Երևանի քաղաքապետարանի հերթական գյուտը տրանսպորտային կանգառներում հայտնված ահռելի չափերի նարինջներն են: Սրանց մեջ օրերս բանվորներն ինտենսիվ ծաղիկներ էին տնկում, կարծես մի բանից ուշացած լինեին: Ենթադրում եմ, որ քաղաքապետարանը նոր ուսումնական տարին որոշել էր յուրօրինակ նարինջներով դիմավորել, ոգևորել երեխաներին, թե չէ դպրոցում արդեն ոգևորիչ բան չի մնացել: Այս ծաղկաման-նարինջների համար կողքի լուսատուից հոսանքալար է քաշված երեկոյան ծաղիկները տեսանելի դարձնելու համար: Նարնջակաղապարը, ծաղիկները, հոսանքալարը, ծախսվող էներգիան ու աշխատողներին վճարված գումարը: Մի քիչ շատ չէ՞ մի երկրի մայրաքաղաքի համար, որտեղ դեռ անցած ձմեռվանից քայքայված ասֆալտը չի վերականգնվել, իսկ գալիք ձմեռը էս է` երկու-երեք ամսից դռներիս չոքելու է: Անհասկանալի է նաև նպատակը: Եթե խնդիրը քաղաքը ծաղկառատ դարձնելն է, քանի որ գրեթե բոլոր պուրակներն ու կանաչածածկ տարածքնեըը անցել են բետոնի տակ, դրա համար վաղուց այլ երկրներում մարդիկ ամենաէժան ու գեղեցիկ ձևն են մտածել` ծաղկամանները կախելով լուսատու սյուներից: Պարզ է, որ յուրօրինակ նարնջապաշտությունը երևանցիների վրա նույնքան թանկ է նստելու, որքան ամիսներ առաջ քաղաքում հայտնված գիպսե արձանները, որոնցից մի քանիսի հետքն անգամ այսօր չկա: Փող ծախսեցին, բերին, դրին, մի քանի անգամ էլ, ձեռքուոտք կպցրին ու հավաքեցին: Արդյունքում մնացին դուրս գրված գումարները, որոնք հարմար «տեղավորվեցին» մի քանիսի գրպաններում: Չգիտեմ էս նարինջները քանի երևանցու աչք են շոյելու, բայց որ ձմռանը սառցակալած մայթերով դեգերող շատերի «աչքն են մտնելու», հաստատ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ