«Այն պետություններն են հզորանում և առաջադիմում, որոնք իրենց ժողովուրդների համար առաջ են քաշում բարձր իդեալներ»:
Շանթ Հարությունյան
Իր` «Ազգային իդեալ որոնելիս…» հոդվածում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը գրում է, որ մարդը կենդանուց տարբերվում է առաջին հերթին իր մտածական ունակությամբ` իր իդեալով: Նա ասում է, որ մարդը նյութական բարիքների սպառող չէ, այլ, նախևառաջ, առաքելություն ունեցող էակ, որի իրագործման համար նա պայքարում է իր ողջ կյանքում ու եթե ինքն իրեն իրացնելու տարածք չի գտնում, փորձում է այլ տարածքներ, միջավայրեր փնտրել: Շանթ Հարությունյանի գնահատմամբ, հենց իրացվելու անհնարինությունն է հայ մարդուն դրդում դիմել արտագաղթի: Այնուհետև հեղինակը խնդիրը ընդհանրացնում է մի ողջ ազգի համար և գրում. «Հայության համար հավաքական իդեալ պետք է ձևավորեն իշխանությունները, որոնք ոչ միայն չեն կատարում իրենց պարտքը, այլև խոչընդոտում են իդեալ ձևավորելու ցանկացած փորձ: Նրանք շատ լավ հասկանում են, որ հավաքական իդեալ ունեցող ժողովուրդը շատ արագ իշխանությունից կքշի-կհեռացնի ցանկացած քաղաքական ուժի, որը չի համապատասխանի իր իդեալներին»: Շանթ Հարությունյանի գործունեությունից ելնելով կարելի է ասել, որ նա իդեալ կրող անհատ է, մարդ, ով արդեն տարիներ շարունակ գնում է իր իդեալները կյանքի կոչելու սևեռուն, այո` հենց սևեռուն, մտքի հետևից: Շանթի սևեռուն միտքը իր ազգին դեպի լույսը ուղեկցելու ճանապարհն է` «ազատության իդեալին» հանգեցնող ուղին: «Հայությունը նախ պետք է վերագտնի իր հավատն ազատության իդեալի հանդեպ: Մարդու, ժողովրդի ազատությունը նրա համար կրկին պետք է դառնան բարձրագույն արժեք»,-գրում է Շանթ Հարությունյանը և հավելում, որ ժամանակակից հայ էլիտան «պետք է առաջ քաշի այնպիսի նախագիծ` խարսխված ազատության իդեալի վրա», որով հայ ժողովուրդը կկարողանա իրագործել «հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած իր պատմական առաքելությունը»` դրա իրագործմանը մասնակից դարձնելով նաև այդ ժողովուրդներին: Շանթ Հարությունյանի համար իդեալը «ոչ միայն հույս ու հավատ է, այլև կյանքը գեղեցկացնելու, երջանկացնելու, մի խոսքով` իմաստավորելու միակ միջոց»: Նա, հեռու լինելով հայ ժողովրդին գերագնահատելու ազգապաշտական ջանքերից, այնուամենայնիվ, ամրագրում է պատմական նախադեպերով պատճառաբանվող տխուր հեռանկար. «Հայությունը եթե իր մեջ ուժ չգտնի իրագործելու տարածաշրջանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ապա իշխող քաղաքակրթությունը նրան կհեռացնի պատմության ասպարեզից, քանի որ սեփական առաքելությունը չգիտակցող ժողովուրդները դատապարտվում են մահվան»: Իր այս միտքը Շանթ Հարությունյանը շարունակում և ամփոփում է մեկ այլ` «Ազգային նախագիծը և Ղարաբաղի հարցը» հոդվածում: Ազատության իդեալի ձևավորման պարտականությունը դնելով ազգային էլիտայի վրա, նա նկատում է, որ հայ ազգային էլիտայի փոփոխությամբ է միայն հնարավոր ազգային արժեքների փոփոխություն, քանի որ այսօրվա էլիտան կոմունիստական հասարակարգի արժեհամակարգի կրողն է: «Հայաստանում քանի դեռ տեղի չի ունեցել ազգային էլիտայի փոփոխություն, քանի դեռ հայության ճակատագիրը տնօրինում է կոմունիստական արժեքներով ձևավորված ու այդ արժեքներին դավաճանած, բայց ոչ մի մի իդեալ չկրող հասարակական շերտը, հայությունն ազգային առաջադիմական որևէ նախագիծ չի կարող ունենալ: Իսկ ազգային նախագիծ չունեցող ժողովուրդը ոչ միայն անկարող է երբևէ Ղարաբաղի հարց լուծել, այլև ապահովել իր արժանապատիվ տեղը կովկասյան տարածաշրջանի եռացող կաթսայում»: Այսօր ազատազրկման վայրում գտնվող Շանթ Հարությունյանը ազատության ոգու մի վառ օրինակ է, ով հայաստանյան հանրության համար կարող է ապագայի լույսը ձևավորող փարոսը դառնալ, իսկ նման գաղափարակիր մարդու ազատազրկումը միմիայն կարող է նպաստել նրա գաղափարների հետևորդների աճին: Շանթի նման մտածող անհատներին անհնար է գաղափարապես թալանել, նրանց իդեալները իմունիտետ ունեն, բայց և վարակիչ են:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ