«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ոտքներս գազին, Թասի «պավառոտներով» դեպի…

Ոտքներս գազին, Թասի «պավառոտներով» դեպի…
06.09.2013 | 12:44

Հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին ընդառաջ շաբաթվա սկզբից դադար վերցրին եվրոպական ֆուտբոլի մեծ թվով ազգային առաջնություններ` մրցակցելու պատիվը վերապահելով ընտրանիներին: Պնդելով, թե որակյալ ֆուտբոլի առումով մարզասերը սրանից առանձնապես շահելու է, մեղանչած կլինենք առնվազն գոնե այդ նույն եվրոպական ակումբային ֆուտբոլի առաջ, քանզի նրա ներկայացուցիչներից շատերի մրցակցությունը, որ ճիշտը խոսենք, աշխարհամասի առաջնության եզրափակչի խաղ էլ է, աշխարհի էլ:

Եվ, այսուհանդերձ, ազգայինների մակարդակով հանդիպումներն էլ մի ուրիշ հմայք ունեն, իսկ մեր պարագայում` առավել ևս: Մեր պարագայում առավել, քան առավել ևս: Չասեմ ինչու, քանզի ինձնից լավ գիտեք ինչու, թեպետ, մեր մեջ ասած, մեր ազգայինին էլ, կարծես թե, լրջորեն համակել է երկրի ներքին առաջնությունը կազմածների անհամուհոտությունը: Սակայն, հակառակ սրան, փաստը մնում է փաստ, որ B խումբը ներկայացնող Հայաստանի ընտրանին որքան էլ «բլղրդի», որքան էլ ազգի շաքարը բարձրացնի կամ ճնշումը «մետկա» կանգնեցնի, միևնույն է, կամովին կախաղան գնացողի արբեցմամբ գնալու ենք մարզադաշտ կամ նստելու ենք հեռուստացույցի առաջ` թաքուն հույսով ակնկալելով, որ էն անտեր 0:3-ի դիմաց չեխերին Աստծո էս ազիզ ուրբաթ օրով նվազագույնը փրթել-թափելու ենք (կարծում եք` Չեխը հենց այնպե՞ս է կարևորել հայերիս հետ այսօրվա խաղը. վախը գիտե՞ք ինչ բան է), որից հետո կանցնենք մնացածներին ու էսպես կգանք-կհասնենք Իտալիայի ընտրանուն, որի հետ ինչպես վարվելը կթողնենք… հանգամանքներին (ակա՜նջդ կանչի, Փարսադանի որդի Մուրադ): Մի խոսքով, որ կարճ կապելու լինեմ, ոտքներս գազին, մինչև վարդապետի վերջին խազը հուպ տված, «Վույ ամանը» քոքած «դրբում» ենք ֆինալ (գլխիս Ռաֆայել Իշխանյան չխաղաք. համազգային սույն ոգևորության մեջ եզրափակիչը ֆինալին ոչ հոմանիշ է, ոչ էլ համարժեք կիրառելի բառ, քանզի… պաթոսի հետ կորցնում ենք վերցրած թափը):
Ի՞նչ, ասում եք` ազգային ռոմանտիզմի ոլորտից է՞ ասածս:
Տնաշեննե՜ր, վա՞խտ գտաք ընդդիմանալու: Մեզ համար «տրաս» ելած, խրած գնում էինք: Էդ անտեր կասկածի որոմն ինչո՞ւ գցեցիք մեջս: Դուք հո Վարդան Մինասյանը չե՞ք, որ չեք հավատում… «պարզագույն» ճշմարտություններին: Տո, հլա պարզագույն ճշմարտություններն էլ թողնենք մի կողմ: Ձեր արածն արա՞ծ էր, արդեն ես էլ քարկապ ընկա ու մոռացա կոնկրետ ինչին պիտի հավատայինք:
Լավ: Չեք ուզում, մի ուզեք: Ձեր մուրը` ձեր գլուխը: Որ էդպես է, ես էլ կսկսեմ խոսել… ֆուտբոլից ու, որպես սկիզբ, ասեմ, որ օրն իսկապես թեժ է լինելու: Հեռակա հարցեր ունեն պարզելու նախ Ֆինլանդիային հյուր գնացած Իսպանիան ու մեր վերևները` Վրաստանի կողմերն եկած Ֆրանսիան: Այստեղ օրակարգային է մնում խմբում ով` առաջին, ով` երկրորդ տեղով ընթանալու հարցը: I խմբի մնացած հավաքականներին չանդրադառնանք, որովհետև որքան էլ հարգանքով մոտենանք մնացած հավաքականներին, չեմ կարծում, որ դիտորդից ավելի հավակնություններ ունեն:
H խմբում եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը չկորցրած Լեհաստանը կփորձի կռիվ տալ առաջատարի` Չերնոգորիայի ընտրանու հետ: Վերջիններիս պարտությունը ուկրաինացիներին (մրցակիցը Սան Մարինոյի թույլ հավաքականն է) հնարավորություն կտա միավորներով հավասարվելու իրեն ու խմբում պահպանելու լարված իրավիճակը: Չմոռանանք, որ այստեղ Անգլիայի ընտրանին էլ դեռ կա, որը տասներկու միավորով ներկա դրությամբ աղյուսակի երկրորդ հորիզոնականում է:
D խմբում հոլանդացիները տասնութ միավորով արդեն իսկ աչքից էլ են պրծել, աչքացավից էլ, իսկ օրվա հանդիպումն էստոնացիների հետ թեթև վոյաժի պես մի բան է լինելու: Սրա հենքի վրա միանգամայն այլ է Հունգարիա-Ռումինիա, Թուրքիա-Անդորրա դիմակայությունների հարցը, սակայն եկեք մանրամասների մեջ չխրվենք, քանզի այստեղ կողմերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:
G խմբում Բոսնիա և Հերցեգովինա-Սլովակիա մրցակցությունում հաղթանակն առաջինին լավ հնարավորություն կտա ավելի հուսավառ նայելու ապագային` միաժամանակ պահպանելով առաջատարի դիրքերը:
F խմբում Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպող պորտուգալացիներին հաղթանակն օդ ու ջրի պես անհրաժեշտ է նախորդ հանդիպումներում թույլ տված «շռայլումների» դեմն առնելու և պակաս ցնցումների մեջ լինելու համար, որովհետև նրանցից ընդամենը մեկ միավոր պակաս ունեցող, բայց մեկ էլ պակաս խաղ ունեցող ռուսները Լյուքսեմբուրգի ընտրանու հետ խաղում ամեն ինչ կանեն երեք միավոր ձեռք գցելու և Բրազիլիա տանող ուղեգիրը ձեռքից բաց չթողնելու համար:
Ընդհանուր առումով սրանք էին ինտրիգ պարունակող օրվա գլխավոր հանդիպումները: Սակայն, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստան ասելով ամեն ինչ մոռանում ենք, փաստենք` B խմբում պակաս կարևորություն չի ներկայացնում առաջին երկու տեղերը զբաղեցնող Իտալիայի ու Բուլղարիայի առճակատումը, որտեղ վերջինիս պարտությունը բավականին հետաքրքիր զարգացումներ կարող է ապահովել խմբում: Դե, մեր մասին էլ չասեմ: Գիտեք: Վերևում արդեն պայմանավորվել ենք` ոտքներս գազին, մինչև վարդապետի վերջին խազը խրած, «Վույ ամանը» քոքած… Բայց, ոնց որ թե, արդեն կրկնվում ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ