Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»:
Առաջին նստացույցը եղել էր մայիսի 11-ին: Վոլոդյա Ավետիսյանին ընդունել էր վարչապետի ներկայացուցիչը և խոստացել ընթացք տալ ազատամարտիկների պահանջներին: Ավելի ուշ պահեստազորի գնդապետն ասաց, որ եթե չբավարարվեն կառավարությանը ներկայացված իրենց պահանջները, կվերսկսեն նստացույցը:
Հիշեցնենք, որ նախորդ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «Հայաստանի կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքները»: Վոլոդյա Ավետիսյանը միայնակ չէ այս պայքարում, նրան են միացել մի քանի տասնյակ ազատամարտիկներ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ