ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մեռելոցի փոխարեն Սեր տվեք մարդուն

Մեռելոցի փոխարեն Սեր տվեք մարդուն
21.11.2013 | 17:46

Եկող տարի մեռելոցի վեց օր կա: Ոչ աշխատանքային օրեր: Ոչ մի անգամ մեռելոցին գերեզմանատուն չեմ գնացել, միշտ գնացել եմ այն ժամանակ, երբ հոգիս է դա ցանկացել: Կարծում եմ ինձ նման մարդիկ շատ են ու այս` կառավարական որոշմամբ ոչ աշխատանքային օրերը ոչ միայն անհասկանալի են ինձ նման մարդկանց համար, այլև խիստ անհարմար են ընդհանրապես հանրության կյանքը կազմակերպելու տեսանկյունից: Մեռելոցի օրերը երկուշաբթի են ընկնում ու հաջորդ` երեքշաբթի օրերին բանկերում, սպասարկման այլ վայրերում անտանելի է դառնում որևէ հարց լուծելը հերթերի պատճառով: Ողջ տարվա մեջ վեց օրը մի բան չի, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից լավ էլ ճնշող է, երբ, օրինակ, երեխան դպրոց չի հաճախում, քանի որ այդ օրը ոչ թե տոն է, այլ մեռելոց: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ կապ ունի մեռելոցը կրթական համակարգի աշխատանքի հետ, ի՞նչ կապ ունի այն առողջապահության կամ այլ ոլորտների հետ: Մի քանի անգամ տարվա մեջ անհրաժեշտություն եմ ունեցել շտապ պոլիկլինիկա գնալու ու դա համընկել է մեռելոցի օրերի հետ: Ցանկացած մարդ, ի վերջո, մեռելոցի օրվա հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում ու սա կառավարության ոչ մի որոշմամբ հնարավոր չէ կանոնակարգել, ինչպես անհնար է պարտադրել, որ, ասենք, Մարտի 8-ին տղամարդը կնոջը վարդ նվիրի կամ մի տուփ կոնֆետ: Արդեն մի քանի տարի Հայաստանում մեռելոցները պաշտոնապես ոչ աշխատանքային են ճանաչվում, բայց չեմ կարծում, թե հասարակության հոգևոր գիտակցությունը դրանից բարձրացել է: Մյուս կողմից` հայերը ուրախ ժողովուրդ չեն, մեր պատմության մեջ առանց այդ էլ վատ օրերի հիշողությունը շատ է, իսկ տոն օրերինը` քիչ: Ի վերջո, մարդը իր հանգուցյալ հարազատին նրա գերեզմանին այցելելով չի հիշում և կարևորը մարդու մեռնելուց հետո նրան ծաղիկներ տանելը չէ, այլ կենդանության օրոք նրան սիրելը: Ըստ իս, ահա թե ինչ պիտի քարոզի մեր եկեղեցին` Սեր, ու ինչը պիտի տոն սարքի կառավարությունը` Սերը: Սերը սեփական ժողովրդի հանդեպ, որը կարող է արտահայտվել առաջին հերթին և ընդհանրապես հասարակության ազատ խոսքի իրավունքը հարգելով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ