռ հավատում եք` կողմնորոշիչ ունենալով նախընտրական ցուցակների մանիպուլյացիան:
Հիմա ձեզանից առավել անհամբերները կհասցնեն մտածել` սա ի՞նչ լկտի խորամանկություն է մասնավորն ու առհասարակն իրար խառնելը, մանր ժուլիկի պես ավելի քան առարկայական նյութից այսպես անպատկառորեն խուսանավելը:
Վատ զգացի՞ք խոսքի տակից փախչելուս հունարից: Բա որ ես էլ դառնամ ու ասեմ` ի՞նչ է, ձեր չունեցածը եկավ ու դեմ առավ ի՞նձ, ինձ վրա կանգնե՞ց: Հը՞: Բա ի՞նչ եք, գզիրի պես դուռ ու երդիկ ընկած, «Միլանի» օրինակն աչքս խոթում: Ի՞նչ է, իտալացիների խաղից հետո «Բարսի» աչքերի մեջ եղած կրակը տեսաք ու «Ալյանց Արենայում» այդ նույն կատալոնցիների հայացքի մոլոր լինելը չտեսա՞ք:
Լավ: Ոնց որ թե շատ վրա տվինք` թունելի ծայրը չտեսնողիս մեջ կուտակված բացասականով ձեզ էլ ինձ հետ հավասարապես հուսալքելով: Անցնենք փոքր-ինչ հուսադրող նոտաների` չէ՞ որ չորս գոլ ուտողը կարող է չորս գոլ էլ «կերցնել»: Որքան էլ պատասխան խաղն առաջին հայացքից անլույս է ներկայանում, բոլոր դեպքերում «Բարսելոնը» հնարավորը կանի դեմքը փրկելու համար: Մեսին, անգամ վնասվածքի գնով, առնվազն գոնե մի անգամ ոտքի տակ կառնի «Բավարիայի» պաշտպանությունն ու կձաղկի Նոյերին, մնում է, որ մնացածներն էլ մի բան անեն, բայց թե այդ մի բանը որքանո՞վ կօգնի երկու խաղի արդյունքում եզրափակիչ դուրս գալուն, դժվարանում եմ ասել: Իսկ թե բան է, այնպես ստացվեց, որ այդ կիսաեզրափակիչ դուրս գալը եղավ անհնար, ողբերգություն չպիտի սարքել: Հիշեք, թե ինչ անմարդկային փորձություններով անցավ «Բարսելոնը»` մի մրցաշրջանի ընթացքում փաստացի երկու մարզիչ ունենալով: Եվ, վերջապես, այդ տղաները կենդանի շունչ են, հո ռոբոտ չե՞ն, որ հոգնելը չիմանան ինչ է: Ինչևէ: Մարդկայնորեն հասկանանք ու ապառաժի պես թիկունք կանգնենք մեր սիրելիին: «Բարսելոնը» նվաճել է ու միանգամայն արդարացիորեն է նվաճել այդ իրավունքը:
Ճիշտն ասած, ավարտելով նյութի այս հատվածը, հենց այստեղ էլ ուզում էի վերջակետ դնել, բայց դե Մյուլլերը ¥պարզ է, չէ՞, որ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի Մյուլլերի մասին չէ¤ հետխաղյա իր զգացողություններում իսկապես համը հանել է, իսկ դրան չանդրադառնալ չեմ կարող:
Ոնց է համը հանե՞լ:
Հենց էդպես` վերցրել ու լավ էլ ուղիղ իմաստով հանել է` ասելով. «Այո, ես չեմ կարող միանգամից շրջանցել չորս խաղացողի, սակայն ես ունեմ իմ արժանիքները: Օրինակ` խաղի ընթացքում տասներեք կիլոմետր վազելն ինձ համար դժվար չէ»:
Մեր տղա, հասկացանք, որ միանգամից չորս խաղացողի չես կարող շրջանցել, բայց մի խաղում կարող ես տասներեք կիլոմետր վազել, սակայն խոսքիդ առաջին մասով էդ ո՞ւմ բոստանն ես քար գցում, էս ի՞նչ երազանքների մեջ ես:
Չեղավ, չէ՞:
Երկու գոլ ես խփել, ծովը ծնկներիցդ է թվում: Բա որ էն սարի նման տղու պես Չեմպիոնների լիգայի 79 խաղում 59 գնդակ խփած լինեիր, ծովը որտեղի՞ցդ կլիներ… Ի տարբերություն քեզ, էն տղան լռում է, չէ՞, բան չի ասում: ՈՒրեմն, լեզուդ ատամներիդ տակ պահիր, չափդ ճանաչիր, լսիր խաղի մասին արտահայտվող մեծերին, լսիր քո այդ նույն «Բավարիայի» վարչության նախագահին` Ռումենիգեին (հարկավ, ընթերցողը լավ է հիշում այդ ֆանտաստիկ ֆուտբոլիստին), ով ասել է. «4:0-ն աշխարհի լավագույն թիմի հետ խաղում պարզապես երազանք է: Մեզ ամեն ինչ հաջողվեց, և այժմ մենք լավ հնարավորությունով կարող ենք գնալ Բարսելոն»: Հասկացա՞ր: Տեսա՞ր խոսքի մեջ եղած համեստությունը:
Է՜, ջահել է, ջահել է Թոմասը: Դեռ որքա՜ն հաց ու պանիր ունի ուտելու, չնայած գերմանացիների սիրած ուտեստը, գիտեք, նրբերշիկն է: Գարեջրով: Բա որ ասում են գարեջուրը չարաշահելը վնաս է առողջությանը, կարծում եք Գյումրիի նորաթուխ քաղաքապետ Սամվել Բալասանյանի բիզնեսին խփելու համա՞ր են ասում:

«ՆԱԽԱՆՁԵԼ», ԲԱՅՑ ԷՍ ԿԱՐԳԻ՞
Խոսքս Մոուրինյոյին է վերաբերում, թեպետ ցանկության դեպքում այն հավասարապես կարելի է տարածել և Յուրգեն Կլոպի վրա: Կարծում եմ` գլխի ընկաք, որ այստեղից, վարպետորեն շրջանցելով Թասի հանրահայտ ոլորանները, ուղիղ անցում ենք արդեն կատարել «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպմանը:
«Բարսելոնի» «հարվածային» 0:4 պարտությանը «Ռեալը» պատասխանեց ոչ պակաս «հարվածային» 1:4 հաշվով պարտությամբ (փաստորեն, բունդեսլիգայի այս մրցաշրջանի չեմպիոնը հաղթեց իսպանական այս առաջնության չեմպիոնին. անհավատալի է, որ կատալոնցիներին որևէ մեկը կկարողանա խանգարել առաջին տեղով եզրափակել մրցաշարը), իսկ նույն բունդեսլիգայի նախորդ տարվա չեմպիոնը հաղթել է Իսպանիայի առաջնության նախորդ տարվա չեմպիոնին: Հիմա ընթերցողի մի շերտ կլինի, որ կմտածի` իր սիրած «Բարսելոնը» պարտվել է, ուրախանում է ուրիշի դժբախտության վրա: Այ, էստեղ է, որ պիտի բերանս բացեմ ու ասեմ` դե արի հիմա, բան ու գործ թողած, նման մարդկանց հիշեցրու, որ կիսաեզրափակիչ հանդիպումներից առաջ նյութ ես գրել ու այդ նյութդ եզրափակել ես «եզրափակիչը կարող է լինել իսպանական, իսպանագերմանական, բայց ոչ երբեք զուտ գերմանական» տողերով ու մեջտեղում հերիք չէ, որ ոչ բարով-խերով իբր ֆուտբոլից հասկացողիդ հեղինակությունն է կասկածի տակ դրվում, դեռ մի բան էլ պատասխան խաղերից առաջ եկեղեցի ես գնալու, մոմ ես վառելու, որ իսպանական թիմերից գոնե մեկնումեկը հաղթի, որ ընթերցողի աչքին սևերես չմնաս, թեպետ այդ նույն նյութում սևով սպիտակի վրա գրել ես. «Ովքե՞ր կհաղթեն ու դուրս կգան գլխավոր խաղ` նույնպես դժվար է պատասխանել: Ես խուսափում եմ այս հարցում ընթերցողին կողմնորոշելուց` համարելով, որ դա այս պարագայում անպտուղ զբաղմունք է, իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն դա անել, հավատացեք, պարզապես սուր զգացողությունների սիրահար են կամ… «Վիվարոյի» ծպտյալ գործակալ` այստեղից բխող հայտնի ու անհայտ հետևանքներով»:
Հիմա հասկացա՞ք, որ չեմ չարախնդում: Իսկական չարախնդացողները մեկ օր առաջ «Բավարիա»-«Բարսելոն» հանդիպումում կատալոնցիների պարտությունից հրճվողներն էին (այս մասին ավելի քան հավաստի տեղեկություններ ունեմ), մոռանալով, որ գոյություն ունի էներգիայի վերադարձի օրենք (այ մարդ, էս ինչ սիրուն ձևակերպեցի. ի՞նչ եք ասում` հեղինակության հայտ չներկայացնե՞մ, Նյուտոնից ինչ պակաս տղա եմ, որ իմ անունով օրենք չունենամ):
Հա, չընդմիջեմ:
ՈՒրեմն, Հուրիխանյանի առաջին օրենքով սահմանվում է, որ գոյություն ունի էներգիայի վերադարձի օրենք, համաձայն որի` ամեն մարդու սրած մախաթ (կապ չունի` իրականում սրած, թե մտովի) մտնում է այդ մարդու համապատասխան տեղը: Այնպես որ, բարեկամներս, ուրիշի դժբախտության վրա ծիծաղել չի կարելի: Իսկ ինչ վերաբերում է բուն խաղին, այն պարզապես փայլուն ստացվեց: «Բորուսիան» շշմելու որակի խաղ խաղաց, ապացուցելով, որ չափազանց լուրջ գործոն է դարձել եվրոպական ֆուտբոլում: Ապացուցեց նաև, որ վաստակ, հեղինակություն, անցած ճանապարհ հասկացությունները թեև հարգի մեծություններ են, սակայն պակաս լուրջ կռվան չեն ջահել արյունը (այս թիմը սաստիկ երիտասարդ է), նպատակաուղղվածությունը, խնդիր դնելն ու համառորեն այդ խնդրի լուծմանը գնալը` տարեցտարի եղածի վրա նախանձախնդրորեն մի նոր բան ավելացնելով, մի նոր քայլ կատարելով: Իսկ Լևանդովսկին իր «պոկերով» պարզապես շշմեցրեց: Չորս գոլ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում դեռևս չի հաջողվել խփել և ոչ մի ֆուտբոլիստի:
«Սանտյագո Բեռնաբեուում» ի՞նչ կհակադրի «Ռեալը» «Բորուսիային», դժվարանում եմ ասել, բայց որ մադրիդցիների վիճակը բարսելոնցիներից ծանր է, էս մեկը միանշանակ է: Միանշանակ է նրանով, որ «Բարսելոնի» հետևում է շատ ծանր տարի` պայմանավորված մարդկային գործոնով: Չանձնավորեմ, բայց դե ոչ մի բանակ չի կարող հաղթել առանց գեներալի: Հանգամանքների դժբախտ բերումով «Բարսելոնն» ապրեց ու ապրում է այդ պարզ ճշմարտությունը ու, եթե անկեղծ խոսելու լինենք, իներցիայի ուժով թիմը դեռևս պահպանում է դեմքը: Այնպես որ, «Բարսելոնը» հասկանալի է, «Ռեա՛լն» է կանգնած ծանր խնդրի առաջ: Դե ինչ, պատմությունը Մոուրինյոյին բացառիկ շանս է տվել ապացուցելու` իսկապե՞ս Միակն է ու Անկրկնելին, թե դրանք սպասվածից ավելի ուռճացված գնահատականներ են:
Ավարտենք:
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները չափազանց լուրջ ու միաժամանակ ծանր խնդիրներ առաջադրեցին: Այդ խնդիրները, որքան էլ բարդ, այնուամենայնիվ վերջնականապես հանգուցալուծված չեն: Դեռևս կա, ուժի մեջ է մնում պատասխան խաղի գործոնը, որն էլ հստակ կասի, թե Անգլիայի սրտում ո՛ր թիմերին է հանդես գալու պատիվը վերապահված` գերմանականների՞, իսպանականների՞, թե՞ իսպանագերմանականի:
Ինչպես տեսնում եք, վերջնական պատասխանի իրավունքն ամենազոր ժամանակի ձեռքերում է, իսկ այն այնքան էլ տևական դադար չի պարունակում: Ընդամենը վեց օրից պարզ կդառնա` Մոուրինյոյի ««Ռեա՞լն» է գնում «ՈՒեմբլի», թե՞ Կլոպի «Բորուսիան»: Ի դեպ, այս հանդիպումը շատ բաներով կանխորոշելու է նաև ընդամենը մեկ օր անց կայանալիք մյուս հանդիպման ելքը` նույն բնական ելքով: Ի դեպ, համաձայն այդ նույն Հուրիխանյանի հայտնագործած օրենքի:
Չափազանց բա՞րդ եղավ ընկալման համար:
Մի հուսահատվեք: Որպես այդ օրենքի հեղինակ, ես անսահմանորեն լավատես եմ: Էյնշտեյնին էլ սկզբում միանգամից չէին հասկանում: Եվ հետո, ի վերջո, ամեն ինչ չէ, որ միանգամից ու դյուրությամբ է ընկալվում: Երբ այս տարրագույն ճշմարտությունը հիմնովին հասկանաք, մի օր էլ ձեր գլխին խնձոր կընկնի: Նյուտոնի կամ համեստագույն անձիս համեստ օրինակով:
Ո՛ղջ լերուք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ