Հանրային խորհուրդը այս մասին որոշում է ընդունել: Կառույցի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե ՀԽ-ը չի ստացել օդանավակայանի «կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ», ինչպես նաև չեն ներկայացվել այլընտրանքային ծրագրեր` այդ հաշվարկները համեմատելու համար: Ասվել է, որ կառույցը «հանդիսանում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշ և հանրության մի զգալի հատվածը դեմ է դրա քանդմանը»: Հաղորդագրության մեջ նշվում է, թե ՀԽ-ը կարևորում է շենքը պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ներառելու հարցի քննարկումը, սակայն եթե նույնիսկ շենքը «չներառվի պետական ցուցակում, ապա, միևնույնն է, այն ժողովրդի կողմից ընկալվում է որպես հուշարձան և հանրությունը դեմ է դրա քանդմանը, ուստի կառույցին կարելի է ձեռք տալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: Վազգեն Մանուկյանը ընդգծել է. թե շենքի քանդման խիստ անհրաժշտությունը պետք է ներկայացվի գրավոր հիմնավորված հաշվարկների միջոցով: ՀԽ-ում քննարկումները տեղի են ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդենի և այլ աշխատակիցների մասնակցությամբ: Որոշման նախագիծն ընդունվել է 20 կողմ և 2 դեմ ձայներով:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ