ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

2013-ի տասը ամենաթանկ տրանսֆերները

2013-ի տասը ամենաթանկ տրանսֆերները
20.12.2013 | 11:39

Բրիտանական Goal.com-ը անդրադարձել է ընթացիկ տարում իրականացված ֆուտբոլային ամենաթանկ տասը տրանսֆերներին: Ներկայացնենք դրանք:
Այսպես, տասներորդ հորիզոնականում է «Պորտուից» «Մոնակո» տեղափոխված Խամես Ռոդրիգեսը: Ֆուտբոլիստի բուն տրանսֆերային արժեքը 45 միլիոն եվրո է, սակայն, հարակից բոլոր ծախսերը հաշված, գումարն այդ կազմում է 83 միլիոն 700 հազար եվրո (այսուհետ այդ գումարը կնշենք փակագծերում):
Գոնսալես Իգուաինի համար իտալական «Նապոլին» Մադրիդի «Ռեալին» վճարել է 37 միլիոն եվրո, սակայն հարակից ծախսերի հետ այս առքուվաճառքի դրամական ընդհանուր արտահայտությունը 88 միլիոն 300 հազար է:
ՈՒթերորդ հորիզոնականում է «Ռոմայից» «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխված Մարկինյոսը` 31 միլիոն 400 հազար եվրոյով (94 միլիոն 500 հազար):
«Մանչեստր Յունայթեդին» 32 միլիոն 400 հազար (96 միլիոն 987 հազար 250) է արժեցել մինչ այդ «Էվերտոնում» իրեն դրսևորած Մարիան Ֆելայինին:
Դորտմունդի «Բորուսիայի» քթի տակից տարած Մարիո Գյոտցեի համար Մյունխենի «Բավարիան» վճարել է 37 միլիոն եվրո (114 միլիոն 200 հազար):
Աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է Մեսութ Օզիլը: «Արսենալը» նրան ձեռք բերելու համար քսակը թեթևացրեց 50 միլիոնով (117 միլիոն 607 հազար 200): Բնականաբար, այդքան գումար ստացավ ֆուտբոլիստի նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը»:
Բրազիլական ֆուտբոլի ամենավառ աստղի` Նեյմարի դիմաց «Բարսելոնը» «Սանթոսին» հարստացրեց 17 միլիոն եվրոյով (123 միլիոն 993 հազար 500):
«Պարի Սեն-Ժերմենը» մի կոպեկի պես հաշվեց ու «Նապոլիին» տվեց 64 միլիոն 500 հազար եվրո (148 միլիոն 500 հազար): Կողմերն այսքան գնահատեցին ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:
Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացնող կոլումբիացի Ռադամել Ֆալկաոյին «Մոնակոն» ձեռք բերեց 60 միլիոնով (150 միլիոն 300 հազար):
Եվ վերջապես, 100-միլիոնանոց (198 միլիոն 810 հազար) տղան` Գարեթ Բեյլը: Նրա դիմաց «Տոտենհեմին» այդքան վճարեց Մադրիդի «Ռեալը»:
Եթե նկատում ենք, տրանսֆերային ամենաակտիվ քաղաքականություն վարածները ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենն» ու «Մոնակոն» են` իրենց ձեռք բերած երկուական ֆուտբոլիստներով: Նկատի ունենք ծախսային մասով, թեպետ Մադրիդի «Ռեալի» վճարած գումարն էլ պակաս տպավորիչ չէ: Այնպես որ, շեյխերը շեյխ են մնում, արքան էլ` արքա: Այլ բան, թե ում ծախսածն ինչքանով է արդարացնում իրեն, սակայն այս մասին մի ուրիշ անգամ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ