Չորս տարին մեկ Հայաստանի գրողների միության անվրդով կյանքն ալեկոծող համագումարը մնաց հետևում, Լևոն Անանյանի մահվանից հետո ԳՄ նախագահ ընտրվեց բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Թվում էր, թե ԳՄ-ում աշխուժություն կսկսվի մեկ էլ հաջորդ համագումարին ընդառաջ: Բայց պարզվում է՝ ոչ: Գրական բանավեճերը, քննարկումները մոռացած կամ դրանք մեկընդմեջ կազմակերպող մեր գրողներն ու գրականագետները, պարզվում է, որ վրդովված են, թե ինչու պետք է այս տարի պետական մրցանակի և ըստ այդմ՝ հինգ մլն դրամ պարգևի արժանանա ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գիրքը: Երկու հոգի, որոնք նաև ՀՀ պետական հանձնաժողովի անդամ են՝ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը, որոշել են դուրս գալ Գրողների միությունից: Արձակագիր Գուրգեն Խանջյանն էլ, որը նախկինում ստացել է պետական մրցանակ, որոշել է սառեցնել անդամակցությունը ԳՄ-ին: Բողոքողները դժգոհ են Գրողների միությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից: Թե ինչու են հիմա հայտնաբերել, պետական մրցանակակրի անունը լսելուց հետո իրենց մտահոգությունը բարձրաձայնում այդ առթիվ՝ իրենց խնդիրն է: Ցավն այն է, որ, եթե, օրինակ, Հրանտ Մաթևոսյանի նախագահության շրջանում ամեն հինգշաբթի կազմակերպվում էին գրական քննարկումներ, ԳՄ կլոր սրահում մեր գրողները հնարավորություն էին ունենում իրենց կարծիքներն ազատ արտահայտելու, նոր լույս տեսած գրքերը քննարկելու, ապա հիմա գրքերի մասին կարծիք լսում ես միայն այն ժամանակ, երբ նրանք ներկայացվում են մրցանակի: Ու սկսվում է...հրմշտոցը. բա ինչո՞ւ այսինչը և ոչ թե ես: Թե ինչ ճակատագիր են ունենում պետական մրցանակի արժանացած գրքերը, քանի ընթերցող, պետական մրցանակ ստացած մեր գրողներին դա որքանով է օգնում, որ իրենց գրքերը վաճառվեն՝ այդ մասին մեր գրականագիտությունն ու վիճակագրությունը լռում են: Եվ քանի որ խորհրդային տարիների իներցիայով գրականագիտությունը շարունակում է կա՛մ լռել, կա՛մ էլ դրվատել ժամանակակից գրողներին՝ ելնելով ընկեր-բարեկամ սկզբունքներից, ԳՄ-ում խմորումներն էլ շարունակվելու են համագումարից համագումար, մրցանակից մրցանակ՝ այդպես էլ ոչինչ չփոխելով մեր գրական կյանքում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ