Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Իջևանի խոզի բուդը հազար կոկորդիլոս արժե»

«Իջևանի խոզի բուդը հազար կոկորդիլոս արժե»
29.12.2013 | 16:58

Երևան-Իջևան-Երևան երկօրյա ճանապարհիս կոկորդիլոսի թեման էր քննարկվում: Ոմանք զարմացած էին ու քոլեցու միամտությամբ հարցնում էին`«Իսկական կոկորդիլո՞ս ա», կատակասերները հումոր էին անում` «Դե որ կոկորդիլոս ունեք, էլ արևն ի՞նչ եք անում», իսկ շատերը պարզապես ձեռք էին առնում իրենց խոսքով`«բիրդան աղաներին», որ արդեն «խոզի բդին լայեղ չեն անըմ, կոկորդիլոսով են իրար զարմացնըմ»:

Իջևանի ջերմ արևի տակ մարդիկ աշխույժ առևտուր էին անում: Տաքսու վարորդին հարցրեցի` ասում են, գործ չկա, փող չկա, որտեղից են ծախում: «Ի՜, այ քիրա ջան, ով Ռուսաստան մարդ-մուրդ ունի, փող են ղրգել, սրանք էլ ծախսում են, ով էլ չունի` ի՞նչ անի, մի կիլո միս, մի կիլո մանդարին, մի-երկու լիմոնադ, էդ ա տրանց Նոր տարին»,-ասաց:

Իջևանը գրեթե նույն վիճակում է, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Այս մեկը, որ ԲՀԿ-ից է, ժամանակին սարեր էր խոստանում իջևանցիներին: Հիմա խոստումների մեկ տոկոսն էլ չի կատարել, իսկ նախատոնական այս օրերին դեռ գլխավոր տոնածառն էլ չկա: Ղարագյոզյան փողոցում գտնվող իմ հայրական տուն տանող ճանապարհը նույն քանդված վիճակում է`ինչպես արդեն տարիներ շարունակ: Նույնպիսի բազմաթիվ փողոցներ կան քաղաքում: Մարդիկ արդեն չեն էլ նկատում, մի տեսակ սովորել են այդ մղձավանջին: Տաքսու վարարոդն ասաց` «Խի՞ սարքի: Էն ա` եկավ նստեց, պրծավ էլի»:

Այսօր արդեն Իջևանի արևը մտովի ափերիս մեջ առած Երևանի ճամփան բռնեցի: Գազելի մեջ նույն կոկորդիլոսի թեման էր: Վարորդը խոզի բուդ էր բերում Երևան: Ինչպես ինքն ընդգծեց` «Իջևանի խոզի բուդ»: Ասաց, որ շատ համով է, կինն ասել է, առանց դրա տուն չգաս: Ու դեռ հումոր էր անում`«Հիմա ես էդ կնոջն ի՞նչ անեմ, հը՞: Ուրեմն ես` հեչ, բուդը` մե՞ջ»: Հարցրեցի` իսկապե՞ս Իջևանի խոզի միսն ավելի համեղ է, քան Երևանում վաճառվողը: «Իջևանի խոզի բուդը հազար կոկորդիլոս արժե», -ասաց վարորդը` այնպիսի տոնով, կարծես օրումեջ կոկորդիլոս է ուտում:

Իսկ եթե ավելի լուրջ ու իջևանյան բարբառի համուհոտից հեռու, բավական է մի անգամ որևէ շրջան մեկնել երթուղային ավտոբուսով` հասկանալու համար, թե որքան տխուր է մեր ժողովուրդը ու որքան դժվար է ապրում: Այսօր հետդարձի ճանապարհիս մտածում էի, որ գուցե թե տարվա մեջ միայն ամանորյա այս մեկ-երկու օրն է ժողովուրդը մի քիչ լիցքաթափվում, որն իհարկե, բավականին թանկ է նստում շատերի վրա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ