ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ներքին քաղաքականության ճարտարապետական վնասները

Ներքին քաղաքականության ճարտարապետական վնասները
27.06.2013 | 13:48

Երեկ Հանրապետության հրապարակում էի: Սովորաբար քիչ եմ գնում հրապարակ: Եվ ընդհնարապես քիչ եմ թափառում Երևանի փողոցներում: Ոչ նրա համար, որ մի 20-25 տարի առաջ հոգիս անընդհատ հոսող ընթացքի մեջ էր ու մարմնի հետ ներդաշնակությունը պահպանելու ձգտումով անվերջ քայլում էի, ու ոչ նրա համար, որ հոգուս ընթացքը դանդաղել է կամ այլևս ներդաշնակ է մարմնիս հոգնածությանը: Երևանը շատ էի սիրում, քայլելիս ամեն ծառն ու շենքը զգում էի, ամեն մի քարը` մաշված կամ ոչ, ներսիս անչափ մոտիկ էր: Երևանը սիրում էի, ինչպես Վանոն կասեր, մանրամասնորեն:
Երբ սկսեցին քաղաքի հերն անիծել, ամեն հիմնահատակ արվող շենքի հետ սիրտս տնքում էր: Ձևեր չեմ թափում: Հաճախ ցանկություն էի ունենում մի նռնակից-բանից ճարել տանել գիշերը դնել կառուցվող շենքի տակ ու պայթեցնել: Հաճախ ինձ բռնում էի էն մտքում, որ ափսոս տղամարդ չեմ գնամ մի երկուսի, ինչպես եղբայրս կասեր, պոզամիջում հագցնեմ: Հաճախ նաև այնքան անզորանում էի, որ ուզում էի փախչել, վազե՜լ-վազե՜լ-վազե՜լ, չտեսնել, թե քաղաը ոնց են այլանդակում:
Էն, որ անկախությունից հետո Երևանը և ընդհանրապես երկիրը փոխվում էր, պարզ էր: Մտածողություն էր փոխվում, միջանձնային հարաբերություններում շատ չափանիշներ էին աղճատվում, Երևանում աստիճանաբար սրճարանում նստելուց հաճույք ստանալը կամ պարզապես քայլելը համը կորցնում էր: Լուսահոգի Սիփանի խոսքերը վերջին տարիներին հաճախ եմ հիշում. «Էս պոռնիկ քաղաքում գնալով ապրելը դժվարանում է»: Երբ հին Երևանից մնացած շենքերը քանդում ու բեռնատարները բարձում էին դրանցով, կանգնում նայում էի էշացած, ամեն քարի հետ սիրտս մտովի գնում էր` տեսնես ուր են տանում: Արդեն սկսել էի չհավատալ, որ այդ համարակալված քարերը մի օր իրար վրա են հավաքվելու շենք դառնալու նպատակով: Իրականում, եթե հետ պտտենք ժապավենը, կհասկանանք քաղաքը ինչ մղձավանջի միջով է անցել հերթական շինվածքը կորցնելով ու ինչ բարոյական վնաս է կրել դրանց տեղում հերթական դեգեներատ բարձրահարկը ունենալով:
Պարզ է` ցանկացած համակարգային փոփոխությունների արդյունքում ցանկացած երկիր ոչ միայն կորուստներ, այլև ձեռքբերումներ է ունենում: Չեմ կարողանում մտաբերել, թե քաղաքաշինության մեջ, օրինակ, Հայաստանը ինչ ձեռքբերում է ունեցել, բայց վստահ եմ, որ մեծ ու անդառնալի կորուստներ է տվել: Երեկ իմ մի բարեկամը պատմում էր արտասահմանցի զբոսաջրջիկների մի համացանցային ֆորումի մասին, որտեղ քննարկել են Երևանի և Թբիլիսիի տարբերություններն ու առավելությունները: Մասնակիցներից մեկը գրել է, թե Թբիլիսին հին քաղաք է` հին մշակութային ավանդույթներով, Երևանը` երիտասարդ: Հիմա ո՞վ է մեղավոր, որ արտասահմանցու օբյեկտիվ աչքը երկու քաղաքները գնահատում է ոչ թե նրանց տարիքով, այլ ճարտարապետական կոթողներով: Երևանում առանց այդ էլ մատների վրա կարելի էր հաշվել մի քանի շենքեր, որոնք գուցե հայկական ճարտարապետության հետ քիչ առնչություն ունեին, բայց մեր պատմությունն էին, մեր քաղաքաշինական պատմության փշրանքները: Էլ չեմ խոսում այն կառույցների մասին, որոնք սովետի ժամանակվա մեր ունեցած հետաքրքիր նմուշներից էին: Ճարտարապետությունը երկրի, հասարակության, իշխանության հայելին է: ճարտարապետությունը քաղաքականության արտապատկերն է շինությունների տեսքով: Ես այսպես եմ հասկանում: Այս տարիների ընթացքում իշխանության վարվող քաղաքականությունը, չնայած առկա համապատասխան օրենսդրությանը, համակարգային մոտեցումներով չի առաջնորդվել, էլ չեմ ասում` շատ դեպքերում հարցերը լուծվել են հայերին բնորոշ տնավարիությամբ ու ախպերջանությամբ: Սակայն նույնիսկ այս դեպքում ընդհանրապես մեր ճարտարապետների ու հատկապես Երևանի նախկին ու գործող գլխավոր ճարտարապետների մեղքի բաժինը չի նվազում: Երևանով շրջելիս, դեռ մյուս քաղաքների մասին չեմ խոսում, կարելի է մտածել, որ Հայաստանի ճարտարապետները կա´մ ճարտարապետությունից մղոններով հեռու են, կա´մ, տեսական մասը լավ սերտած լինելով հանդերձ, բավականաչափ շնորհք չունեն գործնականում այն կիրառելու համար, կա´մ էլ, ավելի վատագույն դեպքում, հատուկ են անում:
Դառնամ կրկին Հանրապետության հրապարակին: Երեկ այնպիսի տպավորություն ունեցա, թե երկիրը ասպատակել են ու այդ մի քանի շենքերը թողել որպես հիշողություն հին քաղաքի: Եթե քաղաքապետարանը իրականացնի հրապարակը վերակառուցելու իր ծրագիրը, այդ հիշողությունից ոչինչ չի մնա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ