Ռուսաստանի վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 2-ին 10 տարեկան հայ երեխա է սպանվել: 17 տարեկան Անդրեյ Մալիշկոն բռնաբարել, ապա գլխին հարվածներ հասցնելով սպանել է դպրոցական Ռոման Հովհաննիսյանին: Փորձագետների եզրակացությամբ երեխային ամենաքիչը 9 հարված է հասցվել: Մալիշկոն խոստովանել է մեղքը: Այս մասին տեղեկացնելով ռուսական որոշ կայքեր պարզապես չեն նշում զոհի անունը, պարզ է, այն կարող է «մատնել» երեխայի ազգությունը:
Ռուսաստանում սա առաջին դեպքը չէ, երբ հայ է սպանվում: Իհարկե, այս երկրում ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են սպանվում , հենց միայն ոչ սլավոնացի լինելու պատճառով: Եվ առաջին դեպքը չէ, երբ միտված վերաբերմունք է ցուցաբերվում այլ, կամ տվյալ դեպում հայ ազգի ներկայացուցչի նկատմամբ: Հրաչյա Հարությունյանի դեպքը դեռ թարմ է: Սակայն մեկ այլ դեպք էլ կարող եմ նշել, որին հայկական լրատվամիջոցները չանդրադարձան: Մոտ հինգ ամիս առաջ Իրկուտսկ քաղաքում 20 տարեկան երիտասարդը հարսանիքից դուրս էր եկել և կռվի բռնվել իր բարեկամների հետ: Նա թեթև հարբածություն էր ունեցել, նրա հայրը մեկ ամիս առաջ էր մահացել քաղցկեղից: Նրան ինչ-որ բան էին ասել, որը վիրավորել էր տղային ու վերջինս զայրացած նստել էր մեքենան արագ ընթացքով փորձելով դուրս գալ այդ վայրից: Արդյունքում մեքենայով հարվածել էր երկուսին, որոնցից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Երիտասարդը հիմա անազատության մեջ է, ընթանում է քննություն: Ռուսական կայքերը այս պարագայում մի առանձին հաճույքով նշել էին տղայի անունը` Ավետիք Հարությունյան ու թե իբր նրա հայրը և մայրը գտնվում են Հայաստանում, իսկ ինքը Իրկուտսկում նման խուլիգանություն է արել: Ռուսական կայքերից ոչ մեկը չէր նշել, որ տղայի մայրը ռուս է և Իրկուտսկի բնակիչ, այս փաստը պարզապես շրջանցվել էր: Պարզ է, ձեռնտու չէր: Ավելի լավ էր ընդգծել, որ տղան հայ է ու տեսեք թե ինչեր է արել մեր ռուսների հետ:
Սերժ Սարգսյանը Մոսկվայում օրերս հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Մի կողմ թողնենք փաստը, որ Հայաստանի հասարակության կարծիքը ոչ-ոք չհարցրեց և հարցը առանձնապես հասարակական հնչեղություն չստացավ. իշխանությունը այդ թեմայով հասարակական քննարկումներ չէր կազմակերպել: Ինչ էլ որ գրվեց ու ով էլ որ անդրադարձավ, լրագրողների հետաքրքրասիրության արդյունքում եղավ: Հիմա` ի՞նչ է տալու մեզ Մաքսային միությունը: Վերանալու՞ է ռուսաստանյան հայահալած քաղաքականությունը թե պաշտոնական մակարդակով, թե հասարակական: Ռուս ազգայնամոլների «զաչիստկաներում» հայերը ընդգրկվելու՞ են, թե չէ: Ռուսները դադարելու՞ են ասել, որ հայերը «չորնաժոպի» են: Ո՞վ է տալու այն երաշխիքը, որը հայի համար Ռուսաստանը անվտանգ է դարձնելու: Տասը տարեկան երեխայի բռնաբարության և ապա սպանության փաստը մասնավոր դեպք չէ: Սա ՌԴ իշխանությունների ազգայնամոլական քաղաքականություն հետևանքն է: Բազմաթիվ հայեր հիմա էլ հեռանում են Հայաստանից ու նրանցից շատերը Ռուսաստան են մեկնում, քանի որ այնտեղ գնալու համար մուտքի արտոնագրի կարիքը չկա: Այդ հայերի մեծ մասը արդեն աշխատանքային պայմանագիր կնքած է գնում Ռուսաստան, իսկ սա նշանակում է, որ իրավական տեսանկյունից նրանց շահերը պետք է պաշտպանված լինեն այս երկրում: Իսկ ի՞նչ է ասել Ռուսաստանը: Նա տվե՞լ է հայերի պաշտպանվածության երաշխիքը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ