Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի
01.07.2013 | 15:50

Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն արթնանում է անօթևանների կացարանում` գիշերելու իր մշտական վայրում: Առավոտյան մոտ ժամը 10-ն է: Սկսվում է փողոցային կյանքը` անկախ եղանակից: Հիվանդ է, թե ոչ, կամա թե ակամա, Յոսը ստիպված է հեռանալ, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից: Դրսի ցրտին 12 ժամ դիմանալը հեշտ չէ: Բայց այս օրն ուրիշ է: Յոսը ծրագիր ունի. մտադիր է իրականացնել որոշածը: Նա ստիպված կլինի համոզել ընկերուհուն և ընկերներին: Ինչևէ, մտքին դրել է այսօրվանից փոխվել. այլևս չի խմի, չի ծխի, կոկաին, հերոին կամ այլ թմրանյութեր չի օգտագործի: Երբեք: Յոսը, իրոք, ուզում է փոխվել: Այսօր նա իր բոլոր վատ սովորությունները կթողնի: Իրո՞ք: Այսօր այդ օրն է… Կամ, լավ, գուցե վա՞ղը:

Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագրում: Դերերում` Մադս Վիտերմանս, Էվա Փուշենդորֆ:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել... թմրամո՛լ»... Յոսի իրերից թռցրել են թմրանյութը, իսկ նա որոշել է փոխվել: Ֆիլմը սկսվում է կարճ, հպանցիկ ինտրիգով ու շարունակվում ոչ մի տեղ չտանող միապաղաղ, չընդհատվող վազքով: Վազք, որ հեռացնում է աղքատության կացարանից, հերոինից, անփողությունից, մթերային խանութից, սեփական տեսակի հետ հաշտ` թափառական ընկերներից: Եթե հերոսի տևական, անկյանք, անվերջ ձգվող պայքարից չհոգնես, կհասնես նրա հետ մինչև փրկության դուռը, ուր սերն է: Դուռ, որ չգիտես քանի-քանի անգամ է բացվել ու փակվել: Այստեղ էլ կյանք չկա: Հերոին է: Հուսահատ փրկություն: Սիրո տեսարանները, ընթրիքը, ամեն ինչ ներծծված են հերոինով: Միջանցքում պտտվող լվացքի մեքենան տարուբերում է Յոսի շորերը: Նրա դղրդոցն ու միայնակ տեսքը ֆիլմից դուրս մնացած դրվագ են հիշեցնում, որի այն կողմում վերջացող կյանքն է, կամ` վերջացած: Յոսն էլի հայտնվում է այն կողմում:
Յոսը վազում է աղքատության կացարանի կողքով, թափառաշրջիկ ընկերների, հերոինի, կյանքի: Ֆիլմի վերջում բացվում է նիդերլանդական առավոտը` առանց Յոսի:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել... թմրամոլ»։
«Հերոինը» Ռենե Հաուվենի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Հաուվենը 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում` որպես երաժիշտ, ձայնագրության պրոդյուսեր, եղել է Գրոնինգենի Mastersound Studios-ի տերը: 2007-ին լիովին հեռացել է երաժշտության ոլորտից, իսկ մեկ տարի անց սկիզբ է առել նրա համագործակցությունը երիտասարդ կինեմատոգրաֆիստ Թեյս Գլոգերի հետ: Միասին հիմնել են Schaftkip Films ընկերությունը` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելու համար:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես նախորդ տարիներին, ընդգրկում է 12 ֆիլմ («11 հանդիպում հորս հետ», «Երկար, երջանիկ կյանք», «Հինգերորդ եղանակ», «Ձայն լռության» և այլն):
Խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամներն են Թինա Լոքը, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը: Ժյուրին գլխավորելու է համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը` հունգարացի Իշտվան Սաբոն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմից կադր
Դիտվել է՝ 1700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ